Լրահոս
Օրվա լրահոսը

Փորձագետն ու պատգամավորը փաստում են՝ հայոց լեզվի ժամերը պակասում են

Հուլիս 09,2020 13:17

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Հոդված 3» ակումբի կազմակերպած քննարկման ժամանակ ներկայացնելով հանրակրթության նոր չափորոշիչը՝ ասաց, որ փաստաթուղթն ունի առանցքային նշանակություն, այն պետք է դեռ լայնորեն քննարկվի եւ մեծ իրազեկում ունենա: Ասաց նաեւ, որ չափորոշչի առանձնահատկությունը դպրոցից պետական ակնկալիքները, պահանջը ձեւակերպելն է: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշեց, որ ցանկություն ունեն դպրոցը վերափոխել այնպես, որ այն դառնա իրապես ստեղծագործ միջավայր:

«Մենք փորձում ենք չափորոշչի միջոցով վեր կանգնել առարկայական մոտեցումներից եւ խնդիր դնել վերառարկայական մոտեցումների»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: Ապա հավելեց. «Մենք պետք է պաշտպանենք ոչ թե առարկաների, այլ սովորողի շահերը, դրանք ինքնանպատակ չպետք է լինեն, արժեքային, գիտելիքային համակարգ պետք է ձեւավորեն սովորողի մոտ…»:

Նշեց, որ ընդհանուր ժամաքանակները կրճատվում են առնվազն 200-ով՝ ի հաշիվ կրկնությունների բացառման, համակարգված, ինտեգրված մոտեցում ներդնելու միջոցով: Նորից ընդգծեց, որ չափորոշիչը նպատակ չունի քննարկելու որեւէ առանձին առարկայի ճակատագիրը: Չափորոշիչը կներդրվի 2022-23 ուսումնական տարվանից:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամ Լուսինե Խառատյանի խոսքով, չափորոշչի մոտեցումները ողջունելի են, եւ տեղին է առանձին առարկաներին չանդրադառնալը եւ վերառարկայական կոմպետենցիաներ սահմանելը: «Ես կողմ եմ բարեփոխմանը, բայց շատ բան կախված կլինի իրականացումից, այդ առումով շատ կարեւոր է լինելու թե պիլոտայյին շրջանը, թե ուսուցիչների վերապատրաստումը»,-ասաց նա՝ թվարկելով մնացած քայլերը:

Լուսինե Խառատյանն ասաց, որ սա նույնիսկ ուշացած ռեֆորմ է: Ապա անդրադարձավ փաստաթղթում եղած խնդիրներին: Նրա խոսքերով, վերջնարդյունքների կապը կարողունակությունների հետ այդքան էլ հստակ չէ, հայոց լեզու եւ գրականություն կարողունակությանը հատկացված ժամաքանակը քիչ է: Լուսինե Խառատյանի կարծիքով՝ առանց բավարար լեզվական կարողությունների՝ հնարավոր չէ խոսել մնացածի մասին, ինչպես էլ դրանք դասավանդվեն:

Կրթական քաղաքացիական նախաձեռնության անդամն ընդգծեց, որ օրինակ Ֆրանսիայում գոնե տարրական դպրոցում 40 տոկոս է կազմում մայրենի լեզուն, ուրիշ երկրներում՝ 25-30 տոկոս: «Արժի սրան ուշադրություն դարձնել տարրական դպրոցում, հատկապես որ Հայաստանում ֆունկցիոնալ գրագիտության խնդիր կա»,-նշեց նա:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի ձեւակերպմամբ, ամենամեծ խնդիրն այն է, որ այս փաստաթուղթը գրվել է առանց երկու քայլ կատարելու՝ կարիքների գնահատում եւ կրթության ռազմավարություն: «Նաեւ մտահոգություն ունեմ, որ 30-35 հոգանոց դասարաններում ուսուցչի համար ձեւավորող գնահատում իրականացնելը մեծ դժվարություն է լինելու… Հաջորդն այն է, որ կրթության ռազմավարությունը, տեսլականը կարող էին լուծել շատ հարցեր, որոն,ք ցավոք սրտի, թափվեցին այս փաստաթղթի վրա»:

Կարողունակություն բառի փոխարեն Սերոբ Խաչատրյանն առաջարկեց գործունակությունը. «Կոմպետենցիոն կրթության իմաստն այն է, որ կրթությունը պետք է անցնի տեսականից գործնականի: Կարծում եմ, որ գործունակություններ բառը եւ գեղեցիկ է, եւ տեղին է հնչում: Նաեւ լավ կլիներ, որ որակավորումների ազգային շրջանակի հետ համաձայնեցվեր այս փաստաթուղթը: Մյուս խնդիրն էլ վերաբերում է վերջնարդյունքներին: Ես կողմնակից եմ, որ վերջնարդյունքների թիվը քիչ լինի, այլապես դրանց մեծ թիվը ուսուցիչներին եւ տնօրեններին հնարավորություն չի տա կենտրոնանալ: Եթե ամեն աստիճանի համար գրվի տասը վերջնարդյունք, ուսուցիչները կհասկանան, թե ինչ պետք է ապահովեն այդ աստիճանի համար»:

