Հավանաբար, իմաստ չունի խոսել այն մասին, թե որքան ենք մենք՝ հայերս, կարեւորում մեր շրջապատը: Մարդու մասին դատում ենք նրա շրջապատով, շրջապատը գնահատում է մեր ձեռքբերումները: Սվետլանա Լուրյեն, հայկական էթնոհոգեբանության թերեւս ամենախորը ուսումնասիրողը (նրա «Երեւանյան քաղաքակրթություն. Ժամանակակից Հայաստանի մշակութային կոդն ու քաղաքական առասպելը» գիրքը խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ), գրում է, որ հայն ապրում է շրջապատով եւ հանուն շրջապատի, ողջ կյանքի ընթացքում հետեւողականորեն կառուցելով այն:

Վատ հիշողություն ունենալու պատճառով՝ ոչինչ չեմ կարող ասել Դոդոնի, Դոդիկի եւ հատկապես Նգուեն Ֆու Չոնգի մասին: Բայց ահա շնորհավորանքների գծով մյուս գործընկերների մասին կարելի է ասել մի բան՝ դրանք բոլորը շատ տարբեր, բայց ավտորիտար ռեժիմների առաջնորդներ են:
Այստեղ ճիշտ ժամանակն է խորհել՝ ինչի՞ արդյունքում մեր վարչապետը (նրա հետ միասին նաեւ՝ նախագահը) հայտնվեց այդ հրաշալի ընկերախմբում: Փորձերը՝ գտնել այդ հարցի պատասխանը իշխող քաղաքական ուժի պատգամավորների մեկնաբանություններում, հաջողության չհասցրին՝ նրանք, սովորության համաձայն, կուսակցական գծի հետ միասին տատանումների մեջ էին, եւ բազմանշանակ խոսում էին ինչ-որ բարձր մատերիաներից, որոնք մեզ՝ շարքային մահկանացուներիս, հասանելի չեն: Սոցցանցերի ամենագետ օգտատերերը, կախված իրենց քաղաքական նախասիրություններից, նախընտրում էին խոսել, ինչպես միշտ, ամեն ինչի մասին՝ Ռուսաստանի կողմից ճնշումներից սկսած մինչեւ Թավշյա, ոչ բռնի հեղափոխության գաղափարներին դավաճանելը: Այդ ընթացքում Բելառուսում ի հայտ եկավ ընդհարումների պատճառով առաջին զոհը, իսկ ձերբակալվածների թիվը հաշվվում էր հազարներով:
Կարդացեք նաև
Կարելի է երկար քննարկել պատճառները: Բայց դա կարեւոր չէ, ես ինձ համար մի բան հստակ գիտեմ՝ մարդը միշտ իր համար ընկերախումբ է գտնում: Ինքն է ստեղծում իր շրջապատը: Եվ ինքն էլ այդ շրջապատում, շրջապատի հետ ապրում է: Վարչապետն ու նախագահը ցանկացան լինեն Ասադի, Դոդոնի, Դոդիկի եւ Միրզիոեւի հետ նույն խմբում: Եվ ես նրանց դատավորը չեմ:
Բայց մի միտք ինձ հանգիստ չի տալիս: 2008թ. փետրվարի 20-ին, նախագահական ընտրությունների հաջորդ օրը Նիկոլա Սարկոզին շնորհավորեց Սերժ Սարգսյանին՝ հաղթանակի առթիվ: Եվ ես շատ լավ եմ հիշում, թե ինչ բառերով էին Սարկոզիին հիշատակում Ազատության հրապարակում հավաքված մարդիկ:
Եվ դու, իմ հիշողությամբ օժտված ընթերցող, նույնպես, հավանաբար, հիշում ես…
Ս.Յ.
«Առավոտ» օրաթերթ
18.08.2020


















































