Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Տավուշի մարզում դեպքերից հետո վերջին արձագանքները ցույց են տալիս, որ իշխանությունները սկսել են ինչ-որ բան հասկանալ». Քոչարյան

Հուլիս 29,2020 22:55

ՀՀ իշխանությունը երկու տարվա ընթացքում պնդում է, որ բանակցություններին պետք է մասնակցի Արցախի ներկայացուցիչը եւ Հայաստանը որպես կողմ, բանակցություններ չի տանի, մինչեւ Արցախի ներկայացուցիչները բանակցություններին չմասնակցեն: Հնարավո՞ր է այդ տարբերակը:

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Հիմա մենք խոսում ենք փաստերի՞, թե՞ հայտարարությունների մասին: Այդպիսի հայտարարություններ հնչել են, հետո ունեցել ենք երկարատեւ, ժամերով բանակցություններ, որոնք պարզվում է, բանակցություններ չէին, չգիտեմ ինչ էին: Ունեինք հայտարարություններ, ունեինք փաստացի վիճակ, որոնց կապը ես չէի տեսնում: Ինձ անհանգստացնում է ամեն ինչ, ինչը տրամաբանված չէ, որովհետեւ չտրամաբանված ելույթների մեջ դու տեսում ես նաեւ հնարավոր միտումնավորություն կամ ուղղակի հարցի կարգավորման էությունը չհասկանալու ինչ-որ բան: Երկուսն էլ վտանգավոր են՝ ե՛ւ միտումնավորությունը, նաեւ վտանգավոր է, երբ մարդիկ չեն հասկանում հարցի կարգավորման էությունը, բայց զբաղվում են այդ հարցով»:

Հարցին՝ լավ, բա վերջը ի՞նչ է լինելու, այս կետից ի՞նչը պետք է լինի ըստ ձեզ, որ հնարավոր լինի ինքնորոշման իրավունքի մեր ռազմավարության առաջմղում՝ Քոչարյանը պատասխանեց. «Ուղղակի պետք է կարդալ ԼՂ անկախության հռչակագիրը, որովհետեւ Ղարաբաղի հանրապետության ձեւավորման իրավական հիմքերը իրականում անխոցելի են: Գիտեք, ամեն ինչի համար հիմք է պետք՝ ինչի վրա ես հենվում քո քայլերի մեջ: Եթե չկա հիմքը կամ դու օրական նոր հիմք ես գտնում, կամ ավելի շատ դու մտավարժանքների արդյունքում փորձում ես օրիգինալ ինչ-որ բաներ ասել, որոնք հարցի էության հետ որեւէ աղերս չունեն, դրա հետեւանքները լավ չեն լինում»:

Հարցին՝ երբ որ այս խճճված իրավիճակի առջեւ ենք կանգնած ու բանակցությունները կանգ են առել, հնարավո՞ր է նորից շտկել իրավիճակը, հետ բերել ու նորից նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ երկրորդ նախագահը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է: Չեմ կարծում, որ հնարավոր է հետ բերել առանց կորուստներ՝ բանակցային դիրքերում, ես նաեւ ժամանակի կորուստն եմ կորուստ համարում, որովհետեւ որոշ ժամանակ մենք պետք է ծախսենք՝ բանակցային գործընթացը ճիշտ կետերի վերադարձնելու համար, բայց հնարավոր է: Իմ տպավորությամբ, այսօր իշխանությունը սկսել է հասկանալ ինչ-որ բաներ, համենայնդեպս Տավուշի մարզում դեպքերից հետո վերջին արձագանքները ցույց են տալիս, որ սկսել են ինչ-որ բան հասկանալ, հասկանալ, որ ինչ-որ բան էն չեն անում: Միգուցե դա կարճատեւ սթափեցնող հանգամանք է, այնուամենայնիվ, սպասենք, տեսնենք ինչ է»:

Հարցին՝ Ալիեւի վերջին հայտարարությունները հաշվի առնելով, որ բանակցությունների թեմա չի տեսնում ՀՀ-ի կողմից նման հայտարարությունների պարագայում, ի՞նչ պետք է լինի՝ Քոչարյանը պատասխանեց, որ դա չպետք է համարել ողբերգություն. «Ենթարկվել որեւէ շանտաժի, իսկ ես սա շանտաժ- եմ համարում, ուղղակի չի կարող լինել: Սա այն դեպքն է, որ պետք է սկզբունքայնություն դրսեւորվի, նույնիսկ ռիսկեր ունենալու պարագայում: Ռիսկեր, այո, կան, բայց մենք 88-ից միշտ եղել ենք ռիսկային իրավիճակներում, գնացել ենք այդ ռիսկին եւ հաջողել ենք: Ռիսկ կա,չեն ուզում բանակցել, ուրեմն չպետք է բանակցվի: Երբ կհասունանա այն պահը, որ իրենք կհասկանան, որ բանակցություններին այլընտրանք չկա, կվերադառնան բանակցությունները: Կապրիզների գերի չպետք է դառնալ երբեք որեւէ պարագայում»:

Ըստ Քոչարյանի, Արցախի հարցում ինչքան էլ ուզենան զրոյական կետից սկսել, վերադառնում են այն կետին, որտեղից վերցրել են իշխանությունը ու օրիգինալ լինել այսպիսի լուրջ հարցերում լավ տեղ չի տանելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031