Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվին հանկարծ ցավեցրեց հայ-սերբական պաշտպանական համագործակցությունը

Օգոստոս 07,2020 12:00

«Տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին»,- հիշեցնում է Սերբիայի նախագահը՝ նկատելով.
«Չգիտես ինչու, սակայն,
որեւէ մեկն այդ մասին չխոսեց»

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Բելգրադում օրերս հրավիրած մամլո ասուլիսում հաստատել էր, որ իր երկիրը զենք է վաճառել Հայաստանին՝ նշելով, սակայն, որ վերջին տարիներին Բաքվին վաճառված սպառազինության քանակն անհամեմատ ավելի մեծ է եղել։ «Թե՛ Ադրբեջանը եւ թե՛ Հայաստանը մեր բարեկամներն են։ Բայց վերջին մի քանի տարիներին մենք տասնապատիկ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին: Չգիտես ինչու, սակայն, որեւէ մեկն այդ մասին չխոսեց, որեւէ լրատվամիջոց չանդրադարձավ դրան», – ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ տարակուսել էր Սերբիայի նախագահն՝ ընդգծելով, ի դեպ, որ Ադրբեջանի նախագահի հետ շատ լավ հարաբերություններ ունի:

Վուչիչն արձագանքել էր սերբական մամուլում տեղ գտած հրապարակումներին, որոնց համաձայն՝ Բելգրադն ու Երեւանը սպառազինության ոլորտում վերջին տարիներին մի շարք լուրջ գործարքներ են կնքել: Բելգրադում լույս տեսնող НИН հանդեսը, ըստ ռադիոկայանի, մասնավորապես պնդել է, թե Հայաստանը շուրջ 5 միլիոն 800 հազար եվրոյի եւ 5 միլիոն 300 հազար դոլարի սերբական արտադրության զենք է գնել: Խոսքը, մասնավորապես, տարբեր տրամաչափի ականների եւ «Գրադ» կայանքների համար նախատեսված սպառազինության մասին է: Նույն աղբյուրի վկայությամբ՝ միայն 2019 թվականին Սերբիայից Երեւան սպառազինությամբ 16 չվերթ է իրականացվել: Նույն լրատվամիջոցը նաեւ պնդում է, թե սերբական զենքի վերջին մատակարարումներն իրականացվել են հուլիսի 14-ին եւ 15-ին:

Սերբիայի նախագահի խոսքով՝ թեեւ ինքը Երեւանի հետ կնքված գործարքները որոշակիորեն վիճահարույց է համարում, այնուհանդերձ, հենց նման մատակարարումներն են, որ հնարավորություն են տալիս երկրի ռազմաարդյունաբերական համալիրին խուսափել վերջնական անկումից: «Իսկ ի՞նչ ենք անելու մենք ռազմաարդյունաբերական համալիրի հետ: Դուք ուզում եք, որ դրանում ներգրավված մարդիկ անգո՞րծ մնան: Սերբիայի ռազմաարդյունաբերական համալիրում 17 հազար մարդ է աշխատում, եւ հարկավոր է այնպես անել, որ նրանք պահպանեն աշխատատեղերը։ Բայց եթե ընդհանրացնենք, ապա հարց է ծագում՝ ո՞ւմ ենք մենք սպառազինություն վաճառելու ապագայում։ Ում էլ վաճառենք, միեւնույն է, ենթարկվելու ենք քննադատության»,- հավելել էր Սերբիայի նախագահը։

Հուլիսին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից օրեր անց Ադրբեջանը սերբական սպառազինության մատակարարումների շուրջ աղմուկ բարձրացրեց: Ադրբեջանական լրատվական կայքերից մեկը հայտնեց, թե «անհերքելի տեղեկություններ» է ստացել, թե Բելգրադը Հայաստանին վերջին ամիսների ընթացքում տարբեր տրամաչափի ականանետային սպառազինություն է վաճառել։ Նշյալ հրապարակումից հաշված ժամեր անց Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպանը՝ Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։

«Գոյություն չունի որեւէ միջազգային սահմանափակում, որի հիման վրա Սերբիան կարող է հրաժարվել զենք վաճառել Հայաստանին»,- մեկնաբանելով Բաքվից հնչող մեղադրանքները, ինչպես հաղորդել էր «Ազատությունը», նման հայտարարությամբ էր հանդես եկել Սերբիայի առեւտրի նախարար Ռասիմ Լյալիչը։

Պատասխանելով սերբական ԶԼՄ-ների հարցերին՝ նախարարը հաստատել էր, որ երկրի տարածքում գործող մասնավոր զինագործական ընկերություններից մի քանիսը համագործակցում են Հայաստանի հետ։ «2020-ին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Սերբիայում գործող պետական զինագործական ընկերությունները այդ գործարքներում ներգրավված չեն եղել։ Ես չեմ կարող նշել այդ ընկերությունների անվանումները, սակայն մեր տեղեկություններով Հայաստան են մատակարարվել հիմնականում ինքնաձիգեր եւ ատրճանակներ։ Դրանց ընդհանուր արժեքը մեկ միլիոն եվրոյից էլ պակաս է եղել։ Այդ սպառազինությունը առաքվել է երկու խմբաքանակով՝ մայիսին եւ հունիսին»,- նշել է սերբ պաշտոնյան՝ հատուկ ընդգծելով, որ Երեւանի հետ կնքված գործարքը նախապես արժանացել է Սերբիայի միանգամից հինգ գերատեսչությունների՝ արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության եւ առեւտրի նախարարությունների, ինչպես նաեւ հետախուզական ծառայության հավանությանը։

Ապա` Սերբիայի առեւտրի նախարարը նշել էր. «Ոչ ԵՄ, ոչ Միացյալ Նահանգները եւ ոչ էլ Ռուսաստանը Հայաստանի դեմ պատժամիջոցներ չեն սահմանել, ուստի շատ դժվար է մերժել այդ երկրի՝ սպառազինություն գնելու առաջարկները»։
Յուրաքանչյուր տարի իր երկրի ռազմական բյուջեն ավելացնող Ալիեւը, որը սպառազինություն է ձեռքբերում աշխարհի տարբեր երկրներից, միլիարդներ ծախսում՝ ադրբեջանական «անպարտելի բանակը» զինելու նպատակով, հանկարծ անհանգստության նշաններ է սկսել ցույց տալ՝ Սերբիայի կողմից Հայաստանին զենք վաճառելու «բացահայտումների» ֆոնին:

Ալիեւը տարիներ շարունակ իր ելույթներում բացահայտ ի ցույց է դնում ադրբեջանին զինելու ու ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու «հնարավորությունների» քաղաքականությունը: Փոխանակ քաղաքակիրթ աշխարհին Ալիեւը բացատրություն տա պատերազմի քարոզի, իր երկրում՝ հայատյացության մակարդակը բարձունքների հասցնելու համար, նույնիսկ այս պայմաններում Ադրբեջանում համարձակվում են որեւէ երկրից բացատրություններ պահանջել՝ Հայաստանի հետ կնքված գործարքների համար:

Ինչ վերաբերում է հայ-սերբական պաշտպանական համագործակցության համաձայնագրի կնքմանը, ապա նկատենք, որ ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել է դեռեւս 2015թ. նոյեմբերի որոշումներից մեկով, երբ ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը:

Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը Երեւան ժամանեց երկօրյա այցով 2015թ. նոյեմբերի 24-ին:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նոյեմբերի 25-ին տեղի էր ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի առանձնազրույցը, որից հետո պատվիրակությունները հանդիպել էին ընդլայնված կազմով: Հանդիպմանը կողմերը քննարկել էին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես` քննարկվել են ռազմատեխնիկական, ռազմական կրթության, ռազմական բժշկության, խաղաղապահության բնագավառներում փոխգործակցության եւ պայմանագրային-իրավական դաշտում հարաբերությունների զարգացման հետ կապված հարցեր:

Երկկողմ բանակցությունների ավարտին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման մտադրության մասին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ Հայտարարությունը:

Հայ-սերբական պաշտպանական համագործակցության համաձայնագրի կնքման վերաբերյալ ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել էր նույն թվականի նոյեմբերի 19-ի որոշումներից մեկով, որը նախատեսվում էր, որ Հայաստանն ու Սերբիան կհամագործակցեն հետեւյալ ոլորտներում. «պաշտպանական եւ անվտանգության քաղաքականություն, ռազմատնտեսական համագործակցություն, ռազմաիրավական ոլորտի համագործակցություն, խաղաղապահ առաքելություններ, ռազմական գիտատեխնիկական համագործակցություն, ռազմական կրթություն եւ վարժանք, ռազմական բժշկություն, ռազմական չափագիտություն, կողմերի լիազորված մարմինների կողմից համաձայնեցված փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 07.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31