Լրահոս
Օրվա լրահոսը

Այն քաղաքական ուժերը, որոնք օգտվել են իրավիճակից, փորձում են իրենց շահը առաջ տանել, քաղաքական իմաստով իրենք իրենց ոտքին են կրակում». Արսեն Խառատյան

Հունիս 10,2020 19:01

Քննարկում՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի նյութերի արտահոսքի, Վահան Արծրունու հայտարարության ու կորոնավիրուսից մահացած 220 քաղաքացիների համար պատասխանատվություն կրելու վերաբերյալ:

«Հասարկության մեջ քաոտիկ ինֆորմացիոն հոսք էր տիրում, ընդդիմադիրների եւ որոշ քաղաքական ուժերի կողմից փորձ էր արվում ձեւավորել համավարակի նկատմամբ անվստահություն, ձեւավորվում էր «աշխարհը կեղծ է» մոդելը, քանի որ դրա վրա շատ հեշտ է մանիպուլյատիվ մեխանիզմներ կիրառել արդեն քաղաքական նպատակներով»,-այսօր «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «COVID-19-ի տարածում, ներքաղաքական լարվածություն. համարժե՞ք են կառավարության քայլերը իրավիճակին» առցանց քննարկման ժամանակ ասաց մշակութային մարդաբան Աղասի Թադեւոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում իշխանությունների այն պատճառաբանությանը, թե քաղաքացիներն այնքան էլ կարգապահ չեն ու չեն ենթարկվում պարետատան որոշումներին եւ վարակի տարածման տեմպը կախված է նաեւ քաղաքացիների անփությունից:

Պարոն Թադեւոսյանի խոսքով, հասարակության վարքագիծը փոփոխվում է ըստ իրավիճակի. «Ցանկացած անփութության համատարած իրավիճակ միշտ առաջանում է այն ժամանակ, երբ կառավարության մոտ առաջանում են ոչ հստակ գործողություններ, քաոտիկ իրավիճակ: Կառավարության գործողություններից կախված է հասարակության վարքագիծը դրա վառ ապացույցն է վերջին երեք-չորս օրվա փոփոխությունը, երբ տեսանք՝ փողոցում ինչպես հասարակությունը միանգամից դարձավ կարգապահ եւ սկսեց համատարած դիմակ կրել, ձեռնոց դնել»:

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցն անդրադառնալով հասարակական գործիչ Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառմանը, որ 1-ին կլինիկական հիվանդանոցը պատրաստ սպասել է, բայց այդ հիվանդանոցը չեն ընդգրկել կորոնավիրուսի դեմ պայքարում՝ տնօրինության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով, Արթուր Սաքունցն ասաց, որ կառավարությունը սխալ է վարվել, երբ հենց սկզբից էլ չի ներգրավել մասնագետներին ու նրանց մասնակից չի դարձրել վարակի դեմ պայքարի գործընթացներին՝ անկախ այդ մասնագետների ունեցած քաղաքական հայացքներից: Սաքունցի խոսքով, չորս հիմնական սկզբունք կար, որով պիտի առաջնորդվեր կառավարությունը վարակի դեմ պայքարի գործում, սակայն թերացել է: Ըստ նրա, թեստավորման քանակն անբավարար է եղել եւ Հայաստանում չեն ապահովել թեստավորման նվազագույն քանակը, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, որ թեստերի քանակից կախված վարակակիրների թիվը փոփոխվում է. «Այս պահին անհասկանալի է պետության հայեցակարգը կորոնավիրուսի հաղթահարման համար, 220 մահը լուրջ պատասխանատվություն է, պետք է հիմնավորվի, որ ամեն դեպքով բժշկական պատշաճ օգնություն ցուցաբերվել է, թե ոչ»:

Արթուր Սաքունցը գտնում է , որ ինքնամեկուսացման գործընթացն էլ պատշաճ չի կազմակերպվել, որը պետք է առնվազն մեկ ամիս տեւեր: Բացի այդ առողջապահական համակարգը նախապես չի հարմարեցվել ու նախապատրաստվել առողջական լուրջ խնդիրներով մարդկանց սպասարկելու համար: Մյուս բաղադրիչն էլ, ըստ Սաքունցի, սոցիալ-տնտեսական գործունեություն իրականացնողների խնդիրներին լուծում տալն էր, ինչը եղել է, բայց ոչ արդյունավետ:

