Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշյան թեժացման արդյունքը սասանել է Էրդողանի հեղինակությունը

Օգոստոս 06,2020 12:00

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ «Էրդողանը չկարողացավ կանխել Ադրբեջանի կողմից դիրքային կորուստ կրելը»

– Պարոն Գաբրիելյան, Ռուսաստանն ու Թուրքիան ակտիվ շփումների մեջ են՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թեմայի շրջանակներում: Անցյալ շաբաթ ՌԴ եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց էին ունեցել, քննարկել էին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության համատեքստում: Ըստ Կրեմլի մամլո ծառայության՝ Պուտինն ընդգծել է, որ անհրաժեշտ է թույլ չտալ գործողություններ, որոնք կնպաստեն լարվածության էսկալացիային: Այնուհետեւ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսելով նշյալ հեռախոսազրույցի մասին, հայտարարեց, թե Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ իր հարաբերությունները՝ լարվածությունը թուլացնելու համար։ Թուրքիայի նախագահի խոսնակը հավելել էր, որ կողմերը համաձայնության են եկել՝ լարվածությունը թուլացնելու համար համատեղ քայլեր ձեռնարկելու, կողմերին անհրաժեշտ առաջարկները անելու եւ վայրկյան առաջ բանակցությունները վերսկսելու շուրջ. «Աստված տա, մոտակա օրերին այս համաձայնության արդյունքները տեսնենք»։ Կարծում եք ռուս-թուրքական համաձայնություն կայացե՞լ է, ի՞նչ արդյունքների մասին է խոսում Թուրքիայի նախագահի խոսնակը:

– Դե թուրքական կողմը քաջ գիտակցում է, որ անհրաժեշտ է ամեն գնով խուսափել Հարավային Կովկասում մասշտաբային պատերազմից, քանի որ այդ դեպքում Հայաստանի ու Ադրբեջանի դաշնակիցներ Ռուսաստանն ու Թուրքիան նույնպես պետք է ներքաշվեն տվյալ պատերազմի մեջ։ Բացի այդ, մասշտաբային պատերազմի դեպքում չկա որեւէ երաշխիք, որ չեն տուժի ԲԹԷ գազատարը, ԲԹՋ նավթամուղը, ԲԹԿ երկաթգիծը, ինչը խիստ անցանկալի սցենար է թուրքական կողմի համար։ Սակայն սա չի նշանակում, թե Թուրքիային կարող է ձեռնտու չլինել հայ-ադրբեջանական սահմանին մի քանի օրյա թեժացումներ ու լարումներ հրահրելը, քանի որ դրանց մարմանը Թուրքիայի մասնակցելը մեծացնում է Ադրբեջանի վրա նրա ազդեցությունը, Ադրբեջանը դարձնում է ավելի զիջող Թուրքիայի նկատմամբ, Ռուսաստանի հետ երկխոսությունում Թուրքիան փորձում է հանդես գալ ավելի լավ դիրքերից եւ այլն։

Մյուս կողմից էլ վերջին տարիներին Թուրքիայի համար ամենատարբեր պատճառներով (հիմնականում գազային) շեշտակի աճել է Ադրբեջանի կարեւորությունը, եւ Թուրքիայի սուր արձագանքն իրականում միտված է ոչ թե Ադրբեջանը, այլ՝ այդ երկրում սեփական շահերը պաշտպանելուն։ «Մեկ ազգ, երկու պետություն» բլեֆին պետք չէ ոչ մի կերպ հավատալ, եթե այդպես լիներ, ապա Ադրբեջանը պետք է հանուն Թուրքիայի, էականորեն վատթարացրած լիներ Իսրայելի հետ սեփական հարաբերությունները, շարունակ դատապարտեր Իսրայելի տարատեսակ գործողությունները։ Չէ՞ որ Թուրքիան «հանուն եղբայրական Ադրբեջանի» գրեթե երկու տասնամյակ է, ինչ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը, մինչդեռ Ադրբեջանն անտեսում է «եղբայրական Թուրքիայի» ու Իսրայելի փոխհարաբերությունների կտրուկ վատթարացումը։

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը

Եվ զարմանալի որեւէ բան չկա, որ Էրդողանը Պուտինից խնդրում էր օգտագործել Հայաստանի վրա իր պատկերացրած ազդեցությունը։ Էրդողանը գիտակցում է, որ իրավիճակի թեժացման կամ վերահսկողությունից դուրս գալու պարագայում կհայտնվի բավական անհարմար վիճակում. մի կողմից՝ նա ձգտում է ամեն գնով խուսափել Ռուսաստանի դեմ պատերազմից, մյուս կողմից՝ Թուրքիան ռազմական փոխօգնության պայմանագիր ունի Ադրբեջանի հետ, եւ ստիպված է օգնության գնալ նրան՝ անգամ չուզենալով։ Այստեղ Էրդողանի իմիջի հարցը շատ կարեւոր է, քանի որ նախորդ տարի նա հայտարարել (հեգնել) էր, որ 1990-ականների սկզբի Թուրքիան հզոր պետություն չէր եւ չկարողացավ կանխել «Ղարաբաղի օկուպացիան»։ Մինչդեռ Էրդողանի «Նոր Թուրքիայի» ժամանակ, որը նրանց խոսքերով ամենաուժեղն է վերջին 300 տարվա (նաեւ Օսմանյան կայսրության) կտրվածքով, Ադրբեջանի կողմից դիրքային (տարածքային) կորուստներ կրելը ուժգին հարված է «Նոր Թուրքիայի» հեղինակությանը։ Հուլիսի վերջին Ի. Քալընի մատնանշած համաձայնությունն էլ արդեն իսկ կայացել է, ըստ իս՝ խոսքը Տավուշի գոտում հրադադարի, կամ առավել ճշգրիտ ասած՝ ծանր սպառազինության կիրառման դադարեցման մասին է։ Ամեն դեպքում Էրդողանը չկարողացավ կանխել Ադրբեջանի կողմից դիրքային կորուստ կրելը, եւ անգամ դա մեծ հարված է նրա հեղինակությանը։

– Պաշտոնական Անկարան շարունակ պնդում է, որ անվերապահ աջակցում է Ադրբեջանին եւ սատարելու է Բաքվի ցանկացած որոշումը: Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը երկու անգամ քննարկվեց Թուրքիայի նախագահի հրավիրած Ազգային Անվտանգության խորհրդի նիստում: Կարելի՞ է վստահել Թուրքիայի իշխանություններին, եւ առհասարակ, ի՞նչ եք կարծում, Թուրքիայի իշխանությունների ցուցաբերած վերջին ակտիվությունը, որը հաճախ աննախադեպ է գնահատվում, բացառապես Ադրբեջանին սատարելու մղո՞ւմ է, թե՞ մեր տարածաշրջանում ազդեցության մեծացման նոր հայտ է:

– Թուրքիան բացառապես զբաղված է տարածաշրջանում սեփական շահերը պաշտպանելով։ Որքան մեծանում է Ադրբեջանի (տնտեսական) կարեւորությունը Թուրքիայի համար, այնքան Թուրքիան բնականաբար զգայուն է դառնում Ադրբեջանին առնչվող խնդիրների շուրջ։ Դա հատկապես վերաբերում է նրանց, որոնք առնչվում են Թուրքիայի տնտեսական շահերին։ Հենց Ադրբեջանից ստացվող տնտեսական օգուտների պատճառով է, որ Թուրքիան ամեն անգամ, երբ թեման առնչվում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, առաջնային պլան է մղում Արցախյան հիմնախնդրի կարգավորումը։ Նկատենք, որ դա Հայաստանին Թուրքիայի ներկայացրած երեք նախապայմաններից մեկն է, եւ միակը, որը, ըստ էության, ուղիղ չի առնչվում Թուրքիային։ Մինչդեռ մյուս երկու նախապայմանները՝ Կարսի պայմանագրի (դե-ֆակտո սահմանի) ճանաչումը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված Հայաստանի՝ ջանքերից հրաժարվելը, ուղիղ առնչվում են Թուրքիային։ Այդ դեպքում ինչո՞ւ Թուրքիան շարունակ չի հիշատակում իրեն ուղիղ առնչվող այս երկու նախապայմանները եւ նախապատվությունը տալիս է «ղարաբաղյան» նախապայմանին։ Պատասխանը շատ պարզ է. Թուրքիան այդ նախապայմանը մղելով առաջնային պլան եւ դրա հետ մեկտեղ հանդես գալով ադրբեջանամետ, բայց իրականում Ադրբեջանին ոչինչ չտվող հայտարարություններով կարողացել է հասնել նրան, որ Ադրբեջանից ստանա տնտեսական խոշոր օգուտներ (ամենաէժան գնով գազ, ընդ որում՝ մեծ քանակությամբ, միլիարդավոր դոլարների ներդրումներ, հազարավոր աշխատատեղերի ստեղծում եւ այլն)։ Արդյունքում գոհ են թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը (վերջինս շարունակ «հպարտանում» է, որ Թուրքիան «իր կողքին» է)։

Մյուս կողմից էլ Թուրքիան բնականաբար ցանկանում է մեծացնել իր դերակատարությունը Հարավային Կովկասին առնչվող խնդիրներում։ Նրա քայլերն ուղղված են դրան, ոչ թե մասշտաբային պատերազմ հրահրելուն։ Թուրքական կողմը շարունակ դժգոհում է, որ Թուրքիան, թեեւ ԵԱՀԿ ՄԽ անդամ է, սակայն չունի ակտիվ դերակատարություն, անգործության է մատնված։ Ես չեմ բացառում, որ Էրդողանը շարունակ փորձում է տարատեսակ գործարքների հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ասենք ձեւավորել բանակցային նոր ձեւաչափ, ինչպես Սիրիայի պարագայում Աստանայի ձեւաչափն է, որում Թուրքիան արդեն կունենա բավական ակտիվ դերակատարում՝ փորձելով այդպիսով գործընթացից դուրս թողնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ ԱՄՆ-ին ու Ֆրանսիային կամ էլ էականորեն սահմանափակել նրանց դերը։ Հասկանալով, որ իր հնարավորություններով ու ազդեցությամբ չի կարող համեմատվել Պուտինի հետ՝ Էրդողանը պատրաստ է առաջին համարը զիջել Պուտինին եւ հանդես գալ երկրորդ համարի ներքո (առաջ անցնելով Իրանից)։

– Ընթանում են թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ զորավարժություններ, որոնք շարունակվելու են մինչեւ օգոստոսի 10-ը: Դրանք Հայաստանի նկատմամբ հոգեբանական ազդեցություն թողնելու նպատա՞կ են հետապնդում, թե՞ Ադրբեջանը Թուրքիայի միջոցով պատրաստվում է լայնածավալ պատերազմի: Որքանո՞վ եք հավանական համարում նոր պատերազմի բռնկումը:

– Ընդգծեմ, որ 2010թ. ռազմական համագործակցության ու փոխօգնության մասին պայմանագիր կնքելուց հետո Թուրքիան ու Ադրբեջանը գրեթե ամեն տարի եւ անգամ տարեկան երկու անգամ անցկացնում են համատեղ զորավարժություններ։ Դրանք լինում են թե՛ ցամաքային, թե՛ ռազմաօդային բնույթի, դրանք անցկացվում են թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի տարածքներում։ Նախիջեւանում եւ Բաքվում նույնպես անցկացվել են, հետեւաբար ներկայիս զորավարժություններն այս առումով աննախադեպ չեն։ Հայտարարվել էր, թե թուրք-ադրբեջանական ներկայիս զորավարժությունները պլանային են, բայց անգամ, եթե չհավատանք դրան, կարծենք, որ դրանք գիտակցված հաջորդել են Տավուշյան թեժացմանը, ապա այստեղ էլ խնդիր չեմ տեսնում։

Արդեն նշեցի, որ Տավուշյան թեժացման արդյունքը սասանել է Էրդողանի հեղինակությունը։ Նույն կերպ, բայց ավելի մեծ չափով այն սասանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հեղինակությունը, մեծ հարված է հասցրել ադրբեջանական բանակի իմիջին։ Հայտնի է, որ Իլհամ Ալիեւը տարիներ շարունակ հպարտացել է սպառազինությունների գնմամբ, ադրբեջանական բանակը դասել է «աշխարհի 50 լավագույն բանակների» թվում, եւ ահա նման պարտություն։ Այս համատեքստում ներկայիս թուրք-ադրբեջանական զորավարժությունները գալիս են ինչ-որ կերպ փրկելու կողմերի դեմքերը, նրանց հաղորդել «մարտական ոգի»։ Միգուցե Թուրքիան որոշել է Սեւրի պայմանագրի 100-ամյակը նշել զորավարժություններով (դրանք ավարտվելու են օգոստոսի 10-ին), ինչում նույնպես որեւէ խնդիր չեմ տեսնում մեզ համար։ Թուրք-ադրբեջանական զորավարժություններն իհարկե հետապնդում են Հայաստանին ահաբեկելու նպատակ, սակայն ահաբեկվելու կարիք չկա, փոխարենը կա այդ զորավարժությունների ընթացքին, շեշտադրումներին ակնդետ հետեւելու ու պատրաստ գտնվելու կարիք։

– ՀՀ պաշտպանության նախարարը վերջին օրերին հանդիպումներ ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետությունների՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ, ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ: Պաշտոնական Երեւանը հուլիսի 12-ին հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունից հետո մշտապես շեշտում է Թուրքիայի կողմից տարածաշրջանում անվտանգային իրավիճակն ապակայունացնող քաղաքականությունը՝ դատապարտելով պաշտոնական Անկարայի կեցվածքը: Ձեր կարծիքով Հայաստանի գործընկեր պետությունների համար եւս անթույլատրելի՞ է մեր տարածաշրջանում Թուրքիայի ակտիվությունը, եւ կարո՞ղ ենք արձանագրել, որ Հայաստանին հաջողվեց միջազգային հանրությանը հասցնել Թուրքիայի ակտիվության բացասական հնարավոր հետեւանքները:

– Այսօր Թուրքիայի ագրեսիվ հայտարարություններն ու գործողությունները ՀՀ-ից բացի, դատապարտում են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ԵՄ-ը, թե՛ ԵՄ-ի առանձին անդամ երկրներ, թե՛ արաբական աշխարհի կարկառուն ներկայացուցիչներ, թե անգամ Աստանայի ձեւաչափի մասնակից Իրանը եւ երբեմն նաեւ Ռուսաստանը։ Թուրքիայի այսօրինակ գործողությունները մեզ համար ոչ միայն մարտահրավեր են, այլեւ՝ հնարավորություն, քանի որ ստեղծում են դրական ֆոն՝ տարածաշրջանային այլ երկրների հետ համագործակցությունը խորացնելու համար։

Դիվանագիտական ոլորտում նոր հնարավորություններ են բացվում, այդ թվում նաեւ Բաքվում տեղի ունեցած զանգվածային հանրահավաքների ընդգծված հակահայկական բնույթի եւ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից Մեծամորի ատոմակայանին հարվածելու սպառնալիքի ֆոնին։

Օրինակ, կարելի է փորձել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Սաուդյան Արաբիայի հետ, որի հետ մեծ հաշվով, չգիտես ինչու, չունենք դիվանագիտական հարաբերություններ, եւ որին նույնպես մեծապես մտահոգում են Թուրքիայի ագրեսիվ գործողությունները (Թուրքիան զգալի առաջ է անցել սուննի աշխարհի առաջնորդ լինելու հարցում Սաուդյան Արաբիայի հետ մրցակցությունում)։ Այս համատեքստում Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ միջնորդի դերում կարող են հանդես գալ Եգիպտոսը եւ/կամ ԱՄԷ-ն, որոնց հետ մեր հարաբերությունները գնալով ավելի են խորանում, այդ թվում նաեւ Թուրքիայի տարածարջանային ագրեսիվ գործողությունների համատեքստում։

ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շատ կարեւոր հայտարարություն արեց՝ ընդգծելով, որ Իսրայելը պետք է դադարեցնի մահաբեր զենքի վաճառքն Ադրբեջանին, որը չի խորշում այդ զենքն ուղղել խաղաղ բնակչության դեմ։ Սա նույնպես բավական կարեւոր ուղղություն է մեզ համար առաջիկայում։ Ընդհանրապես, մենք կարող ենք փորձել «իսրայելական սեպ» խրել Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում՝ շարունակ ընդգծելով (շահարկելով), որ Ադրբեջանը Թուրքիայի հանդեպ իրեն չի դրսեւորում «եղբոր» պես, շարունակ ցույց է տալիս, որ «Թուրքիայի ցավը, դա Ադրբեջանի ցավը չէ» եւ այլն։

Իմ կարծիքով՝ մենք չափազանց լուրջ աշխատանքներ ունենք Գերմանիայի հետ, որը 2016թ. Բունդեսթագի բանաձեւով ընդունեց Հայոց ցեղասպանության համար իր մեղսակցությունը։ Ինձ համար Գերմանիայի այս քայլին կարող է գերազանցել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Եվ ահա Գերմանիան կարող է եւ պետք է իր մեղսակցության չափով մասնակցի Հայաստանի ազգային անվտանգության ապահովմանը՝ փորձելով այդ կերպ քաղել սեփական մեղքը։ Ընդ որում՝ դա կարող է անել ամենատարբեր մեթոդներով՝ սկսած Թուրքիային զենքի վաճառքը դադարեցնելուց (այն արդեն մեծապես կա) ընդհուպ մինչեւ մեզ տարատեսակ տեխնոլոգիաների, վարկերի եւ անգամ զենքի տրամադրում։ Մենք Գերմանիային եւ ընդհանրապես մյուս գերտերություններին պետք է բացատրենք, որ իրականում մենք ոչ թե սահմանային վեճերի, այլ՝ գոյապայքարի մեջ ենք նման հարեւանների շրջապատում, եւ խնդրին պետք է առաջին հերթին նայել այդ տեսանկյունից եւ գործել ըստ այդմ։

Եվ վերջապես, մենք իրավունք չունենք աչքաթող անելու Թուրքիայի միջուկային հավակնությունները, իսկ Էրդողանը, իմ դիտարկմամբ, իսկապես ունի միջուկային զենք ունենալու հավակնություններ։ Բացի այն, որ Թուրքիան ցեղասպան երկիր է, հասկանալի է, որ միջուկային զենքի առկայության դեպքում Էրդողանն իր գործողություններում իսկապես կդառնա անկառավարելի, անվերահսկելի, շատ ավելի կոշտ ու ագրեսիվ, ինչը բացասական հետեւանքներ կունենա ոչ միայն Հայաստանի, այլեւ՝ նույն ԵՄ-ի ու մյուսների վրա (նկատի չունենք, թե Թուրքիան կկիրառի միջուկային զենք)։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայկ Գաբրիելյանի լուսանկարը՝ Միջազգային եւ Անվտանգության հարցերի Հայկական ինստիտուտ

Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

«Առավոտ» օրաթերթ
05.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31