Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը չի շտապել Լուկաշենկոյին շնորհավորելու. Փաշինյանի խոսնակը՝ շնորհավորանքի շուրջ քննադատությունների մասին

Օգոստոս 11,2020 16:49

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Բելառուսի արդեն 6-րդ անգամ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին այս օրերին բուռն քննարկվում եւ քննադատվում է: Լուկաշենկոյին շնորհավորել է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Չնայած Լուկաշենկոն, ըստ պաշտոնական տվյալների, ձայների մեծամասնությամբ է վերընտրվել, սակայն այս երկրի ընդդիմությունը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Բելառուսում հազարավոր քաղաքացիներ բողոքի ցույցեր են անում, հազարավոր քաղաքացիներ գործադուլ են հայտարարել: Իշխանությունը ցույցերը ցրելու կոշտ միջոցների է դիմել: Իրավապահները ռետինե փամփուշտներ ու լուսաձայնային նռնակներ են կիրառել ցուցարարների վրա, բախումների հետեւանքով կան բազմաթիվ տուժածներ եւ մեկ զոհ, կան նաեւ ձերբակալվածներ: 26 տարի Բելառուսը ղեկավարած Լուկաշենկոյի՝ ընտրություններում մրցակից եւ ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայան փորձել է վիճարկել ընտրությունների արդյունքները: Լիտվայի իրավապահները հայտարարել են, որ Տիխանովսկայան գտնվում է Լիտվայի տարածքում. այս մասին հայտնում է Մեդուզան: Ինչու է նա մեկնել երկրից, վարկածները տարբեր են:

Նման իրավիճակում Բելառուսի ղեկավարին շուտափույթ շնորհավորելը հանրային գործիչներն անընդունելի են համարում: Սոցիալական ցանցում եւ մամուլում Նիկոլ Փաշինյանի շնորհավորական քայլը համեմատում են ՀՀ-ում մարտի 1-ի հետ, երբ այլ պետությունների ղեկավարները ՀՀ-ում բռնություններից հետո շնորհավորում էին կեղծիքներով ընտրված նախագահին:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Պուտինին, Ուզբեկստանի կամ Ադրբեջանի, կամ Ղազախստանի նախագահներին Բելառուսի բռնապետին շնորհավորանքների համար ոչ ոք ոչինչ չի էլ ասելու, այլ վարքագիծ իրենցից դժվար թե սպասեին թե իրենց պետություններում, թե՛ միջազգային կառույցներում, բայց Հայաստանի շնորհավորանքը շատ անտրամաբանական է ակնկալիքների առումով: Բացի իհարկե, պետությունը զավթած լուկաշենկոյատիպերից, որոնց հրճվանքին հիմա չափ ու սահման չկա..»:

Պարոն Սաքունցն այս առիթով մեկ այլ գրառում էլ է արել. «Մի պետություն, որի վարչապետը շնորհավորում է բռնապետ Լուկաշենկոյին, ապա ոնց կարող է նույն արարքի համար քրեական հետապնդում իրականացնի Ռ. Քոչարյանի նկատմամբ: Սա արժեքների ու սկզբունքների կատարյալ անախրոնիզմ է: Սա ուղղակի աբսուրդ է»:

Արսեն Խառատյանը, որը Փաշինյանի խորհրդականն է եղել, կրկին սոցցանցում գրել է. «Ո՞ւր ենք շտապում: Մինչ հետընտրական Բելառուսում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի լինել, ընդդիմությունը պատրաստվում է վիճարկել նախագահական ընտրությունների արդյունքները, մարդիկ գործադուլների են պատրաստվում, Երեւանը շտապում է շնորհավորել Լուկաշենկոյին հաղթանակի առիթով: Այսպիսով` արձանագրում ենք, որ Հայաստանը Լուկաշենկոյին շնորհավորողների հետեւյալ երկրներին է միանում՝ Ռուսաստան, Չինաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուզբեկստան ու Տաջիկստան»:

Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը որոշ օգտատերեր դիվանագիտական քայլ են համարում, նշելով՝ Փաշինյանը գնացել է այդ քայլին, որպեսզի ՌԴ նախագահ Պուտինի ապացուցի, որ ինքը յուրային է. «Չշնորհավորեր՝ կդառնար էդ խմբակի աչքի գրողը, որի անդամներն առանց էդ էլ չեն խելագարվում Փաշինյանի համար»:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ չի ողջունում վարչապետի շնորհավորանքը. «Հիշո՞ւմ ենք, չէ ինչպիսի զայրույթով էին արձագանքում մեր այսօրվա իշխանավորները, երբ այլ կարգավիճակում էին, միջազգային կառույցները եւ օտարերկրյա պետությունների ղեկավարները շտապում էին լեգիտիմացնել Հայաստանի կեղծված ընտրությունները: Ստացվում է, որ նման երեւույթների նկատմամբ վերաբերմունքը պայմանավորված է ոչ թե սկզբունքներով, այլ աթոռից, որի վրա նստած ես»:

Հանրային հարթակում հնչած այս քննադատությունները վարչապետի մամուլի խոսնակը չի ցանկանում անդրադառնալ: Մանե Գեւորգյանն Aravot.am-ի հետ զրույցում հարցին, թե ինչպես կմեկնաբանի Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքի վերաբերյալ քննադատությունները, պատասխանեց. «Եթե ես անդրադառնամ, ապա մի փոքր ավելի ուշ: Ամեն դեպքում, մենք հետեւում ենք զարգացումներին, հիմա մեկնաբանելու որեւէ անհրաժեշտություն չեմ տեսնում, եթե դրա կարիքն առաջանա՝ ես կանդրադառնամ»: Մեր հարցին՝ իսկ կարիքը երբ կանդրադառնա, մի՞թե այս քննադատությունները, հատկապես մարտի 1-ի հետ զուգահեռները նման կարիք չեն առաջացնում, Մանե Գեւորգյանը պատասխանեց. «Քաղաքացիներն ազատ են արտահայտվել: Ես ուրախ եմ, որ այդ քննարկումներն ընթանում են եւ նորմալ է, որ իրենք իրենց կարծիքն արտահայտում են, քննադատում են: Եթե զգամ, որ իսկապես կա անհրաժեշտություն եւ ասելու որեւէ բան, միանշանակ, դա կանեմ»:

Aravot,am-ի հարցին՝ արդյոք պարոն Փաշինյանը չի՞ շտապել շնորհավորելու հարցում, Գեւորգյանը պատասխանեց. «Ոչ»:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը Փաշինյանի շնորհավորանքը դիվանագիտական տեսանկյունից է ներկայացնում, նա ֆեյսբուքի իր էջում գրել է. «Եկեք չմոռանանք, որ երկրի ղեկավարն ունի գործառույթներ, որոնք շատ են տարբերվում ընդդիմադիր քաղաքական գործչի, լրագրող-հրապարակախոսի, քաղաքագետ-վերլուծաբանի, իրավապաշտպանի, ակտիվիստի գործառույթներից։ Երկրի ղեկավարը, երբ խոսքը գնում է արտաքին հարաբերությունների մասին, պետք է առաջին հերթին առաջնորդվի իր երկրի շահերով, եւ մնացած ամեն ինչն այդ դեպքում դառնում է երկրորդական։ Առանց այդ թեմայի մեջ շատ խորանալու, առաջարկում եմ այսպիսի մի մտավարժանք․ մտածեք այն մասին, թե ինչպես կընկալվեր շնորհավորանքի բացակայությունը այն պայմաններում, երբ ձեր երկրի դաշնակիցները արդեն շնորհավորել են, եւ ինչ կանեիք այդ պահին դուք, եթե լինեիք ՀՀ վարչապետ։

Եկեք չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը Լև Դավիդովիչ Տռոցկին չէ։ Ի հեճուկս նրան, թե ինչ են մեր մասին ասում նախկին իշխանավորները եւ նրանց կողմից կաշառված օտարերկրյա լրատվամիջոցները, մենք երբեք հեղափոխության էքսպորտի խնդիր չենք ունեցել եւ չենք կարող ունենալ»։

«Ափսոս 2018 թվական, հազար ափսոս։ Շնորհավորեց»,-գրել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Իմ քայլ»-ի նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանն էլ գրել է. «Չգիտեմ՝ Եվրոպայի վերջին ու միակ բռնապետ Լուկաշենկոյին փութորեն շնորհավորելն ու ընդգծված ջերմ տոնը ինչ իրական օգուտ է բերելու մեր երկրին ապագայում (ենթադրում եմ՝ ինչ-ինչ հաշվարկներ դրա տակ այնուամենայնիվ եղել են), բայց վստահաբար կարող եմ ասել, որ վարչապետի այս քայլը դեռ շատ երկար են իրեն ու ողջ քաղաքական ուժին հիշեցնելու մեր քաղաքացիները։ Իմ կարծիքով՝ սա դժվար մոռացվող ու դժվար ներվող որոշումներից է, որովհետև ակնհայտ արժեքային հակասություններ է պարունակում իր մեջ։ Ագրոֆյուրերը հեռավոր ասիական կամ լատինամերիկյան երկրում չի մարդկանց կամքի վրա բռնանալով իշխանությունը զավթել եւ պաշտպանում բիրտ ուժի միջոցով։ Բելառուսի հետ մենք մեկ տարածաշրջան ենք՝ ընդհանուր անցյալով, ներկայով ու ապագայով։ Մեզ համար ոչ մի պարագայում չի կարող միեւնույն լինել այդ տարածաշրջանում ժողովրդավարության վիճակը, մանավանդ որ վերջինը երեւի մեր ժողովրդի ու պետության վերջին տասնամյակի գլխավոր ձեռքբերումն ու իրական հպարտությունն են։ Հիմա բոլորի համար ակնհայտ է, որ կա 26 տարի երկրի ղեկին գտնվող «Ալեքսանդր Գրիգորեւիչ» ու կա նրանից չափազանց հոգնած ու միասնաբար վճռականորեն մերժող հասարակություն։ Ու ինչպես մեր իմաստուն վարչապետն էր իր վերջին հարցազրույցի ժամանակ ասում, ղեկավարները անցողիկ են, կարեւորը ժողովուրդն է։ Ուրեմն ինչո՞ւ պետք է Հայաստանի ընտրյալ ղեկավարը բացահայտ կերպով պաշտպանի առաջինին ու դեմ գնա երկրորդին։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունը պարտավոր է բացատրություններ տալ այս հարցի վերաբերյալ»։

Գրող Վասակ Դարբինյանն էլ «խմբագրել է» վարչապետի շնորհավորանքը եւ այն Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հայտնի բանակցություններում հնչած Փաշինյանի խոսքերով ձեւափոխել. « Էդ ճիշտ ա՞, որ Նիկոլի շնորհավորական ուղերձում գրված է. «Պարո՛ն Լուկաշենկո, ես ուզում եմ շատ հստակ լինել, որ ընդհանրապես մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել ու չի կարող համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես ասում եմ, որ Դուք չեք պատկերացնում իրավիճակը: Դուք Բելառուսի Հանրապետությունում չունեք այն իշխանությունը, ինչի մասին Ձեզ զեկուցում են, Բելառուսի Հանրապետությունում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը»: Հ. Գ. «Դուք տեսաք, որ պարոն Լուկաշենկոն ադեկվատությունը կորցրել է եւ լավ չի տիրապետում իրավիճակին»,- շնորհավորական իր ուղերձը եզրափակել է Նիկոլ Փաշինյանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Բելառուսիան, դա Լուկաշենկոն չի:Ազգն մեղավոր չի որ ունեն նույն ռեժիմն ինչպես մենք ունեինք,ԼՏՊ,Վազգեն Սարգսյան,Վանոն,Գագիկ Հարությունյան,Վովան,
    Վաղարշակ Հարությունյան,Ռոբերտ,Սերժ եվ այս բոլորից էլ «շուստրի» եվ ժողորդին դավաճանող Նիկոլն:
    Բայց արի ու մի ցցի ես Նիկոլին, իր երեսպաշտության համար։ Նրան պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը և էլեկտրոնային լրատվամիջոցը տարիներ շարունակ անվանարկել է Լուկաշենկոյին տարբեր վիրավորական արտահայտություններով, խմբագրական և վերլուծական հոդվածներ հրապարակել Բելառուսի նախագահի ընտրակեղծարար լինելու, ոչ լեգիտիմ ճանապարհով իշխանության գալու վերաբերյալ, որոնցից մեծ մասի հեղինակն անձամբ ինքն է։

    Այսպիսով, Փաշինյանի կողմից Լուկաշենկոյին շնորհավորելուց հետո մնում է եզրակացնել, որ 2018 թվականին ընտրված իշխանությունը դա ժողորդին ստորաբար կզցնելն էր: Նույնիսկ զարմանում են իրեն իշխանության բերած սորոսականները։

    Մարտակերտի առանձին գնդի նախկին հրամանատար՝ Աղասի

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31