Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ ներկայացված Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության մեջ եղել է ցուցմունք, որը ստացվել է ավելի ուշ. Երեմ Սարգսյան

Հունիս 19,2020 01:27

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը հինգշաբթի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը, դատավոր Ռոբերտ Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ, մերժեց։ Այս մասին նիստից հետո լրագրողներին ասաց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Որոշումը պաշտպանական կողմը դեռ չի ստացել, ուստի՝ իրենց դիրքորոշումը մերժման վերաբերյալ կարտահայտեն որոշմանը ծանոթանալուց հետո:

Պաշտպանը նաեւ ներկայացրեց դատական նիստից մանրամասներ, մասնավորապես, ասաց, որ դատարանում հիմնավորել են, որ այս քրեական գործը ԱԱԾ-ում ապօրինի կարգով է քննվում:

Հիշեցնենք՝ հունիսի 14-ին՝ վաղ առավոտից, ԱԱԾ-ն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն էր իրականացնում, որն առնչվում էր 2017 թ.-ին մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Վազգեն Պողոսյանի հետ կապված քրեական գործին: Այնուհետ, Գագիկ Ծառուկյանը ժամեր շարունակ հարցաքննվում էր ԱԱԾ-ում, իսկ նրա համակիրները եւ ԲՀԿ-ական պատգամավորներն ու Երեւանի ավագանու անդամները ցույց էին անում:

Երեմ Սարգսյան

Ըստ պաշտպանի, ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, թե որ գործը, նախաքննական որ մարմինները պետք է քննեն. «Այն հոդվածը, որով որ հարուցվել է քրեական գործը` ընտրակաշառքի մասով, ՀՔԾ-ին ենթակա գործ է: Օրենքը հստակ սահմանում է եւ դատախազն իրավունք չունի փոխել նախաքննական մարմինը: Առաջին պահից սկսած ապօրինի է եղել, հետեւաբար, հետագա բոլոր գործողությունները ապօրինի են»:

Պաշտպանն ասաց նաեւ, որ դատարանին լուրջ փաստարկներ են ներկայացրել այն մասին, որ այս գործով քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, ոչ թե՝ իրավական: «Այս փաստաթղթերը, որոնք որ հայտնաբերվել են եւ դրվել են մեղադրանքի հիմքում, հայտնաբերվել են 2019 թվականի փետրվարի 5-ին: Փետրվարի 6-ին, կոնկրետ անձի հարցաքննության ժամանակ հարց է տրվել, որ այս փաստաթղթերից տպավորություն կա, թե ընտրողների ձայներ է գնվել, ի՞նչ կասեք: Հարցին պատասխան չի տրվել եւ չորս ամիս, մինչեւ հունիսի 5-ի՝  Գագիկ Ծառուկյանի հնչեցրած քննադատությունը, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով փոխվի, այդ պահից սկսած հիշեցին, որ նման բան է եղել եւ որոշեցին այդ մարդկանց նորից պետք է հարցաքննեն ամսի 8-ին»,- մանրամասնեց Երեմ Սարգսյանը` հավելով, որ հարցաքննության արդյունքում որեւէ հավելյալ փաստական տվյալ չի ստացվել, բայց նույն փաստաթուղթը երկու օր անց` հունիսի 10-ին, զննում են եւ քրեական գործ են հարուցում: Պաշտպանը եզրակացնում է` կա մեկ փաստաթուղթ, որը փետրվարի 5-ին հանցագործության հատկանիշներ չէր պարունակում, Գագիկ Ծառուկյանի քննադատությունից հետո սկսեց պարունակել` առանց որեւէ նոր տվյալի ձեռքբերման:

Պաշտպանը ուշադրություն է հրավիրում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից ժամեր անց վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանի գրառմանն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը անհանգստացած է մի շարք քրեական գործերի ընթացքով, այդ թվում՝ ընտրակաշառքների վերաբերյալ: Պաշտպանի պնդմամբ, հայտարարության պահին ընտրակաշառքի գործ հարուցված չի եղել, միայն հետո է նման գործ հարուցվել, ինչը ակնհայտ է դարձնում ամենի քաղաքական բաղադրիչը:

«Միջնորդությունները ԱԺ-ում, ըստ համապատասխան պաշտոնատար անձանց ֆեյսբուքյան գրառումների, մուտքագրվել է հունիսի 15-ին՝ ժամը 18։18-ի: Այդ միջնորդության մեջ հղում է կատարված կոնկրետ ապացույցի` ցուցմունքի, որը ձեռք է բերվել դրանից հետո` 19։00-ին, հարցաքննությունն այդ ժամանակ է ավարտվել: Ինչը ակնհայտ նշանակում է, որ այստեղ եղել են պայմանավորվածություններ` տարբեր պետական մարմինների միջեւ»,- հայտարարեց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանն ընդգծում է, որ խիստ անհրաժեշտություն է եղել ամսի 15-ին մուտքագրել գլխավոր դատախազի` Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, որ ամսի 16-ի նիստում այն քննարկվի: Ըստ նրա, խիստ քննարկումների կարիք ունի նաեւ ցուցմունքի բովանդակությունը եւ ժամանակագրությունը, որին դեռ կանդրադառնան:

Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ գործում փաստական տվյալներ չկան, թե Սեդրակ Առուստամյանը եւ Աբրահամ Մանուկյանը ումի՞ց են գումար ստացել եւ ինչի՞ համար:

Էմին Խաչատրյան

Պաշտպանական խմբի անդամ Էմին Խաչատրյանն էլ ասաց, որ երեք քրեական գործերի մասին Գագիկ Ծառուկյանն իմացել է իր տան խուզարկության օրը` խուզարկության որոշումից, եւ իրականությանը չեն համապատասխանում իշխանական պատգամավորերի այն հայտարարությունները, որ Գագիկ Ծառուկյանն արտահոսքի արդյունքում ավելի վաղ է իմացել հարուցվելիք քրեական գործերի մասին:

Նա տեղեկացրեց նաեւ, որ ընտրակաշառքի գործով, երկու օրվա ընթացքում, չորս տասնյակից ավել խուզարկություններ են արվել ԲՀԿ մարզային կառույցներում, ԲՀԿ-ականների բնակարաններում, բայց դեռ հայտնի չէ, թե ի՞նչ է արդյունքում հայտնաբերվել կամ հայտնաբերվե՞լ է, թե՞ ոչ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարները՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930