Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ազգային հավաքականի շապիկի վրայից հանում էին Արարատ սարը, բա ո՞ւր էին իրենք». Սոս Ավետիսյանը՝ իրենց քննադատողներին

Օգոստոս 10,2020 21:00

«Ուզում եմ պարզ բան բացատրել. երբ մեր Հայոց պատմության գրքում գրված է Հայկական լեռնաշխարհ, բայց ինքն ինչ-որ բանի հետ զուգորդելու կամ նայելու համար ուրիշ տերմին է գրված եղել, սակայն դա չի նշանակել, որ մենք պետք է փոխարինենք, օրինակ, Հայկական լեռնաշխարհը Անատոլիայով կամ Կովկասով: Գրել ենք, թե  հայերի մոտ դա ինչպես է նկարագրվում: Եթե գրում ենք, որ  Հայաստանի դասագրքերում նկարագրվում է Հայկական լեռնաշխարհը, դա որևէ մեկը չի վիճարկում, կան տերմիններ Անատոլիա և Կովկաս, որոնք հարկավոր են նրա համար, որ մարդ կոնտրաստ հասկանա: Երբ գիրք ես գրում, չես կարող գրել Հայկական լեռնաշխարհում նկարագրվում է Հայկական լեռնաշխարհը: Դա կլինի տաֆտալոգիա»,- Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատությունում Անատոլիա և Կովկաս տերմինների օգտագործման հետ կապված իրենց հասցեին հնչած քննադատություններին՝ ասաց ՀՀ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը:

Նշենք, որ, խոսելով  “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») աշխատության մասին, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը նշել էր` «Ի՞նչ քննարկել, երբ այդ մարդը թուրքերի հետ միասին գիրք է ստորագրել, որում Հայկական լեռնաշխարհն Անատոլիա է եւ որում հայերը եկվոր են»: Նաեւ սրբապղծություն էր համարել հայ հեղինակներին մեղադրելը միլիտարիզմի մեջ, որ Հայոց պատմության առկա դասագրքում, որ հրապարակվել է 2016-ի սեպտեմբերին, ներառված է եղել և Ապրիլյան պատերազմի դեպքերն են լուսաբանել. «Այսպիսի բան միայն թուրքը կանի, բայց սրա տակ այս հայերն էլ են ստորագրել: Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին մտցնում ենք դասագիրք, ճիշտ է, 12-րդ դասարանի գրքի կազմմանը ես չեմ մասնակցել, բայց երբ մերոնք դասագիրքը բերեցին, ես շատ ուրախացա, ասացի՝ ապրեք, ինչ հրաշք բան եք արել: 12-րդ դասարանի աշակերտը 17 տարեկան է, ինքը կարդում է, որ 18-20 տարեկան տղաներն իրենց հրամանատարների գլխավորությամբ, կյանքի գնով երկիր են փրկել, սրանից ավելի լավ դաստիարակող բան, ու սրա համար մեզ մեղադրում են և մեղադրում են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 2 պատգամավոր, պետական պաշտոնյա, 2 պատմաբան, սրան ենք հասել»։

Այս առիթով Սոս Ավետիսյանն ասաց. «Գրքի տակ չեն ստորագրում, դրանք փաստաթղթեր չեն և միջազգային իրավունքի մաս չեն կազմում: Գիրքը համահեղինակում են, ընդ որում, դա երկու քաղհասարակությունների և գիտնականների համատեղ աշխատանք է: Եթե իրենց հետաքրքիր է, թե ինչպիսի փաստաթղթեր են ստորագրվել և քննարկվել, կարող են նայել փաստաթղթերի տրամաբանության մեջ կամ կարող են նայել հայ-թուրքական արձանագրություններն ու իրենց հարցերն այնտեղ ուղղել: Եթե իրենք սիմվոլիկայից են նեղվում կամ բառերից, ապա հիշեցնեմ, որ հայ-թուրքական արձանագրությունների ժամանակ, երբ Գյուլը եկել էր, մեր ազգային հավաքականի շապիկի վրայից հանում էին Արարատ սարը, բա ո՞ւր էին: Դա արդեն պետական գործողություն է: Բայց իհարկե, իրենք այդ մասին ձայն չեն հանելու»:

Անատոլիա բառի առիթով Սոս Ավետիսյանը հարցրեց՝ այդ ինչպե՞ս Հայց պատմության ամբիոնը ձայն չէր հանում, երբ Հանրային հեռուստաընկերության եթերով շաբաթներ շարունակ «Անատոլիական պատմություններն» էին ցուցադրվում:

Սոս Ավետիսյանը նշեց՝ իրենց քննադատողները հիշում են Մովսես Խորենացուն և մյուս կողմից նկատեց. «Եթե իրենք խոսում են Խորենացու մասին, ապա իրենք գոնե Խորենացու տեսանկյունները պետք է ներկայացնեն հայոց պատմության մեջ: Եթե Խորենացու մոտեցումներով են առաջնորդվում, ո՞նց կարող են երկրի ղեկավարների մասնակցությունը չարտացոլել գործերում: Խորենացին միայն զինվորների՞ մասին է գրում, թե՞ նաև այդ ժամանակվա առաջնորդների: Ապրիլյան պատերազմի մասին են գրում ժամանակակից պատմության գրքերի մեջ, այդ երկու էջը մտնում է պատմության դասագիրք, բայց ոչ մի անգամ այդ ժամանակվա առաջնորդի՝ Սերժ Սարգսյանի դարակազմիկ խոսքերը չեն  ֆիքսվում: Ո՞նց եղավ, որ երկու էջում մի անգամ չգրվեց, թե Սերժ Սարգսյանն ինչ կարծիքի էր այդ պատերազմի մասին: Ինչքա՞ն կարող են միակարծությամբ զբաղվել: Ու այսօր ինչ-որ մեկը վեր կենա ասի 800 հա չէ, 400 հա է: Դա Արտակ Մովսիսյանը չի հասցրել ֆիքսել ժամանակակից պատմագրությունում: Եվ սա վերաբերում է նաև մյուս պարոններին: Ընդամենը շահերի բախումով մարդիկ են եղել, որոնք փող են աշխատել»:

Նշենք, որ պատմաբան Գեղամ Պետրոսյանն էլ հայտարարել էր, որ պատգամավորներ Սոս Ավետիսյանն ու Մարիա Կարապետյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները: Այս առիթով Սոս Ավետիսյանն ասաց. «Իրենք չեն տվել իմ մանդատը, և իրենց չի պատկանում իմ մանդատը: Այն պատկանում է ՀՀ ժողովրդին և այդ ժողովուրդն ինձ գործուղել է ԱԺ: Իմ կենսագրությամբ հետաքրքրվող ցանկացած մարդ կտեսնի, թե ՀՀ ազգային շահը ես ոնց եմ պաշտպանել ու ովքեր  են այդ մանդատի հարցը բարձրացնողները: Ես շատ լավ գիտեմ, որ դաշնակցական նաև այդ մեդիայի սրացումները զուտ քաղաքական պրոցեսներ են:  Դաշնակցությանը ես միլիոնավոր այլ հարցեր ունեմ հենց պատմաբանության և պատմագիտության տեսանկյունից, բայց դա թողնենք մեկ ուրիշ անգամ»:

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս ստացվեց, որ ինքն էլ աշխատեց “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ») գրքի վրա, հաշվի առնելով, որ ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի եւ գրականության բաժինը («Եվրոպական լեզուների մասնագետները իրենք իրենց իրավունք են վերապահել Հայոց պատմությունը՝ մեր դասագրքերում և Թուրքիայի պատմությունը՝ նրանց դասագրքերում քննարկել, քննադատել, ցույց տալ սխալները և կանխորոշել այն սկզբունքները, որոնցով 2 երկրների դասագրքերը պետք է փոխվեն»,- այս առնչությամբ ասել էր ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը.-խմբ): Սոս Ավետիսյանը նշեց, որ՝ նախ ոչ մի գաղտնի բան չկա, այդ հրատարակությունն առցանց դրված է եղել, նաև հայտնեց, որ եղել է հայտարարություն, ինքն էլ դիմել է. «Առհասարակ ես հետաքրքրված եմ տարածաշրջանային հակամարտություններով և ուսանել եմ Օքսֆորդի համալսարանում, ուսումնասիրել ընդհանրապես պատերազմների և ժողովրդավարության կապը: Դա իմ թեզն էր, և դա նորմալ է, որ երբ դու գիտնական ես և ազատ մարդ, կարող ես գնալ ու գրքեր գրել: Եղել է հայտարարություն, որ կա նման ծրագիր: Հայ-թուրքական ծրագրերը նաև պետությունների կողմից ի գիտություն եղած ծրագրեր էին: Հիմա էլ կան: Այն ժամանակ դա արվում էր նախագահի մակարդակով, այդ ժամանակ չէր երևում, հետո, երբ քաղհասարակության մակարդակով արվեց, սկսեց շատ երևալ ինչ որ մարդկանց աչքերին»:

Խոսելով Հայոց պատմություն առարկայի չափորոշիչների հետ կապված իր հասցեին հնչած մեղադրանքների մասին՝ պատգամավորն ասաց, որ ինքն ընդհանրապես կապ չունի այդ հարցի հետ, քանի որ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ է: Նաև փաստեց՝ եղել է բաց մրցույթ, կարող էին քննադատողներն էլ մասնակցել: Հիմա էլ, եթե ցավում են, կարող են առաջարկներ ներկայացնել:

Սոս Ավետիսյանը նաև ստահոդ համարեց այն խոսակցությունները, թե գիրքը թուրքերի կողմից է ֆինանսավորվել: Նա նշեց, որ գրքի վրա գրված է՝ ովքեր են ֆինանսավորել:

Ամփոփելով՝ Սոս Ավետիսյանը դարձյալ ասաց. «Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներով պատգամավորների նկարներն են տարածում: Ո՞ւր էին իրենք, երբ Հայաստանի ազգային հավաքականի համազգեստի վրայից Արարատ սարն էին հանում, թե՞ դա ավելի քիչ դավաճանություն է, երբ պետական մակարդակով է արվում: Ո՞ւր էին նրանք, երբ հարց էր դրվում Հայոց ցեղասպանության համատեղ հանձնաժողով ստեղծել ու ցեղասպանության հարց քննարկել: Կամ այս ամբողջ ընթացքում գոնե մեկ անգամ լսեցի՞նք, որ իրենց նշած այդ գրքում Հայոց ցեղասպանության թեման էր քննարկվում: Բայց իրենք հո դա չե՞ն տեսնելու: Հիշեք Հրանտ Դինքին նույն շրջանակները՝ հատկապես դաշնակցականները ոնց էին վերաբերվում: Հիշեք ինչ եղավ, երբ այս մարդուն Թուրքիայում սպանեցին: Բոլորը Դինք դարձան: Այնպես որ, մենք երիտասարդ ենք, բայց մեր հիշողության հետ ամեն ինչ շատ լավ է: Կա՞ պատմության ամբիոնից գրված բողոք, որ Հ1-ով «Անատոլիական պատմություններ» էին ցույց տալիս: Ո՞նց է լինում, որ մեկ տարի ցուցադրվում էր «Անատոլիական պատմությունները» կամ ինչո՞ւ չեն դարձրել «Հայկական լեռնաշխարհի պատմություններ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ». «Իմ քայլի» պատգամավորի մատնանշած օրինակի կապակցությամբ հիշեցնենք, որ 2008-ի սեպտեմբերին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունն ու ՀՅԴ «Նիկոլ Աղբալեան» Ուսանողական Միությունը հանդես էին եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված էր. «Գայթակղութեան բացայայտ երեւոյթ է Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի մարզահագուստի նոր տարբերանշանը, որը ոչ միայն աղաւաղում է պետական գերբը՝ ՀՀ զինանշանը, այլեւ, անհասկանալի հիմնաւորումներով, հրաժարում է նախկին տարբերանշանից, ընդ որում՝ Արարատ լերան պատկերով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31