Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդիայի մասին նոր օրենքը չի լուծում ոլորտի առջև ծառացած խնդիրները. հակառուսական օրե՞նք, թե՞ մեդիա դաշտի բարելավում. «Ամերիկայի ձայն»

Օգոստոս 07,2020 11:22

 «Ամերիկայի ձայն». ՀՀ-ում ընդունվեց «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենք, որն ունի նաև օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռարձակման շուրջ դրույթ: Որոշ դեպքերում այն նաև դիտարկվում է որպես հակառուսական:

ՀՀ ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանի կարծիքով «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենքը մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ ապահովում է մայրենի լեզվի անվտանգությունը: Օրենքն անդրադառնում է օտարերկրյա հեռուստաընկերությունների հեռարձակմանը: Նոր օրենքի համաձայն հաջորդ տարվանից դրանք կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միայն միջպետական համաձայնագրի առկայության դեպքում:

Այս փոփոխությանը դեռևս խորհրդարանի ընդունման փուլում արձագանքեց ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը՝ ընդգծելով, որ օրենքն ուղղակիորեն կանդրադառնա ՀՀ-ում հեռարձակվող ռուսական «Первый канал», «РТР Планета» և «Россия. Культура» հեռուստաալիքների ճակատագրին: Իր դժգոհությունն արտահայտելով օրենքի վերաբերյալ՝ ՌԴ-ը, սակայն, շեշտում է՝ այս հարցը Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է» և պատրաստակամություն հայտնում՝ բանակցելու հայկական կողմի հետ:

Ալիք Մեդիա հեռուստաընկերության ղեկավար Արսեն Խառատյանի կարծիքով ռուսական կողմի դժգուհությունը սպասելի էր, որը հաշվի է առնվել օրենքի քննարկման փուլում: Նա վստահ է՝ այս տեսանկյունից հարցադրումը քաղաքական շահարկում է: Օրենքը որևէ հակառուսական միտում չունի: Երկիրը կարող է և պետք է որոշակիորեն սահմանափակի վերգետնյա հեռարձակումն այլ երկրների համար, ընդգծում է Խառատյանը:

«Քաղաքական որոշում չի եղել փակելու ռուսական ալիքները Հայաստանում»,- վստահեցնում է նա:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը համակարծիք է, որ վերգետնյա հեռարձակումը պետք է լինի առաջին հերթին հայկական հեռարձակողների համար: Օրենքը հավասարապես վերաբերում է ամերիկյան և այլ օտարերկրյա հեռարձակողների: Փորձագետը որևէ խնդիր չի տեսնում միջպետական պայմանագիր կնքելու հարցում՝ ընդգծելով նաև, որ ռուսական ալիքները լիովին հասանելի են ՀՀ-ում համացանցի կամ մալուխի միջոցով:

Անդրադառնալով ընդհանուր օրենքին՝ Նունե Սարգսյանը քննադատության ենթարկեց ընդունված օրենքն՝ այն որակելով ոչ ամբողջական, որն ունի բազմաթիվ բացթողումներ և կարիք ունի միջազգային փորձագիտական կարծիքի:

«Այս տեսքով կարծում եմ օրենքն առանձնապես առաջադեմ չէ, չի ապահովում անհրաժեշտ բարեփոխումները և չի լուծում ոլորտի առջև ծառացած խնդիրները»,- նկատում է Սարգսյանը:

Արսեն Խառատյանն էլ իր հերթին կարևորում է այս օրենքի ընդունումը, որն, ըստ նրա, միտված է բացառելու էլեկտրոնային մեդիայի դաշտի կենտրոնացումը քաղաքական կամ տնտեսական որևէ ուժի ձեռքում, հատկապես հաճախականությունների նոր մրցույթին ընդառաջ:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31