«Սեւանի կանաչման դեմ աշխատանքներ տարվում են, բայց խոստովանում եմ, որ դրանք բավարար չեն: Գետերի վրա, ափերին գտնվող մաքրվող կայանների ուղղությամբ, թեեւ որոշ աշխատանքներ տարվում են, բայց այդ աշխատանքները օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով դանդաղ են ընթանում»,-այսօր Սեւանա լճի ափին կազմակերպված ասուլիսում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
Մարզպետի համոզմամբ, Հայաստանում Սեւանը բանակից հետո, երկրորդ տեղում է, որի համար պետք է գումար հատկացնեն: Ասաց, որ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատանքներ է տանում:
Ինչ վերաբերում է լիճ թափվող կեղտաջրերը մաքրելուն, ապա, Գնել Սանոսյանի տվյալներով, այս պահին գործում են երեք մաքրման կայան, սակայն երեքն էլ մեխանիկական են, բայց պետք է լինի առնվազն 4 կենսաբանական մաքրում իրականացնող կայան:

Կարդացեք նաև
Պարոն Սանոսյանը գտնում է, որ բանակին մատակարարվող սննդի մեջ էլ պետք է ներառել սիգ ձուկը, որը օգտակար է եւ կարելի է մատակարարել սառեցված ձկան փոխարեն: Այս տարվա համար թույլատրված է 200 տոննա ձկան որս:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































