ԱՌԿԱ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդը արձանագրում է, որ գործող իշխանությունները, որոնք 2018 թ․ դեկտեմբերի խորհրդարանական ընտրություններին ստացել էին ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների գերակշիռ մեծամասնության վստահության մանդատը, իրենց կառավարման մեկ ու կես տարիների արդյունքում, այսօր Հայաստանը բերել են իր խորությամբ աննախադեպ ճգնաժամի։ Մասնավորապես, իշխանության գործադիր և օրենսդիր թևերում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը տապալել է երկրի առջև ծառացած խնդիրների կառավարման իր պարտականությունները մի քանի առանցքային ուղղություններով՝
ա) թեև համավարակը համաշխարհային մարտահրավեր է, ակնհայտ ձախողել է համավարակի տարածման կանխարգելմանը, դրա առողջապահական և սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացմանը ուղղված անհրաժեշտ քայլերի ծրագրումը և իրականացումը, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը արդեն իսկ կանգնել է իր էությամբ համընդգրկուն և հետագա կորուստների ծանրության տեսակետից դեռևս անկանխատեսելի մարտահրավերի առջև,
բ) հասարակությունից թաքցրել և փաստացի տապալել է Արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ առկա բանակցային գործընթացը՝ վերադարձնելով բանակցությունները Մադրիդյան սկզբունքների նախնական հանգրվանին, երբ ըստ որևէ կերպ չհերքված տեղեկությունների, քննարկվում է հարցի փուլային կարգավորման այն տարբերակը, որի պարագայում որպես առաջին քայլ ակնկալվում է Արցախի ազատագրված տարածքների զիջումը, Արցախի հետագա անորոշ միջանկյալ կարգավիճակի դիմաց,
Կարդացեք նաև
գ) հենքային վնաս է պատճառել Հայաստանի հանրապետության արտաքին քաղաքական վարկանիշին, ինչի արդյունքում Հայաստանը էապես վատթարացրել է հարաբերությունները հիմնական աշխարհաքաղաքական կենտրոնների, և, մասնավորապես ՀՀ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դաշնության հետ, և դարձել է շատ ավելի խոցելի՝ տարածաշրջանային սպառնալիքների նկատմամբ,
դ) անկարող է եղել կազմակերպել օրեցօր ահագնացող հանցավորության դեմ արդյունավետ պայքար, դրա փոխարեն իրականացրել է իմիտացիոն բնույթի թատերականացված միջոցառումներ, որոնք ուղղակիորեն վարկաբեկել և արժեզրկել են իրավապահ համակարգը։ Հետևողականորեն թուլացվել է նաև բոլոր ուժային կառույցների ինստիտուցիոնալ ներուժը՝ երկիրը դնելով լրջագույն վտանգների առջև,
ե) շարունակաբար կազմաքանդել է պետական կառավարման ողջ համակարգը, լուծարելով գործող հաստատությունները, իսկ այլ կառույցներից էլ դուրս մղելով բարձորակ մասնագետներին և կարևորագույն ոլորտների կառավարումը վստահելով անփորձ քաղաքական դրածոներին։
Ստեղծված իրավիճակի հաղթահարման համար գործող կառավարության հրաժարականը հասունացած, բացարձակ անհրաժեշտ, սակայն արդեն ոչ բավարար պայման է։ Ճգնաժամի խորությունը և ազգային անվտանգության ահագնացած սպառնալիքները պահանջում են հիմնական քաղաքական ուժերի լայն ներգրավվածությամբ, համատեղ պատասխանատվությամբ և սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ ձևավորել Ազգային համաձայնության անցումային կառավարություն, որը ծրագրային հիմքի վրա ընդունակ կլինի իրականացնել սթափ և հաշվարկված հակաճգնաժամային կառավարում, ապահովել առկա մարտահրավերներին համարժեք երկրի ներքին և արտաքին անվտանգությունը անցումային շրջանում, և համաձայնեցված ողջամիտ ժամկետներում կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ բարեփոխված ընտրական օրենսգրքի հիման վրա։
Վերոնշյալ համատեքստում «Ազգային Օրակարգ» կուսակցությունը հայտարարում է շահագրգիռ քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատ գործիչների կողմից Ազգային համաձայնության կառավարության ձևավորման շուրջ խորհրդակցություններ սկսելու անհրաժեշտության մասին, և հայտնում է իր պատրաստակամությունը մասնակցելու այդ գործընթացին։ Միաժամանակ խստորեն կարևորում ենք, որ նախատեսվող քաղաքական գործընթացները տեղի ունենան մասնակից կողմերի միջև բացառապես համաձայնեցված ծրագրային նպատակների և անելիքների շուրջ, լինեն թափանցիկ և հստակ հայ հանրության համար, զերծ մնան ցանկացած անդրկուլիսային պայմանավորվածություններից և օտարերկրյա ազդեցություններից, և անվերապահ ընթանան Սահմանադրության տառին և ոգուն համապատասխան։
Վստահ ենք, որ հայ ժողովուրդը ունի բավարար ներուժ այս բախտորոշ ժամանակաշրջանում հաղթահարելու Հայաստանի կողմից առերեսվող դժվարին մարտահրավերները, դուրս գալու այս ծանրագույն իրավիճակից, միավորվելու մեր ընդհանուր ազգային շահերի շուրջ, և կերտելու արդար, ազատ և անվտանգ ազգային պետություն։
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհուրդ