Լրահոս
Օրվա լրահոսը

Անուշ Քոչարյանը՝ արեւին աչքով տալու, նույն գետը երկրորդ անգամ այլ լողազգեստով մտնելու մասին

Օգոստոս 03,2020 15:40

Գրող, լրագրող, պրոդյուսեր Անուշ Քոչարյանը «Ֆեմինի» նախագծի շրջանակում պատասխանում է Aravot.am-ի հարցերին:

– Գրում ես, ստեղծել ես քո «Բալկոն»-ը, միշտ յուրօրինակ մշակութային նախագծերի առանցքում ես, հասցնո՞ւմ ես ապրել քեզ համար, մենակ մնալ քեզ հետ, որտեղ անգամ քո Մորֆի կատուն էլ չլինի:

– Բուքովսկու «կապույտ թռչունը» իմ սրտում էլ կա, բայց, ինչպես տեքստում է․ «թույլ եմ տալիս, որ նա դուրս թռչի, երբեմն միայն, գիշերով, երբ բոլորը քնած են․․․Հո չե՞մ կարող թողնել, որ նա լրիվ մեռնի, ու այդպես մենք քնում ենք միասին՝ թաքուն պայմանավորված, ու սա բավականին սիրուն է՝ տղամարդուն լացացնելու չափ»․․․

Այնպես որ ինքս ինձ հետ մենակ մնալն էլ «մենակ» մնալ չի․ բոլոր առնչությունները, հարաբերությունները, ստանձնած պատասխանատվություններն ու երբեմն էլ մեղքի զգացումն իրար կողք են շարում մարդկանց, պատմություններ, պատահարներ, սիրուն-սիրուն պահեր, որոնք հաստատում են, որ ոչ մի կերպ «պոկվելու» շանս չկա։

Անուշ Քոչարյանը՝ Մորֆիի հետ

Իսկ Մորֆին․․․ Մորֆին, անկախ իմ գործողություններից, սեւ կետի պես հա՛ հավաստում է, որ կա կյանք, կատվային կյանք, որի հետ պիտի հաշվի նստեմ։ Չես հավատա, բայց իր գոյության 3 տարիների ընթացքում միայն մի գիշեր է մենակ մնացել․ գործուղումների եւ բացակայությանս ժամանակ ինքն ունի իր սիրելի խնամակալներին․․․ Իմ պտույտների ավարտն իրեն գրկելու, ժամանակն իր դանդաղության մեջ ընկալելու համընկնումն է։ Իր հետ խաղերը վերածվում են ծեսի, իսկ ես ծիսական մարդ եմ, որն ամեն առավոտ չի խախտում արեւի հետ արթնանալու եւ կատվի քնի ժամի հետ հաշտության մեջ մտնելու պահը։

– Ժամանակը կնոջ դաշնակիցը չէ: Կարանտինային հավերժությունն ինչպե՞ս կրճատեցիր, ի՞նչ փոխեց այն քո կյանքում:

– Մեկ որոշումը երկու անգամ կայացնելու կարիք չկա ու վերջ․ եւ իմ, եւ դիմացինի ժամանակը խնայելու դեռեւս հիմնական միջոցն է, որով փորձում եմ առաջնորդվել։

Ինքնամեկուսացման առաջին փուլում, երբ բացարձակ դադարեցրել էի շփումները եւ տնից դուրս էի գալիս վազելու, գնումներ կատարելու եւ լուսանկարելու համար միայն, վախ ունեի․ այդ վախի հետեւանքով օրը կորցրել էր իր տարածական նշանակությունը եւ հիմնական ձեւը․․․ Վախենում էի, որ եզրագծին ենք…Այն, որ մարդը վախենում է մարդուց, տեսանք, բայց այն, որ մարդն սկսելու է վախենալ ինքն իրենից, այն, որ մարդն ուղղվելու է ինքն իր դեմ, որովհետեւ ինքը կարող է լինել վտանգը, սարսափելի էր ցավեցնում ինձ։

Սկսեցի աշխատել ինձ վրա․ հանկարծ այնպես չպատահեր, որ ես ինքս ինձ «կրակեի»․․․

Մնացածն արդեն երեւաց․ էլի «Բալկոնի» դռները բացեցի, ամեն օր նոր ու գունավոր կտորներ առա, ծաղիկներ, մրգեր ու սկսեցի պոեզիա կարդալ #բացբալկոն-ից։ Ու Պաստեռնակի ասած՝ «Կյանքը հետ եկավ նույնքան ակամա, ինչպես ակամա մի օր բաժանվեց»: Սկսեցի դուրս գալ ու լուսանկարել, տեսա քաղաքը՝ դետալով, առանց ավելորդ բացատրության եւ տեսա մարդուն՝ հեռավորության վրա․․․ Ու ավելի սիրեցի նրան։ Սիրտս հանգստացավ։

– Դու «Սաղսարա» նախագծի պրոդյուսերն ես, ինչով է այս նախագիծը առանձնահատուկ մասնավորապես քեզ համար՝ որպես պրոդյուսեր:

– «Սաղսարա»-ն ընթացքի մասին է: Երբ շատ-շատ ես ուզում անցածդ կիլոմետրերը, ապրումները, տեսածը բերել, հասցնել տեղ, հետո էդ տեղը բաց նյարդի պես բոլորին երեւա, մարդիկ մտնեն, բզզան ու բզբզան, լսեն, տեսնեն։ Ու «Սաղսարա»-ն նախ մերոնց՝ գործող անձանց ապրումն է, որոնք հայտնվում են հեռավոր մի գյուղում, տեղն ընկալում են բոլոր հնարավոր դետալներով, ձայներով ու պատմությամբ ու վերադարձին միշտ հետ նայելու ցանկություն ունեն։

Սաղսարա» 5-երորդ ֆիլմի նկարահանման աշխատանքների ընթացքից

«Սաղսարա»-ն նաեւ առնչություն է, հարաբերություն, տարիներ ու դարեր անցած երգի հետ ներկայի զգացական կապն է ու այդ առնչության մեջ ազնիվ մնալու, եղածն ավելորդ գեղարվեստականացման չենթարկելու անընդհատ աշխատանքը։ Պարզ ու չմիջամտված պատկերն է, ընկերությունն է, սերն է՝ առանց որի 12 խիստ տարբեր բնավորությամբ, խառնվածքով ու մտայնությամբ մարդիկ չէին կարող համատեղվել ու սարից սար անցնել այդքան հանգիստ ու ուշադիր։

– Ոմանք ասում են, որ կինը գեղեցիկ սեռն է, ոմանց կարծիքով՝ ուժեղ ու դիմացկուն, դու ինչպիսի կին ես քեզ համարում: Հե՞շտ է քեզ «հաղթելը»:

– Ես խաղաղ եմ ապրում․ ինձ «տեղավորելու», «դասակարգելու», «հաղթողի» կերպում պատկերացնելու համար ոչ մի ջանք չեմ թափում, անում եւ ասում եմ այն, ինչն ինձ ազնիվ է թվում, ու ինչը չի խաթարում էդ խաղաղությունը։

Երբ մի բան խախտվեց, բավական է աչքով տաս ինչին կամ ում պատահի՝ արեւին, մարդուն, բակում կանգնած երեխային, կատվիդ, ծառին․․․ Շնչես, արտաշնչես, տեսնես, որ շուրջդ նույնն է՝ աղբամանները խելոք «կանգնած» են, կարուսելներն իրենց տեղում են, դիմացիդ հարեւանը շարունակում է նույն տեմպով հատել բակը։ Պարզ ու հասարակ բաներ են, որոնց արանքում զգում ես տեղդ, իրականությունդ, քեզ։

Պապիկս, ումից շատ բան ստացա, ասում էր՝ «չհաղթեցի, բայց պարտված չեմ եղել»․․․ Բայց ինքն իր կռիվն ուներ, իր «հողմաղացները»։ Իսկ իմ շուրջը բարեբախտաբար այնպիսի մարդիկ են, որոնք ընթացք են կարեւորում, գնահատում են ընթացքի ստեղծածը եւ ինձ ընկալում դրա մի մաս․․․ Այնպես որ «երեւակայական» հողմաղացների դեմ կռիվն ուրիշ պատմություն է: Էդտեղ եւս ինքդ քեզ հետ ազնիվ պիտի լինես, որ զանազանես «պարտված» կամ «հաղթած» լինելը։ Սրան չանդրադառնանք հիմա։

– Ե՞րբ է մուսան այցելում, եւ ի՞նչը կարող է քեզ ոգեւորել ընդհանրապես:

Սրանից ութ տարի առաջ Մինեսոտա քաղաքում քայլում էի սալիկների վրայով այնպես, որ գծերը չհատեմ (այդպես կենտրոնանում եմ) ու հանկարծ տեսա, որ դիմացից եկող սեւամորթ մի տղա նույն կերպ է քայլում։ Ինքն էլ էր նկատել։ Համընկավ։ Բարեւեցինք, ժպտացինք, անցանք։ Մտային ու զգացական համընկնումներն ինձ ոգեւորում են, նույնն է՝ աշխատանքային, անձնական, ընկերական հարաբերություններում։ Երբ համընկնումը տեղի է ունենում, հավատում եմ, որ էներգիան գործեց, իսկ երբ էներգիան գործում է, անհավանական ոչինչ այլեւս չկա։

