Ինչպես հայտնել էինք, ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է օրենսդրական փոփոխություն անել եւ զբոսաշրջային ոլորտին, հյուրանոցներին, հյուրատներին, հանքարդյունաբերողներին հարկային արձակուրդ տալ: Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր մի պահ լարվածություն եղավ «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Գեւորգյանի եւ Մելքումյանի միջեւ: Գեւորգյանը հետարքրքվեց՝ ձեր կուսակցության առաջնորդն ասում էր, որ արտակարգ դրության ժամանակ կազինոների հարկերն էլ պետք է պետությունը վճարի, բա կազինոներին ինչո՞ւ չեք ընդգրկել այս օրինագծում: Մելքումյանը հարցին հարցով արձագանքեց. «Ո՞ր կազինոների…դուք արդեն ուրիշ տեղ եք գնում»:

Միքայել Մելքումյանը պատասխանեց. «Դուք գնացեք-մտածեք ձեր կուսակցության առաջնորդի գործունեության մասին, իսկ մեր կուսակցության առաջնորդի գործերով մի զբաղվեք, խորհուրդ եմ տալիս: Ձեր ասածը տեղին չի: Եթե որեւէ օրինագծում կազինոների մասին բան չկա, նման բան հնչեցնելու իմաստը ո՞րն էր: Հանգիստ եղեք»:
Գեւորգյանը պնդեց մոտեցումը՝ եթե օրինագիծը վերաբերում է հանքարդյունաբերողներին, տուրիզմին, կազինոներին ինչո՞ւ չի վերաբերում, առավել եւս, երբ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ պետությունը պետք է փակի կազինոների վնասները:
Կարդացեք նաև

Հավելենք, որ օրինագիծը դեռ պետք է քննարկվի եւ քվեարկվի ԱԺ լիագումար նիստում: «Իմ քայլի» որոշ պատգամավորներ վերապահումներ ունեն եւ մատնանշում են, որ հանքարդյունաբերողներին, օրինակ, չպետք է հարկային արձակուրդ տալ:

Մելքումյանը հարցը լսելիս քմծիծաղեց, ապա ասաց. «Չէի սպասում, որ դուք կարող եք նման քաղաքական հարց տալ: Պետական մտածողությունը հուշում է, որ եթե նման օրենսդրական գործիքը կարող է օգտակար լինել ժողովրդին, պետք է առաջ շարժվել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































