Պաշտոնական Երեւանը կրկին պնդում է. «Հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձեւավորվել, իսկ հին փաստաթղթի շուրջ Հայաստանը հրաժարվել է բանակցել»
Մայիսի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամլո ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում լրագրողները բազմաթիվ հարցեր ուղղեցին արցախա-ադրբեջանական հակամարտության թեմայով։ Ի՞նչ հիմնական շեշտադրումներ արեց Փաշինյանն այդ ասուլիսում:
Կրկին հարց հնչեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ, երբ նա նշել էր, որ կողմերը բանակցային սեղանին հակամարտության լուծման փուլային տարբերակն են քննարկում։ Փաշինյանը կրկին ընդգծեց՝ հեղափոխությունից հետո նոր փաստաթուղթ չի ձեւավորվել, իսկ հին փաստաթղթի շուրջ Հայաստանը հրաժարվել է բանակցել։
Այսինքն, Փաշինյանի հայտարարությունից կարող ենք եզրակացնել, որ Մադրիդյան սկզբունքները այլեւս բանակցությունների սեղանին չեն, չկա ամբողջական որեւէ փաստաթուղթ: Այսինքն՝ Փաշինյանը փորձ է անում հասկացնել, որ այն, ինչի շուրջ կողմերը գրեթե 2 տարի բանակցում են, քննարկում հանդիպումներում՝ աշխատանքային փաստաթղթեր են, հետեւաբար՝ փոփոխության ենթակա:
Կարդացեք նաև
Գալով Լավրովի՝ «բանակցային սեղանին փուլային տարբերակ է քննարկվում» գնահատականին, Փաշինյանը հավելեց. «Այդ մեկնաբանություններն անելիս պետք է ուշադրություն դարձնել, որ ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը հայտարարեց, որ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունն օգտակար չի համարում: Այդ մեկնաբանություններ անողներն այս փաստը չե՞ն տեսել: Արդեն իմ նշածը խոսում է այն մասին, որ այն ձեւակերպումը, որ դրված էր հարցի մեջ, առնվազն չի համապատասխանում իրականությանը»:
Անցյալ շաբաթ անդրադարձել էինք Գերմանական Մարշալի հիմնադրամի կողմից կազմակերպված առցանց քննարկման ընթացքում ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթի գնահատականներին: Ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները կիսում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջերս արված հայտարարությունը ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ, Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել էր. «Ես չեմ մեկնաբանելու Ռուսաստանի արտգործնախարարին, ասեմ միայն, որ նա վերջերս արել է մի շարք ոչ օգտակար հայտարարություններ, այդ թվում՝ Դոնբասի իրավիճակի վերաբերյալ, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումից հետո: Ասեմ միայն, որ Միացյալ Նահանգները խորը ներգրավված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսության ընթացքն ապահովելու գործում»:
Նկատենք, որ թեեւ դիվանագիտորեն արված այս մեկնաբանությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան այս ընթացքում շարունակել են Ռուսաստանի հետ նույն ձեւաչափում եռակողմ հայտարարություններ ընդունել, ինչը նշանակում է, որ նրանք եւս մասնակից են կողմերի հետ ծավալվող բանակցություններում առաջ քաշված սկզբունքների, տարրերի քննարկմանը: Բայց Փաշինյանի համար, փաստորեն, Քենթի մեկնաբանությունն ավելի էական է, քան այն, ինչ «բացահայտել» էր Լավրովը:
«Ընդհանուր առմամբ, տեղի է ունենում խոսակցություն, բանակցություն այս իրավիճակի քննարկման ուղղությամբ։ Մենք մեր սկզբունքներն արձանագրել ենք, եւ հարց է եղել, արդյո՞ք մենք շարունակելու ենք բանակցել այն կետից, որ թողել է Սերժ Սարգսյանը, սա էլ ենք հրապարակային ասել, ասել ենք, որ ոչ, որովհետեւ այն, ինչը մենք ստացել ենք որպես ժառանգություն, մեզ համար ընդունելի չի»,- նկատեց Փաշինյանն ի պատասխան Արցախի խնդրի կարգավորման վերաբերյալ հետեւյալ հարցին. «Այդպես էլ անորոշ մնաց՝ Արցախի հարցի շուրջ բանակցություննե՞ր են, թե՞ կոնսուլտացիաներ, ի վերջո քննարկվում է խնդրի լուծման փաթեթայի՞ն, թե՞ փուլային տարբերակը»։ «Եվ մնացած հարցերին պատասխանել ենք, եւ էլի եմ ասում՝ պետք չի մեզ կաշկանդել, որ մենք բանակցային սեղանի շուրջ չխոսենք, չլսենք… Կան ամենատարբեր տեսակետները հարցի կարգավորման ձեւերի ու փուլերի կամ փուլային ու փաթեթային տարբերակների վերաբերյալ։ Փուլային կամ փաթեթային ասելով պետք է հասկանանք, թե ինչ ենք հասկանում… Փաթեթային ասելով հասկանում ենք, որ հարցը լուծվելու է մի ժամո՞ւմ, փուլայի՞ն ասելով ինչ ենք հասկանում, որ հարցը լուծվելու է 100 տարո՞ւմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, հավելելով, որ դրանք հարցեր են, որ պետք է շատ մանրամասն պարզաբանվեն։
Որքան էլ արծարծվի՝ փուլային-փաթեթային թեման, հայկական կողմը պետք է հստակ լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում. երբ եւ ինչպես է որոշվելու Արցախի կարգավիճակը:
Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է, թե հայկական կողմը հետեւողականորեն պաշտպանելու է իր դիրքորոշումը. «Շատերն ասում են՝ հնարավոր չի այդպիսի լուծում. է, հնարավոր չի՝ հնարավոր չի, ուրեմն չի լուծվի։ Մեր խնդիրն այն է, որ փնտրենք եւ գտնենք այդպիսի լուծում։ Իսկ բանակցությունն այդպիսի բան է, որ կարող է քննարկում լինել։ Իսկ կարո՞ղ է այդպիսի տարբերակն ընդունելի լինի, իսկ կարո՞ղ է, այնուամենայնիվ, այնպիսի տարբերակն ընդունելի լինի, որը երկու տարի առաջ ընդունելի չէր։ Պետք չի մեզ կաշկանդել, որ հանկարծ մեկն այնպիսի տարբերակ ասի, որ մենք մեր ականջները փակենք, սենյակից փախնենք։ Չի լինելու այդպիսի բան։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք եւ մենք մեր դիրքորոշումը հետեւողականորեն պաշտպանելու ենք։ Այն պահին, որ կարող է պարզվել, որ այ, կա կոմպրոմիսի հնարավորություն, որին մենք չպետք է ասենք չէ, ուրեմն մենք պետք է ճկունություն ցուցաբերենք։ Որովհետեւ բոլորն ասում են, որ պետք է գտնվի փոխզիջումների միջոցով։ Հիմա հարց, որն է փոխզիջման այն սահմանը, որից այն կողմ անընդունելի է։ Այդպիսի գծեր կան եւ Ադրբեջանի համար, եւ Հայաստանի համար, եւ Ղարաբաղի համար։ Բա բանակցությունը դրա համար է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Իսկ կարո՞ղ է Հայաստանի կառավարությունը կամ վարչապետը Արցախի հարցում ոչ հայանպաստ լուծման գնալ: Այս հարցը դուք ինձ չեք տալիս, դուք ձեզ եք տալիս, իսկ դուք կարո՞ղ եք համաձայնել Արցախի հարցի ոչ հայանպաստ լուծմանը: Որովհետեւ բանակցային սեղանի շուրջ, ի տարբերություն նախկին մի շարք դեպքերի, այսօր բանակցային սեղանի շուրջ նստածը ներկայացնում է ժողովրդին եւ ասում՝ եթե կլինի լուծում, որին ոչ ասելը ռացիոնալ չի լինի, այդ ժամանակ էլի կգանք ժողովրդի հետ խորհրդակցելու: Ինչի Արցախի հարցը կարող է լուծվել մի մարդու քմահաճույքո՞վ: Էդ ո՞վ է էդ մարդը, ուզում եմ իմանալ»,-հայտարարեց Փաշինյանը:
Ինչպե՞ս է մեր երկիրը պատրաստվում հակազդել հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը, ադրբեջանական կողմից տարվող գործողություններին։ «Գործիքակազմը շարունակում է մնալ նույնը, մեր զինված ուժերի մարտունակությունը, մեր համախմբվածությունն ու ուժեղությունը, քաղաքական բանակցային դիվանագիտական եղանակներն այդ իրավիճակը կառավարելի պահելու։ Մենք մի բան ենք ասել, որ պատերազմով վախեցնելով, զենքի սպառնալիքի ներքո Հայաստանը չի բանակցելու եւ մենք կարծում ենք, որ Արցախի հարցն ուժային լուծում չունի։ Սահմանը լարված է, եթե ուզում եք համեմատենք, ի տարբերություն նախորդող շրջանի, հիմա սահմանը շա՛տ ավելի հանգիստ է, շատ–շատ ավելի հանգիստ, բոլոր առումներով»,-նշեց ՀՀ վարչապետը։
