Լրահոս
Օրվա լրահոսը

Դուք խոսում էիք «Սերժի մնացորդներից», բայց մոռանում եք, որ երկիրը դեռ շարունակում է ապրել նույն «Սերժի կառուցակարգերով. Բաբաջանյանը՝ Փաշինյանին

Մայիս 07,2020 17:50

«Պատեհ չէ միարժեքորեն գնահատել 2019-ի կառավարության ծրագրի կատարման ընթացքը, քանի որ կառավարությունն ունեցել է ինչպես էական հաջողություններ, ինչպես նաեւ ձախողումներ: Վերջին օրերի զարգացումները բավարար են, որ փաստվի, որ իրավապահ համակարգում կատարված փոփոխություններն անբավարար են, եթե չասենք թերի, երբեմն փնթի աշխատանքի արդյունք: Տպավորություն է, որ մենք գործ ունենք ոստիկանության, ԱԱԾ-ի կողմից պետականության, պետության դեմ կազմակերպված դիմադրության կամ սաբոտաժի հետ»,- այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Նա դիմեց վարչապետին, ասելով, որ անցյալ տարի ամենամեծ ձախողումը ուժային կառույցների առանցքային պաշտոնների երկու նշանակումներն էին. «Հեղափոխության առաջին ոստիկանապետը, որն այսօր ռուսահայ օլիգարխի թիկնապահն է կամ այդ խմբի ղեկավարը, եւ ԱԱԾ տնօրենի նշանակումը, որի մասին չեմ էլ ուզում նույնիսկ խոսել: Դուք, պարոն վարչապետ, քանիցս նշել եք, որ ՀՀ-ում օլիգարխիան ջախջախված է, պիտի չհամաձայնեմ ձեզ հետ»: Ըստ Բաբաջանյանի, հեղափոխությունից երկու տարի անց էլ մեր երկրում խնդիր է մնում օլիգարխիայի կազմաքանդումը. «Հայաստանում կա օլիգարխիա, որը շարունակում է խոշոր բիզնես արտոնություններ ստանալ, ՀՀ-ում կա լայն իմաստով օլիգարխիա, որը շարունակում է պահպանել տնտեսական ակտիվի մեծ մասը եւ շարունակում է պահպանել երբեմն չափավոր, երբեմն անսահման ազդեցությունը իշխանության տարբեր ճյուղերի, այդ թվում՝ դատական, իրավապահ համակարգի, էլ չասենք մամուլի վրա»:

Նա հիշեցրեց, որ Փաշինյանը խոսում էր «Սերժի մնացորդներից»՝ նկատի ունենալով պետական կառավարման համակարգում մնացած կադրերին, անհատներին, բայց այդ աղմուկի մեջ մոռանում է, որ  երկիրը դեռ շարունակում է ապրել նույն «Սերժի մնացորդ կառուցակարգերով»՝ իրավապահ համակարգով, դատական համակարգով ու Սերժի սահմանադրությամբ: Ու հարցադրում արեց՝ ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում իշխանությանը անցած 2 տարիներին պետական կառավարման, իրավապահ համակարգերը համալրել առողջ կադրերով:

Արման Բաբաջանյանն ասաց, որ նախորդ տարի ձախողեցինք դատական համակարգում իրական վեթինգ անելու հնարավորությունը, որը թույլ կտար ազատվել «նախկին մնացորդներից»: Պետք է նաեւ արձանագրենք, որ մենք դեռեւս չունենք օրինական ուժի մեջ մտած դատական ակտ որեւէ նախկին պաշտոնյայի, կոռուպցիոների մասին, դրան զուգահեռ ունենք փախուստի դիմած նախկին պաշտոնյաներ:

Խոսելով պետական կառավարման համակարգում ներքին դիմադրության մասին՝ Բաբաջանյանը նշեց, որ հեղափոխության նպատակադրումները կարող են ձախողել 2 պատճառով՝ եթե վարչապետի ընտրած կադրերը չհամապատասխանեն այդ նպատակադրումներին եւ անհիմն բյուրոկրատիայի պատճառով փոշիանան իշխանական միջանցքներում: Բաբաջանյանն ընդգծեց, որ տեղական մակարդակում խնդիրների վրա էլ չպետք է աչք փակել. «Հայաստանի առաջին եւ երկրորդ քաղաքների քաղաքագլուխները առանձին քաղաքային եւ գյուղական համայնքների ղեկավարներ շարունակում են ծպտյալ կամ հրապարակային իրենց անթաքույց կապվածությունը, առնչությունները ներկայացնել նախկին ռեժիմի հետ եւ սա շատ տխուր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031