Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա ի՞նչ մնաց այս 2 տարում որդեգրված մոտեցումներից, դուք ինձ ասեք՝ մի բան մնա՞ց, թե՞ չմնաց». Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանային լարվածության մասին

Հուլիս 29,2020 22:10

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ2» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում խոսեց սահմանային լարվածության մասին: Ըստ նրա, նախ, պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել՝ Ադրբեջանը փորձել է բարելավել դիրքերը սահմանի վրա, իսկ հայկական ուժերը ոչ միայն կանխել են, այլեւ արժանի հակահարված տալով, բարելավել են իրենց դիրքերը: Մեր ԶՈՒ-ն արձագանքել է ճիշտ եւ արագ, դրանից հետո փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը՝ Ադրբեջանը սկսել է  ռմբակոծել հայկական գյուղերը՝ օգտագործելով հրետանի եւ ԱԹՍ. «Այդ ընթացքում լոկալ մարտը վերածվեց ավելի մասշտաբային մարտական բռնկումների»:

Իսկ թե ինչու է Ադրբեջանն այսպես ցավոտ արձագանքել լոկալ միջադեպին՝ Քոչարյանն այսպես բացատրեց. «Մենք պետք է դիտարկենք այս ամենը անցած երկու տարվա կտրվածքով՝ ինչ էր լինում հայ-ադրբեջանական սահմանի վրա, շփման գծի վրա: Ըստ էության, առաջին անգամ մենք կանխել ենք Ադրբեջանի ցանկությունը՝ բարելավել դիրքերը, իսկ դիրքային առավելությունը չափազանց կարեւոր է: Ընդհանրապես զինվորականները պիտի համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի: Սա տեւելու է շատ երկար եւ եթե քո մարտական դիրքը հարմար է, ապա երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք եւ հակառակը մյուս կողմի համար: Դրա համար չափազանց կարեւոր է առաջնային գծում միշտ մտածել դիրքերը բարելավելու եւ ամրապնդելու մասին, ինչը ցավոք,մենք չէինք անում վերջին 2 տարվա ընթացքում: Իրենք անարգելք բարելավում էին իրենց դիրքերը եւ ամրացնում եղած մարտական դիրքերը: Հավանաբար, սովորել են, որ այդպես էլ պետք է լինի ու երբ որ կանխվեց եւ հակառակը տեղի ունեցավ, ապա այս ձեւով,աղաղ բնակչությանը գնդակոծելով՝  փորձում էին ճնշում գործադրել ՀՀ-ի վրա վերադարձնել այն, ինչի համար այս ամենը սկսել են»:

Քոչարյանը պնդում է, թե դիրքերի էական ամրացումը սկսել է իր օրոք, ամեն տարի առաջնագիծ է գնացել, կազմել տարեկան ծրագիր, լուրջ միջոցներ ներդրել՝ դիրքերը բարելավելու համար, պաշտպանական էշելոն կառուցելու համար:

Քոչարյանն ասաց. «Պարզվեց, որ Ադրբեջանի նախագահը այդքան էլ կոնստրուկտիվ չի, Ադրբեջանն այդքան էլ խաղաղասեր չի ու Ադրբեջանի ժողովուրդը այդքան էլ պատրաստ չի խաղաղության, իսկ մեր հանրությանը ինչով էին կերակրում հատկապես Դուշանբեից հետո, որ ունենք շատ կոնստրուկտիվ տրամադրված հակառակորդ, որի հետ բանակցում ենք ու եթե հանկարծ իրենք չգնան հարցի խաղաղ կարգավորման, ապա մենք կդիմենք Ադրբեջանի ժողովրդին: Հիմա ի՞նչ մնաց այս երկու տարում որդեգրված մոտեցումներից, դուք ինձ ասեք՝ մի բան մնա՞ց, թե՞ չմնաց: Նույնիսկ պատերազմի ժամանակ՝ 91-94թթ-ին այսպիսի բախումներ հայերի ու ադրբեջանցիների միջեւ Մոսկվայում կամ ԱՄՆ-ում երբեք չեն եղել: Մենք պետք է ֆիքսենք, որ ունենք ոչ միայն ռեւանշի ձգտող կառավարություն Ադրբեջանում,այլ նաեւ ռեւանշի ձգտող ժողովուրդ Ադրբեջանում: Երբ այս երկու հանգամանքը միանում են իրար հետ, պատերազմի վերսկսման վտանգը շատ ավելի մեծ է»:

Ըստ Քոչարյանի, ՀՀ կառավարությունը պետք է խոստովանի, որ այս հարցի շուրջ 2 տարվա ընթացքում սխալ քաղաքականություն է վարվել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031