Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորի խոսքում կարևորվեց Չարենցի անվան դպրոցի դերը որպես կայացած կրթօջախ, որտեղ աշխատել և աշխատում են նվիրյալ ուսուցիչներ

Նոյեմբեր 26,2026 12:08 Share
Աջակցեք aravot.am-ին

Երևանի Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցը 75 տարվա պատմություն ունի, հիմնադրվել է 1951-ին՝ Ամիրյան 9 հասցեում։ Դպրոցի տեղում նախկինում եղել է հայոց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը 1930-ականներին քանդել են, տեղը կառուցել կինոթատրոն՝ «Անաստված» անունով։ Ըստ տեղեկությունների՝ եկեղեցու խաչը հանող խորհրդային զինվորն ընկել է գմբեթի վրայից ու մնացել տեղում։ Ստիպված խորհրդային անհավատները պայթեցրել են Աստծո տունը։ Հետագայում կինոթատրոնը նույնպես քանդել են և տեղը դպրոց կառուցել։

1955 թվականին Երևանի սրտում գտնվող կրթօջախն անվանակոչվել է հայ մեծանուն գրող, բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով։ Հանրապետությունում առաջին դպրոցն է, որ 1961-ին ստացել է անգլերենի խորացված ուսուցման թույլտվություն։ 1957 թ. դպրոցի բակում տեղադրվել է Չարենցի կիսանդրին (քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան)։ Դպրոցի տնօրեններն են եղել Ս. Օհանյանը, Վաղուշ Հասրաթյանը, Հենրիկ Չուխաջյանը, Ադելաիդա Ղազարյանը, Անահիտ Խեչումյանը։ 2022 թվականից դպրոցը տնօրինում է Մարգարիտա Սարգսյանը, որը ժամանակին աշխատել է Արցախի Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի Գալինա Ստարովոյտովայի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն։

 

Նոյեմբերի 24-ին դպրոցի հիմնադրման 75-ամյա տարեդարձի առթիվ Երևանում՝ Թովմասյան բարեգործական հիմնադրամի դահլիճում, կայացավ տոնական երեկո։ Ներկա էին դպրոցի ուսուցչական անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ, տարբեր տարիների շրջանավարտներ, գիտության, մշակույթի գործիչներ, հյուրեր։

Երեկոն սկսվեց դպրոցի պատմությամբ ու փոքր բեմականացմամբ, որում դպրոցականները ներկայացրին Չարենցի և աշակերտի երկխոսությունը։ Ներկայացվեց կարճ տեսաֆիլմ։ Այնուհետև հնչեց դպրոցական զանգը, և բեմ բարձրացան դպրոցի սաները։ Հնչեց նաև ՀՀ օրհներգը։

Դպրոցի հոբելյանական երեկոյի պատվավոր հյուրերից էր ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը, բայց առողջական խնդիրների պատճառով ներկա չէր։ Հնչեց նրա «Երազ իմ երկիր հայրենի» երգը։

Ներկաներին ողջունեց, ուսուցչական անձնակազմին, դպրոցի բոլոր տարիների շրջանավարտներին շնորհավորեց տնօրեն Մ. Սարգսյանը, որը նույնպես սովորել է այս կրթօջախում։

«Ժամանակի ընթացքում փոխվել են դասասենյակները, գույքը, դասագրքերը, տեխնոլոգիաները, կրթության հնարավորությունները, բայց եղել են, կան մնայուն արժեքները՝ գիտելիքը, նվիրումը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, ուսուցչի և աշակերտի վստահությունը, որոնք միշտ արդիական են, և նրանք են պահպանում դպրոցի ոգին», – իր խոսքում ասաց Մ. Սարգսյանը։

Ողջույնի խոսքերով հանդես եկան դպրոցի նախկին շրջանավարտները, ովքեր այսօր աշխատում ու գործում են տարբեր ոլորտներում։

Թովմասյան բարեգործական հիմնադրամի հիմնադիր Արտակ Թովմասյանը նույնպես Չարենցի անվան դպրոցի շրջանավարտ է, որն աջակցել է երեկոյի կայացմանը և հանդես եկավ բարեմաղթանքով ու շնորհավորանքով, իսկ երեկոն համարեց կարևոր իրադարձություն, որի համար բոլորի անունից երախտագիտություն հայտնեց Մ. Սարգսյանին կազմակերպման համար։

«Մեր դպրոցը տվել է լավ կադրեր տարբեր բնագավառների համար, և վստահ ենք՝ տիկին Սարգսյանի գլխավորությամբ նույն ձևով կշարունակվի որակյալ շրջանավարտներ մատուցել մեր երկրին», – ասաց Ա. Թովմասյանը, որը դպրոցի տնօրենի կողմից արժանացավ պատվոգրի։

Երևան քաղաքի կրթության և գիտության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների «Կենտրոն» ճյուղային միության նախագահը ողջունեց ներկաներին, շնորհավորեց հոբելյանի առթիվ և Մ. Սարգսյանին շնորհեց «Կրթության երախտավոր» հուշամեդալը։

