Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակեցում փոխնախարարից. բաց տարածքում դիմակ ունենալն է պարտադիր, ոչ թե կրելը

Մայիս 19,2020 11:58

Ինչպես հայտնել էինք, ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվում է տարածումը կանխելուն միտված օրինագիծը, որով արտակարգ դրության ժամանակ բաց տարածքներում դիմակ չկրելը կպատժվի 10 000 դրամով, իսկ փակ տարածքներում քաղաքացու դիմակ չկրելու համար տնտեսվարողները պատասխանատվության կենթարկվեն՝ 100-300 հազար դրամի չափով: Պատգամավորները խնդրեցին հարցը հստակեցնել, որովհետեւ մարդկանց մոտ տպավորություն կստեղծվի, թե, օրինակ, զբոսնելիս պարտադիր պետք է դիմակ կրել: Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը պարզաբանեց՝ բաց տարածքում դիմակ ունենալն է պարտադիր, բայց նույն տարածքում կրելը՝ ոչ:

Վահե Դանիելյանը համաձայնեց «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանի նկատառման հետ, որ կառավարությունն օրենսդրական փոփոխությունները գուցե բավարար չափով չի «հասցնում» պարզ բացատրել հանրությանը. «Բաց տարածքում պարտադիր է ունենալ դիմակ, որպեսզի փակ տարածք տեղափոխվելիս քաղաքացին հնարավորություն ունենա այն կրելու: Իսկ ձեռնոցի պարտադիր լինելու մասին այս պահին որոշում չկա: Ձեռնոց կրելը կարող է ըստ կարիքի անհրաժեշտ լինել, բայց հիմա նման հարց չկա»:

Զոլյանը հետաքրքրվեց՝ եթե քաղաքացին խանութում կամ վարսավիրանոցում հայտնվում է առանց դիմակի, եւ նա է տուգանվում, եւ խանութի տե՞րը: Փոխնախարարը պատասխանեց, որ միայն տնտեսվարողը. «Ամեն քաղաքացուց, որը մտնում է որեւէ սպասարկման սրահ, տնտեսվարողը պետք է պահանջի դիմակի առկայություն»:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ բարձրաձայնեց, որ նախկին տուգանքներն անհամաչափ են եղել, օրինակ՝ կանաչի վաճառող տատիկը եւ տեղաշարժման թերթիկում շփոթությամբ այլ օրվա ամսաթիվ նշողը տուգանվել են հարյուր հազար դրամով. «Նախկին տուգանքները չեղարկվելո՞ւ են, թե ոչ: Դրանք եղել են անհամաչափ»:

Վահե Դանիելյանը հայտնեց, որ այս՝ դիմակ կրելուն վերաբերող օրենսդրական փոփոխությունը հետադարձ ուժ չունի. «Այս պահին չեմ կարող պատասխանել՝ նախորդ տուգանքները կվերացվե՞ն, թե ոչ: Այլ շրջանակներում է դա հնարավոր քննարկել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031