Սերոբ Խաչատրյանն անդրադարձավ նաեւ ինտեգրված ուսուցմանը, որը վերաբերում է հատկապես հինգ-վեցերորդ դասարաններին. «Ինտեգրված մոտեցումը շատ բարդ է, օրինակ, Օքսֆորդի համալսարանը ինտեգրված մոտեցում իրականացնում է միայն մագիստրոսական աստիճանում: Շատ դժվար է հինգերորդ դասարանի երեխայի համար գրել ինտեգրված դասագիրք, երբ երեխան դեռ ոչինչ չգիտի: Պետք է հինգերորդ-վեցերորդ դասարաններում հիմքը տանք, իսկ ինտեգրումը շատ ավելի լավ կարող է աշխատել ավագ դպրոցում»:

Սերոբ Խաչատրյանն ընդգծեց, որ փաստաթղթում չկան դասավանդման սկզբունքները, մինչդեռ դասավանդումը-գնահատումը եւ վերջնարդյունքը մանկավարժության մեջ համարվում են եռամիասնություն. «Ուսուցիչը կարդաց կարողունակություն բառը, ինքը պետք է հասկանա, թե իր աշխատանքում ինչը պետք է փոխվի, որ այդ ամենը կարողանա ապահովել: Չափորոշիչը հանրակրթության բովանդակության սահմանադրությունն է, բոլոր բաղադրիչների մասին որոշակի հատվածներ, սկզբունքներ, թեզեր պետք է լինեն»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի խոսքով, այն փոփոխությունները, որ փորձում են իրականացվել, իհարկե, կարեւոր են, բայց դրանցում կան նաեւ խնդրահարույց չափորոշիչներ, անհասկանալի ձեւակերպումներ: Պատգամավորն ասաց, որ իրենց նկատառումներն ուղարկել են ԿԳՄՍ նախարարություն, սակայն դեռ պատասխան չեն ստացել: Նա տարակուսանք հայտնեց, որ ռազմագիտություն առարկան մտցված է ֆիզիկական դաստիարակության մեջ: «Արդյոք դպրոցում ռազմագիտություն առարկան պետք է լինի եւ բարելավման գնա ծրագրային առումով: Հայոց եկեղեցու պատմություն առարկայի շուրջ բանավեճերն ու խնդիրների վերաբերյալ փորձում ենք կոմպրոմիսային տարբերակ գտնել, միեւնույն ժամանակ հայոց լեզու գրականություն առարկայի ժամաքանակի հետ կապված… Չափորոշչում հստակ գրված չէ, մի՞թե պետք է հույսներս դնենք միջառարկայական կապերի վրա եւ թերի կամ քիչ ժամաքանակով անցնենք հայոց լեզուն»,-ասաց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանի ձեւակերպմամբ, ոլորտի պատասխանատուները եւ նեղ մասնագետներն ավելի արժեքավոր դիտարկումներ կարող են անել հանրակրթության չափորոշչի մասին, իսկ ինքը որպես պատգամավոր, որ հանդիպել է ուսուցիչների, աշակերտների, ծնողների, եկեղեցու ներկայացուցիչների հետ, առանձնացրել է նրանց կարծիքով մի շարք խնդիրներ, որոնք բխում են փաստաթղթից:

Նա փաստեց, որ երբ քննարկումները սկսվեցին բուհերում հայագիտական առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին, ԿԳՄՍՆ նախարարությունը շեշտադրում էր անում այն բանի վրա, որ դիմորդները դպրոցից հայագիտական առարկաներով զինված են գալու բուհեր, մինչդեռ մերօրյա Հայաստանում ոչ բավարար պատրաստվածություն ունենք հայագիտական առարկաների առումով:

Աննա Կոստանյանի խոսքով, մյուս առարկաները կարեւորելու կողքին՝ մայրենի լեզվի հանդեպ պետք չէ նվազեցնել հետաքրքրությունը: Հայոց եկեղեցու պատմությանն էլ անդրադարձ եղավ: Պատգամավորն ասաց, որ Հայոց եկեղեցու պատմություն առարկայի շուրջ տեղի ունեցող քննարկումներում աշակերտները եւ ծնողները ընդգծել են առարկայի կարեւորությունը: Նա հարց հնչեցրեց՝ երաշխիքը ո՞րն է, որ այդ առարկան տարրալուծելով հասարակագիտական առարկաների մեջ, հնարավոր է լինելու ամբողջ բովանդակությունը տեղավորել:

Նա հիշեցրեց, որ շուրջ 300 ուսուցիչ Հայ եկեղեցու պատմություն է դասավանդում, եւ եթե առարկան առանձին չի դասավանդվում, նաեւ սոցիալական խնդիր է առաջանում. «Ասում ենք, որ աշխարհում առաջին քրիստոնեական ազգն ենք, հետեւաբար պետք էր հաշվի առնել եւ կարեւորել եկեղեցու ներկայացուցիչ դերակատարությունը այս գործընթացներում: Ռեֆորմների փիլիսոփայության մեջ պետք է տեղ գտնի այն մոտեցումը, որ դրանք ոչ վիրահատական մեթոդներով պետք է իրականան, եւ չպետք է բացառել որեւէ սուբյեկտի մասնակցությունը»:

Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց, որ փաստաթուղթը սահմանում է չորս պարտադիր առարկա՝ հայոց լեզու եւ հայ գրականությունը, հայոց պատմությունը, մաթեմատիկան եւ օտար լեզուն: Սրանք պետք է լինեն բոլոր դպրոցներում: Նա նշեց, որ չի կիսում այն մոտեցումը, թե հայոց լեզվի դիրքերը սասանվում եմ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031