Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԹԿ փոխտնօրեն. «Այնպես չի լինելու, որ դիմորդը չուզած մասնագիտությամբ ընդունվի»

Մայիս 07,2020 18:13

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը Aravot.am-ի հետ զրույցում մի քանի կետեր նշեց, որոնք վերաբերում են այս տարվա փոփոխություններին:

«Առաջինը դիմում-հայտերի մուտքագրման խնդիրն է: Նախորդ տարիներին միշտ 2 դիմում հայտ էր լրացվում՝ մեկը դպրոցում լրացնում էին առարկան կամ առարկաները, հետո գնում էին բուհ եւ այդ առարկաների հիման  վրա լրացնում` ընտրած մասնագիտությունը: Առաջինն ավարտում էինք ապրիլի 10-ին, երկրորդը սկսում էինք մայիսի 5-ից, ավարտում հունիսի 1-ին: Ունեինք նաեւ երկրորդ փուլ, որը հունիսի 25-30-ը կամ մինչեւ հուլիսի 1-ն էր տեւում»,-ասաց պարոն Նասիբյանը:

ԳԹԿ փոխտնօրենը հիշեցրեց, որ քննությունները կազմակերպվելու է մեկ փուլով, եւ դա  լինելու է հուլիսի առաջին տասնօրյակում: «Յուրաքանչյուր դիմորդ հանձնելու է  ընդամենը մեկ քննություն՝  կախված նրանից, թե ինչ մասնագիտություն է ընտրել, իսկ ցանկն արդեն հայտնի է, թե որ մասնագիտության համար՝ որ քննությունն է պարտադիր մրցութային: Այն արդեն ԿԳՄՍ նախարարության կայքում կա: Օրինակ, իրավագիտություն մասնագիտության համար դիմորդը հայոց պատմություն է հանձնելու, նույնը նաեւ արեւելագիտության, միջազգային հարաբերությունների դեպքում: Ինչ վերաբերում է տնտեսագիտական հոսքին, այստեղ էլ մաթեմատիկան է պարտադիր»,-ասաց մեր զրուցակիցը:

«Երբ դիմորդներն ընտրում են մասնագիտությունը, մենք դա կազմակերպում ենք էլեկտրոնային եղանակով: Քանի որ դիմորդները մեկ քննություն են հանձնելու, մնացած քննությունների համար վճարված 1500-ական դրամները վերադարձվելու են: Երեխան էլեկտրոնային եղանակով պետք է ԳԹԿ ուղարկի իր ընտրած առարկան եւ մասնագիտությունը: Էլի մնացել է 10 տող՝ անվճար եւ վճարովի, բայց այժմ մի փոփոխություն ենք կատարել: Նախկինում, եթե առաջին տողում նշված անվճարն էր գերակա մյուսների հանդեպ, ապա  հիմա առաջին տողում գրված մասնագիտությունը գերակա է մյուս մասնագիտությունների նկատմամբ՝  եւ անվճար, եւ վճարովի ընդունելության համակարգում: Եթե երեխան ընտրել է, օրինակ, իրավագիտություն մասնագիտությունը, եւ հանձնելու է  պատմությունից քննություն, իրավագիտություն գրածները մրցելու են իրար հետ՝ անվճար եւ վճարովի համակարգում: Դիցուք, տրված է 150 տեղ, բարձր միավոր հավաքածները կանցնեն անվճար, եւ այդպես միավորները իջնելու են մինչեւ  150-րդ տեղը:

Նախկինում, եթե դիմորդն անվճար չէր ընդունվում, մտնում էր վճարովի համակարգ: Վճարովի համակարգ մտնելու ժամանակ «աշխատում» էր նրա բարձր միավորը: Ստացվում էր, որ օրինակ, իրավագիտություն մասնագիտության դիմորդը, եթե անվճարից դուրս էր մնում, չէր կարողանում իրավագիտության վճարովին էլ  ընդունվել, գնում էր պատմության կամ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դիմորդին էր դուրս թողնում, միջազգային հարաբերությունների դիմորդը դուրս էր հանում արեւելագիտականի դիմորդին, նա էլ պատմության ֆակուլտետի եւ այդպես շարունակ:

