ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Գեւորգ Պապոյանը գտնում է, որ գազի սակագինը բարձրացնելու հիմքեր չկան:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը օրերս անդրադառնալով Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու հնարավորությանը, այդ համատեքստում հիշեցրել էր, որ Հարավկովկասյան երկաթուղու չարաշահումների հետ կապված քրեական գործ կա: Նա ասել էր, որ ռուսական կողմն ակնկալում է, որ ռուսական համատեղ ձեռնարկությունների դատական այդ գործերը կարգավորվեն՝ առանց փորձելու մեջտեղ բերել ինչ-որ բաներ, որոնք հարիր չեն դաշնակիցների միջև հարաբերություններին:
Ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, որ կառավարությունը չի հանդուրժի, որ որևէ հանգամանքով պայմանավորված որևիցե ընկերություն գործի օրենքից դուրս:
Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ սա արդյոք նշանակում է, որ Ռուսաստանն առաջարկում է գազի սակագնի իջեցման դիմաց հերթական գործարքը՝ աչք փակել ռուսական ընկերությունների չարաշահումների վրա, իսկ մեր իշխանությունները պատասխանում են, որ այդ տարբերակն այլեւս չի գործելու՝ Գեւորգ Պապոյանը պատասխանեց, որ այն, ինչ ասել է Մհեր Գրիգորյանը, նույն կարծիքին է նաեւ ինքը: Նա ասաց, որ Լավրովի հայտարարությունը չի կարող մեկնաբանել. «Ես կարող եմ մեկնաբանել, թե մենք ինչ ենք մտածում պրոցեսի մասին եւ պարոն Գրիգորյանն արդեն ասել է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ընդհանրապես գազի սակագնի բարձրացման ռուսական կողմի առաջարկն ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակում, երբ համաշխարհային շուկայում նավթագազամթերքի գներն անկում են ապրել՝ նաեւ հաշվի առնելով, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք՝ Պապոյանը պատասխանեց. «Ըստ էության, այդ հարցը վարչապետը Բելառուսի նախագահի հետ քննարկել էր եւ նշել էին, որ այս պահին առավել նպատակահարմար, արդարացի եւ ճիշտ է, որպեսզի գներն իջնեն, որովհետեւ համաշխարհային շուկայում իջել են գները: Ես կարծում եմ, որ, այո, գները պետք է իջնեն, ոչ թե բարձրանան»:
Դիտարկմանը, որ Լավրովը հիշեցրել էր պայմանագիրը, որը մենք կնքել ենք ՌԴ-ի հետ՝ Պապոյանը արձագանքեց. «Դրանք բանակցությունների հարց են արդեն, առավել կոմպետենտ անձինք են, ըստ էության, վարչապետը եւ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»:
Հարցրեցինք՝ այսինքն, դա զուտ քաղաքական հարց է եւ տնտեսական գործոններն, ըստ էության, էական չեն՝ նա պատասխանեց. «Գազի գնի հարցը վաղուց արդեն միայն տնտեսական հարց չի եղել Հայաստանի համար»:
ՌԴ արտգործնախարարն ասել էր, որ Հայաստանին շուկայականից 2-3 անգամ ցածր գներով են գազը վաճառել, Պապոյանի խոսքով՝ դա շատ վաղուց է եղել, տասնյակ տարիներ առաջ՝ 15-17 տարի առաջ. «2-3 անգամ ցածր լինելու համար ես էլ եմ կասկածում, բայց որ շուկայականից ավելի ցածր եղել է, դա եղել է շատ վաղուց»:
Հարցին՝ ՀԾԿՀ-ն «Գազպրոմի»՝ գազի գնի բարձրացման հայտը պետք է մերժի՞՝ Պապոյանը պատասխանեց. «Պետք է առնվազն ուսումնասիրի, մերժելու դեպքում պետք է ունենա համապատասխան հիմնավորումներ եւ ընդունելու դեպքում պետք է առկա լինեն այնպիսի հիմնավորումներ, որ հնարավոր չէր լինի մերժել: Պետք է քննարկվի: Հայտը ծավալուն է, ես ամբողջությամբ չեմ ուսումնասիրել»:
Հարցին՝ ամեն դեպքում, այս պահին գազի սակագնի բարձրացման հիմքեր տեսնո՞ւմ եք՝ Գեւորգ Պապոյանը պատասխանեց. «Ես տեսնում եմ, որ համաշխարհային շուկայում գազի գինը իջնում է եւ ենթադրելի է, որ այդպիսի հիմքեր չկան: Դա արդեն ՀԾԿՀ քննարկման տիրույթում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