Քննարկման մասնակից Վրաստանում գործող «Ալիք մեդիա» հայկական հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը նույնպես գտնում է, որ ի սկզբանե պետք է ներգրավեին համաճարակաբաններ եւ այլ մասնագետներ, ինչը չի արվել, լավ է, որ այդ մոտեցումը վերանայվել է: Նա, Վրաստանի օրինակով պատմեց, թե ինչպես է այդ երկրի ամենահայտնի համաճարակաբանը հանրության հետ ամենօրյա կապն իրականացրել եւ բնակչությունը ոչ թե քաղաքական գործիչներից է տեղեկատվություն ստացել, այլ՝ մասնագետներից:

Խոսելով ներքաղաքական զարգացումներից պարոն Խառատյանն ասաց. «Այն բոլոր մարդիկ, որոնք իրավիճակից օգտվելով փորձում են իրենց շահը առաջ տանել, ճգնաժամի ավարտից հետո շատ վատ վիճակում են հայտնվելու՝ անկախ ամեն ինչից: Այո պետք է խոսենք գործադիրի սխալների մասին, բայց ամեն Աստծո օր, այդ քաղաքական ուժերն օգտվել այս իրավիճակից, նույնիսկ հրճվելով, քաղաքական իմաստով իրենք իրենց ոտքին են կրակում, համաճարակի ավարտին յուրաքանչյուրին իր գնահատականը կտրվի»:
Պարոն Խառատյանի համոզմամբ, այդուհանդերձ, քաղաքական իշխանությունն է պատասխանատու երկրում ստեղծված իրավիճակի համար եւ անելիք ունի նաեւ համախմբման գործում: Ինչ վերաբերում է ուժային կառույցների ղեկավարների մեկ օրում վարչապետի կատարած փոփոխությանը Արսեն Խառատյանն ասաց, որ հատկապես՝ ոստիկանությունում խնդիրները ակներեւ էին եւ ոստիկանապետի փոփոխությունն անհրաժեշտություն էր. «Այն ինչ տեղի է ունեցել վարչապետի որոշումներով երեք կառույցներում տեսանելի եւ արագ ժամկետներում իր արդյունքը կտա»:

Հարցին, այսօր շրջանառության մեջ են դրվում գոտկատեղից ներքեւ կոմպրոմատներ, որոնք հրամցվում են հասարակ քաղաքացիներին, որքանո՞վ է այդ ինֆորմացիոն արտահոսքը խոսում այն մասին, որ կառավարությունը շարունակում է հարգել քաղաքացուն, որը ստիպված է մե՛կ այս կողմից մե՛կ այն կողմից ուտել այդպիսի ինֆորմացիա, Աղասի Թադեւոսյանն ի պատասխան ասաց. «Եթե դա, իսկապես հավաստի տեղեկատվություն է եւ այն տարիներ շարունակ թաքցվել է հասարակությունից, ապա, ես կարծում եմ, որ այդ տեղեկատվությունը չափազանց ուշացված է եւ դա պետք է լիներ հենց այն պահին, երբ տվյալ անձնավորությունը փորձում էր մտնել քաղաքական դաշտ կամ քաղաքական կուսակցություն էր ձեւավորում: Քաղաքական կուսակցությունների այն առաջնորդները, Ազգային ժողովի պատգամավորները, որոնք ունեն այդպիսի արատավոր էջեր, նրանք իրավունք չունեն գտնվելու նման դիրքերում:
Այլ բան է այդ տեղեկատվությունն ինչպես է տարածվում: Դա համարում եմ չափազանց բացասական»:

Հիշեցնենք, որ խոսքը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի՝ 40 տարի առաջվա՝ 1979 թվականի դատվածությանը վերաբերող քրգործի նյութերի արտահոսքի, վերաբերյալ էր:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930