Այնուհետեւ նա անդրադարձավ Հայաստանից հնչող քննադատություններին, նկատելով. «Իմիջիայլոց, Արցախի հարցում մեր դիրքորոշումները մեկ Ադրբեջանն է քննադատում, մեկ էլ հայտնի շրջանակները. սա ի՞նչ զուգադիպություն է… Այդ ո՞նց է լինում, որ մի բան է ասվում, եւ Ադրբեջանն է քննադատում, եւ այստեղ հայտնի շրջանակները»:
Դիտարկմանը, որ ինքն Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշումը բանակցությունների վերաբերյալ համարել է կոնստրուկտիվ, Փաշինյանն ասաց. «Մենք Ադրբեջանի նախագահի հետ բաց, ուղիղ շփվում ենք, այդ քննարկումներում անկեղծ, ուղիղ մթնոլորտ է հաստատված: Ես շատ կարեւոր եմ համարում, որ մենք հստակ մեր դիրքորոշումները ֆիքսում ենք, եւ համարում ենք, որ պետք է աշխատենք, որովհետեւ այն դիրքորոշումները, որ մենք այսօր ունենք, դրանք հայտնի են, արտահայտված են, բայց մենք նաեւ հասկանում ենք, որ պետք է աշխատենք, որպեսզի գտնենք լուծում, որն ընդունելի կլինի եւ Հայաստանի, եւ Արցախի, եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Այդ խոսակցության մթնոլորտը քիչ բան չի, չնայած այն գործնական ոչ մի արդյունք չունի: Առնվազն վատ չի, որ այդպիսի մթնոլորտ է: Ես ոչ թե Ղարաբաղի հարցում իրենց ունեցած դիրքորոշումն եմ համարել կառուցողական, եթե այդպես լիներ, Ադրբեջանից ինչի՞ էին քննադատում, ընդհակառակը, կասեին՝ ինչ լավ հայտարարություն է, դա վկայում է, որ ամեն ինչ լավ է»:
Ընդհանուր առմամբ, պաշտոնական Երեւանը վերջին շաբաթներին, փաստորեն, շարունակում է պնդել, որ բանակցային սեղանին կարգավորման տարբերակի շուրջ կոնկրետ փաստաթուղթ չկա:
«Հայաստանյան վերջին շաբաթների քննարկումներն ի վերջո առաջիկա բանակցություններում ինչ-որ առումով հայկական կողմի դիրքերը փոքր-ինչ ամրացրել են: Երբ երկրի ներսում քննադատություն, հարցեր են ուղղվում իշխանությանը՝ հաջորդ փակ հանդիպմանը իշխանությունն արդեն ունի որոշակի տրամադրվածություն ու դիրքորոշում, այսպես ասած՝ վիճելի հարցերի, թեմաների շուրջ: Այս առումով, առաջիկա բանակցությունները կարեւոր են լինելու, քանի որ մի կողմից կա ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ ներկայացուցչի՝ Լավրովի «գաղտնազերծումը», մյուս կողմից՝ պաշտոնական Երեւանից արդեն մի քանի շաբաթ հնչող պարզաբանումները:
Որ պահին նախկին նախագահների հետ Արցախի հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնեմ, ոչ մի խնդիր չկա, որ դա տեղի ունենա»,- մամլո ասուլիսում նշեց Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով. «Կա այսպիսի հանգամանք, որ նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուցիոնալ տեղեկատվությունը պետական կառավարման համակարգում առկա է: Համենայնդեպս, այն ինֆորմացիան, որի կարիքը ես ունեցել եմ»:
Անդրադառնալով բանակցային ձեւաչափին, Փաշինյանն ասաց. «Մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին էական ու կարեւոր ենք համարում, որովհետեւ չենք պատկերացնում խնդրի լուծում առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության: Խոսվում է այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես դա չի հաջողվել վերջին 22 տարում, երբ 1998-ին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց: 22 տարի ամբողջ միջազգային հանրությունն աշխատել է այդ պայմաններում: Այդպես եղել է լռելյայն, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի: Սա իր հետ բերում է որոշակի բարդություններ: Մեր պատկերացումն այն է, որ մենք չենք կարող Արցախի հարցը լուծել առանց նրա ընտրված ներկայացուցիչների: Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»: Ի դեպ, նա նաեւ հավելեց, որ նախկինում եղած փաստաթղթերում եւ հրապարակային հայտարարություններում խաղաղապահ ուժերի գաղափարը միշտ էլ ներկա է եղել:
Ամփոփումը՝ վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 19.05.2020