Այսօր վաղ առավոտից Ամուլսարի տարածքում լարված իրավիճակ էր: Այս մասին ֆեյսբուքյան էջի իր ուղիղ եթերում տեղեկացրեց «Դեմ եմ Ամուլսարում հանքաարդյունաբերությանը» նախաձեռնության հեղինակ, Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանը: Նրա խոսքով, զենք-զինամթերքով, արտահագուստով տարածք են ժամանել ինչ-որ կազմակերպության անդամներ եւ փորձել են Ամուլսարի 2-րդ «պոստից» մտնել տարածք: Նախաձեռնության անդամները պարզել են, որ նրանք «Սեքյուրիթի» ընկերության աշխատակիցներ են եւ եկել են փոխարինելու Ամուլսարի ոսկու հանքը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հետ պայմանագիր կնքած մեկ այլ անվտանգության եւ պահնորդական ծառայություն իրականացնող «Պանտերա սեքյուրիթիի» ընկերության աշխատակիցներին: Շիրակ Բունիաթյանի խոսքով, սակայն, իրենք խոչընդոտել են, քանի որ այդ մասին նախապես տեղյակ չեն եղել:

Ջերմուկցիները նշեցին, որ դեմ են «Լիդիան Արմենիայի կողմից հովանավորվող մեքենա կամ այլ սարքավորումներ մտնեն Ամուլսարի տարածք: Նրանց խոսքով. «Սա կա՛մ անհեռատես քայլ է, կա՛մ դիտավորություն, քանի որ պետք է հաշվի առնեին, որ Ամուլսարում ցանկացած շարժ առաջացնելու է կուտակում, որը կարող է ունենալ իր հետեւանքները»:

Ոստիկանության պաշտոնյայի խոսքով՝ անկախ այն բանից՝ իրավական ինչ լուծում կլինի, Ամուլսարի տարածքում կա գույք, կա սեփականություն, որը պահպանության ենթակա է. «Ցանկացած ոտնձգություն, հանցավոր նյութական պատասխանատվությունը հետագայում մնալու է անվտանգություն իրականացնող կազմակերպության վրա եւ նաեւ «Պանտերայի» վրա, որը որ մինչ այժմ աշխատել է: Մնացած պատասխանատվությունը՝ հանցագործներին բացահայտելու, մեղավորներին պատժելու, մնալու է ոստիկանության վրա: Այս մարդիկ ոչ մի քաղաքական կամ այլ հետաքրքրություն չունեն՝ բացի իրենց ֆինանսական հետաքրքրությունը, պահնորդական ծառայությունը կատելուց»:
Ամուլսարի պահապաններին զայրացրել էր, որ ի տարբերություն «Պանտերա»-ի՝ նոր կազմակերպության աշխատակիցները հանգստյան ժամանակ չեն մնա հյուրանոցներում, այլ Ամուլսարի տարածքում նրանց պետք է հատկացվեն վագոն-տնակներ: Մինչդեռ, նախաձեռնության անդամների խոսքով, տարածքում կան հսկող տեսախցիկներ եւ դա բավական է՝ տարածքը հսկելու համար:
Կարդացեք նաև
Ավելի ուշ, Շիրակ Բունիաթյանը հայտնեց, որ իրենց պահանջները կկատարվեն եւ պայմանները նույնը կլինեն՝ ինչպես նախկին կազմակերպության դեպքում էր. «Զենքերը, շոուները չեն լինի, այս գիշեր կմնան տարածքում, վաղը այն աշխատակիցները, որոնք հերթափոխի աշխատակիցները չեն, կտեղափոխվեն հյուրանոց»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































