«Իրավունքի եւ բարոյականության տեսանկյունից ցանկացած բռնություն դատապարտելի է, բայց խորհրդարանը պետք է շահագրգիռ լինի, որպեսզի մեր բարի ցանկությունը հաջողությամբ պսակվի: Օրինագծի նպատակը ողջունելի է, բայց իրավական որոշակիության տեսանկյունից մտորումների առիթ կա»,-ԱԺ այսօրվա նիստում անդրադառնալով բռնության հրապարակային կոչը եւ բռնության կոչի արդարացումը քրեականացնող օրինագծին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ օրինագիծը քննարկվում էր երկրորդ ընթերցմամբ:
«Ի՞նչ է նշանակում «հրապարակային»: Բնականաբար, կոչը լինում է հրապարակային: Եթե ես մեր տան մի սենյակում մեկուսացած՝ սրան-նրան հայհոյում եմ, դա բռնության կոչ չէ, բա հրապարակայինը ո՞րն է»,-հարցադրումներ արեց պատգամավորը:
Նա չհամաձայնեց կառավարության, մասնավորապես՝ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանի այն տեսակետին, որ բռնության կոչն արդարացնելը վտանգավորության տեսանկյունից նույնն է, ինչ բուն բռնության կոչը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն առաջարկել էր բացառել բռնության կոչի արդարացումը քրեականացնելու դրույթը, սակայն արդարադատության նախարարությունը մերժել էր առաջարկը:
Գեւորգ Պետրոսյանը նշեց. «Ոչ, բացարձակապես նույնը չեն: Մենք չենք ասում, թե արդարացումը ճիշտ է, բայց հրապարակային արդարացումն ի՞նչ կերպ է դրսեւորվում: Եթե ինչ-որ մեկը սոցցանցում գրում է, որ այսինչին պետք է պատժել, ապտակել, իսկ ես «լայքում» եմ, սա բավարա՞ր է, որպեսզի ինձ քրեական պատասխանատվության ենթարկեն»: Պետրոսյանը նաեւ կոչ արեց չմոռանալ, որ մենք հայ ենք, արժանապատվություն եւ ազգային մտածելակերպ ունենք:
Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանն անդրադառնալով Գեւորգ Պետրոսյանի ելույթին՝ նախ նշեց. «Ձեր պնդումները չեմ ընկալում: Ձեր ասածից ստացվում է, որ դուք դեմ եք ցանկացած բռնության, բայց, միաժամանակ, օրինակները խոսում են այն մասին, որ անձի՝ սահմանադրությամբ պաշտպանված որոշակի սոցիալական երաշխիքների հանդեպ ոտնձգությունը պետք է թույլատրված լինի: Այսինքն, դեմ եք, բայց այս կամ այն բռնությանը կողմ եք, որովհետեւ դա բխում է մեր պատմությունից, որովհետեւ մենք հայ ենք, արժեքներ ունենք: Ոչ: Սահմանադրությունը խտրականության արգելք է սահմանում, եւ այդ երաշխիքների ու անձի դեմ ուղղված բռնության կոչերը պետք է քրեորեն պատժելի լինեն»:
Ինչ վերաբերում է Պետրոսյանի օրինակներին, Գալյանի խոսքով՝ եթե դրանց հատ-հատ անդրադառնան, մեղմ ասած հաստափոր քրեական օրենսգիրք կունենանք. «Դա հնարավոր չէ, եկեք խելագարության կանխավարկածով չառաջնորդվենք, մեր իրավապահները նման գործերը քննելիս կձեւավորեն ողջամիտ իրավակիրառ պրակտիկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