Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ պրոռեկտոր. «Վարձերը թանկացնելու որոշումը միաձայն է ընդունվել»

Հունիս 09,2020 13:00

Aravot.am-ին են դիմել ԵՊՀ տարբեր մասնագիտությունների գծով մագիստրատուրա ընդունված մի խումբ ուսանողներ՝ 2020-2021 ուստարվա ուսման վարձերի բարձրացման խնդրով: Նրանք պնդում են, որ ուսման վարձերը բարձրացնելու մասին գիտխորհրդի որոշումը թվագրված է մարտի 12-ով, սակայն այն բավականին ուշ է տեղադրվել Երեւանի պետական համալսարանի կայքում: Արդյունքում, ուսանողների պնդմամբ, իրենց զրկել են այլ բուհեր, օրինակ` Հայաստանի ամերիկյան համալսարան դիմելու հնարավորությունից, մանավանդ վարձերը համարյա հավասարեցվել են այդ համալսարանի վարձերին:

Ուսանողներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ միայն հեռավար կրթության պարագայում իրենք դժվար նույն ծավալով գիտելիքները ստանան, ուրեմն ի՞նչ իմաստ ուներ ծայրահեղ իրավիճակում բարձրացնել ուսման վարձերը:

Էլինա Ասրիյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ԵՊՀ հումանիտար եւ հասարակական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանից: Նա հավաստիացրեց, որ ուսման վարձերի բարձրացման մասին որոշումը ուշացումով չի դրվել կայքում:

Խնդրեցինք պարզաբանել, թե ինչով է պայմանավորված վարձերի չափի փոփոխությունը: «Վարձերի բարձրացման հետ կապված՝ դեռ սեպտեմբերից ԵՊՀ-ում հանձնաժողով է ձեւավորվել պրոֆեսորադասախոսական կազմից, դեկաններից, հանձնաժողովի խնդիրն էր ուսումնասիրել առկա իրավիճակը՝ վարձերի հետ կապված: Հանձնաժողովը բավականին խորքային ուսումնասիրություն է կատարել, դրանից հետո բոլոր վարձավճարների թանկացման եւ այլ հարցերի վերաբերյալ բազմաթիվ քննարկումներ են եղել բոլոր ֆակուլտետների դեկանների հետ, եւ միայն հավանությունը ստանալուց հետո նախագիծը մտել է գիտխորհուրդ եւ միաձայն ընդունվել»,-ասաց Էլինա Ասրիյանը:

Պրոռեկտորն ասաց, որ բոլոր որոշումները կայքում տեղադրում է ԵՊՀ գիտքարտուղար Լեւոն Հովսեփյանը, եւ նա եւս կփաստի, որ որոշումը տեղադրվել է մարտի 19-ին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930