Ինչպես հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է տարածումը կանխելուն միտված օրինագիծը, որով արտակարգ դրության ժամանակ բաց տարածքներում դիմակ չկրելը կպատժվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն՝ 100-300 հազար դրամի չափով: Պատգամավորները խնդրեցին հարցը հստակեցնել, որովհետեւ մարդկանց մոտ տպավորություն կստեղծվի, թե, օրինակ, զբոսնելիս պարտադիր պետք է դիմակ կրել: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանեց՝ բաց տարածքում դիմակ ունենալն է պարտադիր, բայց նույն տարածքում կրելը՝ ոչ:
Վահե Դանիելյանը համաձայնեց «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանի նկատառման հետ, որ կառավարությունն օրենսդրական փոփոխությունները գուցե բավարար չափով չի «հասցնում» պարզ բացատրել հանրությանը. «Բաց տարածքում պարտադիր է ունենալ դիմակ, որպեսզի փակ տարածք տեղափոխվելիս քաղաքացին հնարավորություն ունենա այն կրելու: Իսկ ձեռնոցի պարտադիր լինելու մասին այս պահին որոշում չկա: Ձեռնոց կրելը կարող է ըստ կարիքի անհրաժեշտ լինել, բայց հիմա նման հարց չկա»:
Զոլյանը հետաքրքրվեց՝ եթե քաղաքացին խանութում կամ վարսավիրանոցում հայտնվում է առանց դիմակի, եւ նա է տուգանվում, եւ խանութի տե՞րը: Փոխնախարարը պատասխանեց, որ միայն տնտեսվարողը. «Ամեն քաղաքացուց, որը մտնում է որեւէ սպասարկման սրահ, տնտեսվարողը պետք է պահանջի դիմակի առկայություն»:
Կարդացեք նաև

Վահե Դանիելյանը հայտնեց, որ այս՝ դիմակ կրելուն վերաբերող օրենսդրական փոփոխությունը հետադարձ ուժ չունի. «Այս պահին չեմ կարող պատասխանել՝ նախորդ տուգանքները կվերացվե՞ն, թե ոչ: Այլ շրջանակներում է դա հնարավոր քննարկել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