Դահլիճը ծափողջույններով դիմավորեց դպրոցի շրջանավարտ և տասնամյակներ շարունակ դասավանդած ուսուցչուհի Այծեմնիկ Նահապետյանին, որը երախտագիտություն հայտնեց դպրոցի առաջին տնօրեն Վաղուշ Հասրաթյանին՝ իրեն աշխատանքի ընդունելու հարցում վստահելու համար։ Ա. Նահապետյանը, որը Մ. Սարգսյանի կողմից արժանացավ պատվոգրի, նշեց՝ դպրոց իրեն ուղղորդել է հայրը, որի համար երախտապարտ է նաև նրան։

Չարենցի թոռնուհին՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանի ավագ գիտաշխատող Գոհար Չարենցը նույնպես սովորել է պապի անվան կրթօջախում, ավարտել բարձր գիտելիքներով։ Հիշողություններ պատմեց՝ ինչպես է առաջին դասարան մոր՝ Արփենիկ Չարենցի հետ մտել դպրոց։ Պահակը ջղայնացել է և Արփենիկին չճանաչելով՝ ասել է. «Այնպես մտար, ոնց որ հորդ դպրոցն է»։ Մայրը խնդալով ասել է, որ ինքը Չարենցի դուստրն է։

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Ժաննա Մանուկյանը տեղեկացրեց՝ համագործակցում են դպրոցի հետ, հաճախ են միասին միջոցառումներ կազմակերպում։

ՀՀ ժողովրդական արտիստ Աշոտ Ղազարյանը ողջունեց ներկաներին, կարևորեց, որ նույն կրթօջախում է սովորել։

Գրող Վրեժ Սարուխանյանը կարևորեց, որ դեռևս 50-ականներից Երևանում հայտնի կրթօջախը կոչվում է Չարենցի անունով։ Բանաստեղծ, ով մնաց իր բարձունքին, չվախեցավ, Ստալինին քննադատող բանաստեղծություններ էր գրում ու նահատակվեց՝ մնալով անգերեզման։

«Կրթություն» թերթի խմբագիր Գագիկ Մինասյանը նույնպես թիվ 67 դպրոցի շրջանավարտ է, բեմ բարձրացավ թոռնուհու հետ, որը սովորում է նույն դպրոցի 2-րդ դասարանում և արտասանեց Չարենցի գործերից։

Սրտաբան Պարունակ Զելվեյանը պատմեց, որ իրենց դպրոցում դեռևս 1973 թվականին, գրադարանի հարևանությամբ, կար մի ավտոմատ սարքավորում, որի մեջ 2 կոպեկ էին գցում և տետր ստանում։

«ՆանոՀայԹեք» գիտահետազոտական ասոցիացիայի հիմնադիր-նախագահ Գագիկ Շմավոնյանը կարևորեց այն, որ Չարենցի անվան դպրոցում սովորելն է իրեն տվել լուրջ գիտելիքներ, այստեղ լավ անգլերեն է ուսումնասիրել ու տիրապետել։

Ելույթ ունեցան նաև դպրոցի ուսուցիչներ, ծնողկոմիտեի նախագահը, այլք։ Բոլորի խոսքում կարևորվեց Չարենցի անվան դպրոցի դերը որպես կայացած կրթօջախ, որտեղ աշխատել և աշխատում են նվիրյալ ուսուցիչներ։

Երեկոյի ընթացքում ներկաներին իրենց պարով ոգևորեցին «Բերդ» պարային համույթի պարողները։ Ներկա էր համույթի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը։ Երգերի կատարումով հանդես եկան Արթուր Իսպիրյանը, Հասմիկ Կարապետյանը, դպրոցի նախկին ու ներկա սաները։ Բոլոր ելույթ ունեցողներին հատկացվեց օրվա խորհրդանշական նվեր։ Երեկոյի հաղորդավարները նույնպես Չարենցի անվան դպրոցի շրջանավարտներ էին։

Հ. Գ. Դպրոցն ունի իր ավանդույթները. Եղիշե Չարենցի ծննդյան և մահվան օրերի, հայ և օտարազգի մեծանուն բանաստեղծների և գրողների, պատմական և մշակութային գործիչների հոբելյանների նշումը, առաջին դասարանցիների երդման արարողությունը Եղիշե Չարենցի տուն-թանգարանում, շեքսպիրյան և սարյանական օրեր, բաց դասեր։ Հանդիսավոր նշվել են դպրոցի 50, 55 և 60-ամյակները։

1998 թվականից դպրոցը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դպրոցների ասոցիացիայի անդամ։ 1999 թվականին Տորոնտոյի ՀՕՄ-ի ամենօրյա և ԱՄՆ-ի Ֆերհայան վարժարանների հետ դարձել է քույր դպրոց։ Բարեկամական կապեր են հաստատվել Շոտլանդիայի հետ։

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել