Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանը պնդում է՝ Ծառուկյանը եթե տողատակեր ունի, հիասթափվելու է. «Փորձեն ապացուցել, թե ինչպես են կուտակել այդ հարստությունը եւ արդյոք նրանք օրինական են»

Հունիս 08,2020 17:10

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին ու կառավարությանը հայտնած անվստահությանը, ասաց. «Առողջ ընդդիմության գոյությունը յուրաքանչյուր կառավարության որակյալ աշխատանքի գրավական կարող է լինել: Եթե կա իշխանություն, նորմալ է, որ պետք է լինի նաեւ ընդդիմություն: Թե ինչ նպատակներով է ԲՀԿ-ն կամ Գագիկ Ծառուկյանը նման կոնսոլիդացիայի կոչ անում, կամ ինչ ակնկալիքներ ունի, դա իրենց խնդիրն է: ԲՀԿ-ն, եթե կառավարություն ձեւավորի, այն ժամանակ կխոսի կառավարության հարյուր տոկոս հրաժարականի մասին, որովհետեւ դա իր լիազորությունների տիրույթում չի»:

Դիտարկմանը՝ նա զրոյական է գնահատում ձեր գործունեությունը, երբ ասում է, որ 100 տոկոսով պետք է փոխել՝ Պապիկյանն արձագանքեց. «Ես հասկանում եմ, որ պարոն Գագիկ Ծառուկյանը նման հայտով է հանդես գալիս ու գործող կառավարության անվստահության հայտ է ներկայացնում ըստ էության, բայց դա չի ենթադրում, որ իրականություն է դա: Դա ԲՀԿ-ի ու Գագիկ Ծառուկյանի խնդիրն է: ՀՀ քաղաքացիները իրենց վստահության քվեն են տվել մեր քաղաքական ուժին ու մենք պաշտոնավարելու ենք ՀՀ քաղաքացու շահի համար»:

Թե ի՞նչ տողատակ կա Ծառուկյանի հայտարարության մեջ՝ Պապիկյանն ասաց. «Չեմ ուզում խոսել տողատակերի մասին: Եթե տողատակեր կան, ապա կարող եմ ասել, որ դա հիասթափեցնող է լինելու թե՛ իր, թե՛ իրեն սպասող, արդեն տարբեր անկյուններում արձագանքողների համար»:

Պապիկյանն ասաց, որ կորոնավիրուսի այս ծանր պայմաններում փոխանակ ՀՀ քաղաքացուն օգնելու, իշխանությանը ապավեն լինելու՝ առիթն օգտագործում են ու տարբեր մեղքեր իշխանության վզին են փաթաթում. «Դա ոչ միայն վատ է, այլեւ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչների արված հայտարարությունները ըստ էության ՀՀ քաղաքացու եւ պետականության դեմ են»:

Հարցին՝ ընդդիմադիր այդ բեւեռը, եթե ստեղծվի, կարո՞ղ է սասանել իշխանությունը՝ Պապիկյանը պատասխանեց. «Մենք որեւէ խնդիր չենք տեսնում: Դա քաղաքական սովորական պրոցես է; Տարբեր քաղաքական ուժեր երբեմն միավորվում են, երբեմն՝ անջատվում: Իշխանությունը որեւէ մտահոգություն չունի, իշխանության դիրքերն ամուր են, որովհետեւ ձեւավորվել է ազատ, արդար ընտրությունների արդյունքում՝ ժողովրդի քվեով ու վստահությամբ»:

Դիտարկմանը, որ իրենք ասում են՝ դուք մսխել եք ժողովրդի այդ վստահությունը՝ Պապիկյանը չհամաձայնեց. «Դա իրենց ցանկությունն է, մենք չենք կիսում»:

Հետո Պապիկյանն ասաց, որ համավարակը հաղթահարելու են. «Եթե որեւէ մեկը դրա մեջ փնտրում է, որ կարողանա որեւէ կերպ ձեռքերը տաքացնել, ես պարզապես ցավում եմ այդ մարդկանց համար: Դա հարիր չէ պետական գործչին ու ՀՀ քաղաքական որեւէ ուժի: Ծառուկյանի քննադատությունը վերաբերում է ՀՀ կառավարության 100 տոկոս փոփոխությանը: Փաստ է, որ դա ունի որոշակի պատճառներ: Ակնհայտ է, որ տարբեր հարցեր կան, այդ թվում՝ տարբեր քրգործեր, որոնք միգուցե մտահոգում են մեր գործընկերներին եւ ակտիվացման ու կոնսոլիդացիայի… չեմ բացառում: Մենք խոսում ենք մարդկանց մասին, ովքեր տարիներ շարունակ հսկայական կարողություններ եւ գույք են կուտակել ու գիտենք նաեւ, որ ԱԺ-ն ընդունել է «Ապօրինի հարստացման մասին» օրենքը, ուղղակի համբերություն եմ մաղթում մեր գործընկերներին ու ուզում եմ, որ իրենք հետեւողականորեն փորձեն ապացուցել, թե ինչպես են կուտակել այդ հարստությունը եւ արդյոք նրանք օրինական են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930