Ապրիլի 27-ին Երևանում՝ «Բարձունք» կենտրոնում, տեղի ունեցավ «Հին պատմության նոր ընթերցումներ» խորագրով հուշ-երեկո՝ նվիրված պատմաբան, արևելագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեր ազգի լավագույն զավակներից Արտակ Մովսիսյանի (10․04․1970–03․10․2020) հիշատակին։
Վաղամեռիկ գիտնականը հայ պատմագիտության մեջ առանձնացավ իր համարձակ և նորարարական մոտեցումներով՝ վերաիմաստավորելով հին պատմության առանցքային հարցերը, մասնավորապես՝ Արատտայի և Վանի թագավորության, մեհենագրության և նախամաշտոցյան գրերի թեմաները՝ բացահայտելով դրանց դերը հայկական ինքնության պատմական հիմքերի ձևավորման մեջ։

Երեկոյին ներկա էին Ա․ Մովսիսյանի կինը՝ Երանուհի Դանիելյանը, մտերիմ ընկեր Սոս Հովհաննիսյանը, հարազատներ, գործընկերներ, հայոց պատմությամբ հետաքրքրվողներ։ Կազմակերպիչների ասելով՝ հուշ-երեկոն նպատակ ուներ ոչ միայն հիշելու մեծ պատմաբանին, այլ նաև շարունակելու նրա սկսած մտքի ճանապարհը։
Կարդացեք նաև

Պ․գ․թ․ Կարեն Թոխաթյանը 1986 թվականից իրականացրել է ավելի քան 200 գիտարշավ Հայաստանի և Արցախի բարձրալեռնային շրջաններում։ Այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների։ Վերջերս լույս տեսավ նրա «Հայաստանի ժայռապատկերները» գիրքը։
Կինոռեժիսոր Արտակ Ավդալյանը սովորել է Սանկտ Պետերբուրգում՝ հեռուստառեժիսուրայի բաժնում։ Աշխատել է «Ա1+»-ում, ապա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հիմնել է «Իկար» ֆիլմարտադրական ստուդիան։ Ա․ Մովսիսյանի հետ նկարահանել են ֆիլմեր՝ լինելով ՀՀ տարբեր վայրերում, Արցախում, Իրանում, Արևմտյան Հայաստանում։

Բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ Հուսիկ Արան պատմեց, թե ինչպես են դեռևս խորհրդային տարիներին միասին եղել Արցախում, մոլորվել անտառում։ Բանախոսները մշտապես աշխատել են Արտակ Մովսիսյանի հետ, միասին ճանապարհ անցել։ «Մեր նպատակն է վառ պահել այն մտքի ճանապարհը, որը հարթել է Արտակ Մովսիսյանը»,– ասաց Կ․ Թոխաթյանը։ Արտակի հետ իրենց ֆիլմերը նկարահանելիս հանդիպած դժվարությունների, սակայն դրանք հմտորեն հաղթահարելու մասին խոսեց Ա․ Ավդալյանը։ Ցուցադրվեց նաև հատված իրենց կողմից Վանի թագավորության մասին նկարահանված ֆիլմից։
Վերջում եղավ քննարկում, ներկաները հարցեր ուղղեցին բանախոսներին։ Հուշ-երեկոն կազմակերպվել էր «Խարույկ» կրթամշակութային և բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից՝ «Միշտ դեպի լույս» նախաձեռնության շրջանակում։
Ինչպես նշեց երեկոն վարող Արման Սարգսյանը․ «Այսպիսի հանդիպումների նպատակը մեր մշակույթը, գիտելիքը և կարևոր մարդկանց թողած ժառանգությունը մեր հայրենակիցներին ավելի հասկանալի ու հասանելի դարձնելն է։ Սա հնարավորություն է ճանաչելու նրանց կյանքը, գաղափարները և շարունակելու այդ արժեքները փոխանցել նոր սերունդներին։
«Խարույկ»-ը միավորում է ակտիվ երիտասարդների, ովքեր իրականացնում են կրթական, հասարակական և ազգային արժեքների վրա հիմնված ծրագրեր։ «Միշտ դեպի լույս» նախաձեռնության անվանումը վերցված է Հովհաննես Թումանյանի «Մեր ուխտը» բանաստեղծությունից՝ խորհրդանշելով գիտելիքը, լույսը և առաջընթացը»։
Զոհրաբ Ըռքոյան



















































