Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց 2019-ին իր գործունեության մասին տարեկան հաղորդումը եւ մարդու իրավունքների խնդիրները:
Օմբուդսմենն ասաց, որ իրենց ուղղված դիմումների թիվը 3 անգամ ավելացել է ու դա պայմանավորեց 2018-ի ապրի-մայիս ամիսների իրադարձություններով՝ ասելով, որ մարդկանց ակնկալիքները պետությունից շատացել են, առաջ չէին դիմում,որովհետեւ հույս չունեին, որ կլուծվի խնդիրը:
Նա խոսեց քրեակատարողական հիմնարկներում խնդիրների, կալանավորների բժշկական գաղտնիքը չպահելու մասին. «Քրեակատարողական առանձին հիմնարկներում պետերը փորձ են անում ճնշել բուժանձնակազմին: Խնդիրներ կան, երբ մարդուն հետազոտում են անվտանգության աշխատողի ներկայությամբ, ՔԿՀ ծառայողը ամեն ինչ գիտի կալանավորի հիվանդության մասին: Խնդիրներ ունենք հոգեբուժարանների հետ կապված, պահման պայմանների: Այս հիմնարկներում աշխատողի աշխատավարձը պետք է լինի պատշաճ, որ կարողանանք մեծ պահանջներ ներկայացնել ու ակնկալել: ՔԿՀ-ի բժիշկների վերապատրաստման առումով շատ վատ վիճակ է, չենք կարողանում բժիշկներով համալրել: Հոգեբույժների մասով խնդիր կա, Սյունիքի մարզում կա երկու հոգեբույժ, եթե չեմ սխալվում, մեկը թոշակի տարիքի է: Դեպք ունենք, օրինակ, «Սեւան» ՔԿՀ-ում հոգեբույժ չկա ու հոգեբույժի խորհրդատվությունը հեռախոսով են տալիս»:
Արման Թաթոյանը խոսեց նաեւ կանանց եւ երեխաների իրավունքների խախտումների մասին, ասաց, որ հիմա ջանք են թափել կնոջ դերի հետ կապված կարծրատիպերը կոտրելու, բայց դեռ լիարժեք չի ընդունվում, որ կինն ունի հավասար բոլոր իրավունքները, ինչ մյուսները. «Մենք նաեւ ստանում ենք բողոքներ տղամարդու նկատմամբ ընտանիքում բռնության հետ կապված: Համամասնությունն, իհարկե, նույնը չի, ինչ կանանց դեպքում»:
Կարդացեք նաև


ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը մարդու իրավունքների պաշտպանին հարցրեց. «Ի՞նչ տարբերություն ձեր աշխատանքի եւ իմ ու Նաիրա Զոհրաբյանի աշխատանքի միջեւ: Ձեզ էլ են բողոքում՝ դուք բարձրաձայնում եք, մեզ էլ են բողոքում՝ մենք բարձրաձայնում ենք, ի՞նչ եք անում ավելին, որ մենք չենք անում: Եթե նույնն է, եկեք դուք էլ պատգամավոր դարձեք»: Հետո նա հավելեց, որ եթե Թաթոյանին լծակ է պետք, իրենք ուզում են, որ տրվի, որովհետեւ հիմա իրենց բողոքեն, թե օմբուդսմենին՝ մեծ հաշվով տարբերություն չկա: Սա լսելով՝ Արման Թաթոյանն արձագանքեց. «Ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ: Դուք ասացիք, որ մենք էլ ենք բարձրացնում հարցը, դուք էլ, իսկ ես ասում եմ՝ ես բարձրացնում եմ հարցը, համ էլ գործ եմ անում, այսինքն, կոնկրետ բողոքներ եմ քննում: Ես չէի ուզում, դուք ստիպեցիք ասել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