Այ այդպիսի մի համընկնում է նաեւ ուրիշ տարածքում հայտնվելը, «կապույտ թռչունի» հետ ազատ ֆռֆռալու պահը․․․ Թե կուզես, դրան մուսան կանվանենք։

– Ձեռքդ ընկած վերջին գիրքը, որ անսպասելի էր տպավորության, զգացողությունների առումով, հատկապես, որ գիտես գրի «գինը»:

– Երեկվանից արդեն երրորդ անգամ վերընթերցում եմ Ալեն Ռոբ-Գրիեի «Խանդը» վեպը։ Այս եւ այլ մի քանի վեպեր պարբերաբար վերընթերցելու կարիք ունեմ, որովհետեւ գործող անձ դառնալու անհավանական լայն ու բաց դաշտ կա․ հատկապես այս օրերին, երբ ինձ թվում է՝ չափազանց ներգրավված եմ, կարիք եմ ունենում տարընկալման, կարիք եմ ունենում հայտնվելու ուրիշ մի տարածությունում, ուրիշ մի իրականությունում, որի արանքում ես ինքս գործող եմ, եւ, որտեղ միաժամանակ ինձ ծանոթ «ուրիշները» չկան։

Կարիքն եմ ունենում ընկնելու կրկնության մեջ, որ նկատեմ դետալը, որ նորից համոզվեմ՝ ամեն ինչ չէ, որ հստակ տեղում է, եւ ես ինքս այնպես չէ, որ սահմանված եմ որպես մեկը, ով տեղում է եւ փոքր-ինչ չի շեղվել այսօրվա ու երեկվա արանքում։

«…թ­վում է, թե ուր որ է ինչ­-որ բա­նի վերջն է հաս­նում, եւ ամեն բան դա է մատ­նան­շում. տո­նի հե­տե­ւո­ղա­կան նվա­զու­մը, վե­րագտն­ված հան­դար­տու­թյու­նը, զգա­ցու­մը, որ ոչինչ չի մնա­ցել ավե­լաց­նե­լու, սա­կայն վեր­ջի­նը թվա­ցող նո­տային հա­ջոր­դում է մյու­սը, առանց շա­րու­նա­կա­կա­նու­թյան որե­ւէ լու­ծում տա­լու, նույն­քան ան­բռ­նազ­բոս, դրա­նից հե­տո եւս մե­կը ու էլի ու­րիշ­ներ, եւ ունկն­դի­րը կար­ծում է, թե պոե­մի ճիշտ մեջ­տե­ղում է հայտն­վել… ու հան­կարծ, առանց որե­ւէ նա­խազ­գու­շաց­ման ամեն ինչ ավարտ­վում է» (թարգմանիչ՝ Անահիտ Ավետիսյան, Ակտուալ արվեստ հրատարակչություն)։

– Որ պարագայում կոմպրոմիսի չես գնա՝ որպես կին եւ որպես ստեղծագործող ու գեղեցիկի հետ շփվող մարդ:

– Նույն գետը երկրորդ անգամ մտնելիս գոնե լողազգեստս այլ պիտի լինի (ծիծաղում է-Գ.Հ.)։ Զիջումը կամ փոխզիջումը (երկրորդի մասով միայն ես չէ, որ պատասխանատու եմ) ձեւափոխված դիրքից է: Չես կարող վերադառնալ նույն տուն, ու քթիդ մեջ ուրիշ հոտեր չլինեն, չես կարող վերադառնալ նույն տեքստին, երբ տեքստի հանդեպ դիրք չես փոխել, չես կարող մարդուն գրկել ճիշտ նույն կերպ, ինչ երեկ, որովհետեւ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե միլիմետրական թեկուզ, բայց դիրք ու վերաբերմունք է փոխվում․․․ Իսկ արանքում լիքը մարդ, լիքը նորություն, լիքը փորձ ու փորձություն։

Այնպես որ եւ որպես կին, եւ որպես ստեղծագործող անընդհատ կարիքն ունեմ դիմակայության․ երբ դիմացինը դադարում է դիմակայել, երբ տեքստը դադարում է անհանգստացնել, երբ շարժումը դադարում է գործողություն լինել, սուսուփուս հեռանում եմ, հանգիստ եմ թողնում։ Այդտեղ արդեն խնդիր չի առաջանում զիջման․ այդտեղ հեռացողը կամ դիմակայողը հարցը լուծում է։

– Գուցե անհեթեթ թվացող հարց՝ ինչ է երջանկությունը: Այն ո՞ւմ է բաժին հասնում՝ կամային ու նպատակասլաց մարդկա՞նց, թե՞ ուղղակի ճակատագրի պարգեւ է:

– Թերեւս այս է միայն․ գիտեմ, որ դուռը ծեծեցիր, բացվելու է կամ փակ մնա․.. մնացածը դու ես որոշում՝ սպասում ես, թե չէ, գործողության մղվում ես, թե չէ, միջոցներ ձեռնարկում ես, թե չէ․․․ Ի վերջո, պատուհանից ներս մտնելը կա ու կա։

Բայց կան նորից պարզ ու հասարակ բաներ, որոնք չեն երեւում մշտական կենտրոնացման եւ մտասեւեռման մեջ․ դուռը հնարավոր է՝ բաց է, փորձի՛ր։ Այդպես կսահմանես նաեւ, որ դու այն երջանիկն էիր, որի առաջ դուռը բացվեց։ Արդեն էական չէ՝ կվերագրես դա ճակատագրին, թե մեկ այլ բանի, էականն այն է, որ զգաս բերկրանքի պահը, հասկանաս, որ ստիպված չեղար հեռանալ, զգաս, որ ներսից մեկն արդեն հոգ տարել էր, որ փակ դուռ չմնա։

-Ի՞նչ կուզենայիր ստեղծել, հիմնադրել: Եվ արդյոք հնարավո՞ր է հետաքրքիր գաղափարներին մարմին տալ՝ առանց լուրջ ֆինանսական միջոցների:

– Ճապոնացիները պրակտիկա ունեն, որ կոչվում է կինցուգի (կին՝ ոսկի, ցուգի՝ նորոգել): Երբ ափսեն, օրինակ, կոտրվում է, թանկ նյութով՝ հեղուկ ոսկիով կամ ոսկու փոշու խառնուրդով միացնում են կոտրված մասերը․ տեսած կլինեք, հայտնի է։ Կինցուգիի արվեստի տեխնիկան սովորեցնում է նույն կերպ վերաբերել խնդիրներին, հարաբերություններին։ Շատ-շատ եմ կարեւորում ներքին այդ մղումը եւ ստեղծման պահին ուշադրության սեւեռումը․ եթե մի բան ազնիվ մղումով է, եթե կա էներգիան, եթե դիսցիպլինը տեղում է ու կասկած չկա, որ մտքին մարմին տալ է պետք, ամեն բան միանում է, գտնվում է այդ «թանկարժեք» նյութը, որ ամրացնելու է կտորներն իրար։

Իսկ ֆինանսական միջոցները գոյանում են արդյունքի հիման վրա․ այն, ինչ ստեղծում ես անպայմանորեն ստանում է իր արժեքը՝ վաղ, թե ուշ․․․ Մնում է վերջնարդյունքի համար ոտքդ մեկ անգամ հետ դնելուց հետո երեք անգամ առաջ դնես․ դա հնարավոր է, երբ շուրջդ տաղանդավոր ու էնտուզիաստ մարդիկ կան։

– Դու քեզ հաջողակ մարդ համարու՞մ ես:

– Ես ամեն օր շնորհակալ եմ, որ հնարավորություն ունեմ ոտքս գետնին դնելու, եւ շնորհակալ եմ, որ կոտրված ոտքս էլ է գետնին դրվում, եւ շնորհակալ եմ, որ սիրելի, շատ սիրելի մարդիկ ինձ հետ անցնում են տեղերով, որոնք ես խիստ սուբյեկտիվ, երբեմն էլ էգոիստաբար սահմանում եմ կարեւոր։

Եվ շնորհակալ եմ, որ հոգնելու պահին գլուխս շոյող կա, որ զարմանալու պահին լսողը կա, որ ոգեւորության պահին ձեռքը մեկնող կա․․․ Սպասողը կա, հույս տվողը կա, ասածս լուրջ չընդունողը կա, լրջության պահին էլ անսպասելի հումորը անողը կա․․․

Շնորհակալ եմ, որ ինձ տեղավորողների մեջ տարբեր էմոցիաներ կան, եւ, որ իմ անհասկանալի տեղերում «թռչունիս» հետ մենակ մնալու հնարավորությունը կա։ Երեւի սա է հաջողության պատկերը, մնացած ամեն բան ընթացքում ձեւափոխվում է, եւ, հնարավոր է, որ ինձ էլ է ձեւափոխում՝ ասելով, որ ես հաջողակ եմ կամ, որ չհաջողեցի․․․ Եվ դա եւս բնական է՝ արեւին աչքով տալու պես։

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ Անուշ Քոչարյանի արխիվից եւ Դըրք Սքիբայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31