Հիմա այլ բան ենք որոշել. եթե դիմորդը որոշել է իրավաբան դառնալ, պետք է մասնակցի վճարովի եւ անվճար մրցույթին, իսկ եթե դուրս է մնացել, ուրեմն պետք է տեսնի՝ արդյոք մյուս մասնագիտությունների դեպքում թափուր տեղեր կա՞ն: Օրինակ, պատմականում կա՞ թափուր տեղ:  Տվյալ պարագայում, պատմական դիմածը կարող է 15  եւ ավելի պակաս միավորով ընդունվել, բայց դու 18-ով  գնաս այնտեղ, այն էլ, եթե թափուր տեղ կա: Այսինքն՝ իրավաբանները մրցելու են իրար հետ, պատմաբանները՝ պատմաբանների հետ, տնտեսագետները՝ իրար հետ:  Հետեւաբար, այնպես չի լինելու, որ դիմորդն ընդունվի իր չուզած մասնագիտությամբ: Այդ փոփոխությունը կատարել ենք եւ ներկայացրել ենք կառավարության հաստատմանը»,-պարզաբանեց Կարո Նասիբյանը:

Նա մեկ այլ փոփոխության էլ անդրադարձավ: Քանի որ դիմորդները մեկ առարկայից են քննություն հանձնելու, ըստ երեւույթին մեծ է լինելու հավանականությունը, որ հավասար միավորները շատ կլինեն: «Եթե դու հանձնել ես մեկ քննություն, օրինակ պատմություն՝ իրավագիտության համար, եւ   ինչ-որ մեկի հետ հավասար միավորներ ունես, մեդալակիր չես, միջազգային մրցույթների հաղթող չես, մենք ունենք համապատասխան կետ, թե իրավագիտության համար ինչ քննությունների ես պատրաստվել: Այնտեղ հայոց լեզու է, օտար լեզու եւ պատմություն: Օտար լեզվի եւ հայոց լեզվի տարեկան գնահատականդ գալիս է մրցույթին մասնակցելու: Եթե երեխան պատրաստվել է, պետք է նրա գնահատականներն օգտագործվեն: Այդ գնահատականների հավասար լինելու դեպքում պետական ավարտական քննությունների ստացած միջին թվաբանականն է հաշվի առնվելու»,- հավելեց ԳԹԿ փոխտնօրենը:

Ինչ վերաբերում է այն մասնագիտություններին, որոնց դեպքում գործում է կամ… կամ  սկզբունքը, առարկայի  ընտրությունը թողնված է դիմորդին: Նա է որոշում, թե որ քննությունը հանձնի, դիցուք պոլիտեխնիկի դեպքում ֆիզիկա կամ մաթեմատիկա է, ինքը ընտրում է դրանցից մեկը:  «Բժշկականում ունենք 3 առարկա: Նախկինում դիմորդին ասում էինք՝ դու կընտրես 2-ը՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն առարկաներից: Հիմա երեխան պետք է ընտրի մեկը այդ 3 առարկաներից»,-ասաց պարոն Նասիբյանը:

«Եթե առաջին փուլի մրցույթն անցկացնելուց հետո թափուր տեղեր են մնում, երեխաները մասնակցում են իրենց գնահատականներով, եթե անգամ այդ մասնագիտությունը չեն նշել: Լրացուցիչ փուլում երեխային թույլատրված է դրական գնահատականով գնալ մասնակցել թափուր տեղի համար մրցույթին: Օրինակ, երեխան դիմել է երեւանյան որեւէ բուհ, չի ընդունվել, Գորիսում, Գյումրիում կամ Վանաձորում, եթե թափուր տեղ կա, կարող է իր դրական գնահատականն օգտագործել: Մի խոսքով, դիմորդների համար նորմալ պայմաններ ենք ստեղծել»,-հավելեց նա:

Ապա հիշեցրեց, որ մայիսի 25-ից մինչեւ հունիսի 15-ը ներառյալ ԳԹԿ-ն կբացի իր համապատասխան էջը եւ կսկսի ընդունել դիմում-հայտերը: Աշխատելու են նաեւ բուհերի հանձնաժողովները՝ նրանց օգնելու նպատակով: «Օրինակ, եթե երեխան դիմել է  համալսարան, համալսարանը մեզ հետ զուգահեռ ստանալու է նրա  դիմում-հայտը եւ սկսելու է աշխատել: Այն  երեխաները, որոնք արտոնություններ ունեն, իրենց փաստաթղթերն ուղարկելու են առցանց: Ներբուհական քննություններն էլ կազմակերպելու է բուհը: Մենք պարզապես ստանալու ենք հայտերը, իսկ իրենք ավտոմատ կերպով դրանք իրենց մոտ են տանելու»,-եզրափակեց պարոն Նասիբյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031