Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին տարագրի ցուպը

Հուլիս 04,2021 22:00

Ներքին տարագրության (էմիգրացիայի) մասին սկսել են խոսել դեռեւս 19-րդ դարի կեսերից: Դա մարդու այնպիսի մի հոգեվիճակ է, երբ նա իրեն կամավոր հեռու է պահում պետությունից, չի ցանկանում մասնակցել հասարակական-քաղաքական կյանքին, կրավորական կերպով մերժում է իշխող քաղաքական ռեժիմի կողմից իր վզին փաթաթվող նորմերը:

Աստիճանաբար, երբ 20-րդ դարում զարգանում էին կիսաժողովրդավարական, ոչ ժողովրդավարական, իսկ տեղ-տեղ նաեւ՝ բացահայտ ամբողջատիրական ռեժիմները, ներքին վտարանդիները Եվրոպայում սովորական երեւույթ դարձան: Ռուս մտավորականությունը, որն արհամարհում էր բոլշեւիկներին, բայց ապրում էր ԽՍՀՄ-ում, գերմանացիները, որոնք չէին սատարում Հիտլերին, բայց բնակվում էին նացիստական Գերմանիայում, իտալացիները, որոնք չէին աջակցում Մուսոլինիին, իսպանացիները, որոնք չէին ընդունում Ֆրանկոյին, Սալազարին մերժող պորտուգալացիները:

Կարելի է երկար քննարկել ներքին էմիգրացիայի պատճառները եւ աղբյուրները, բայց կարելի է նշել երկու բնորոշ պայմանները, որոնք ծնում են այդ սոցիալական ֆենոմենը՝ հայրենասիրություն եւ տոտալիտար իշխանություն: Ներքին տարագրի ճանապարհ ընտրող մարդը չի ցանկանում լքել երկիրը, բայց հնարավորություն չի տեսնում առնչվելու, ինչ-որ ընդհանուր բան ունենալու իշխանության հետ:

Ցանկացած եւ հատկապես տոտալիտար իշխանությանը ներքին միգրանտները ձեռնտու են: Նախ՝ նրանք ընդգծված կրավորական դիրք են բռնում: Նրանք հանրահավաքներ չեն անում, չեն գոռում, նրանք (եւ նրանց մասին) չեն գրում: Նրանք լուռ մարդիկ են՝ հարկեր վճարող եւ խնդիրներր չստեղծող:

Երկրորդ՝ նրանք բացարձակապես անպաշտպան են: Նրանց անգամ պետք չէ սպառնալ կամ բռնաճնշել: Բավարար է ակնարկել, որ նրանց կխնդրեն դիմում գրել աշխատանքից ազատվելու մասին: Կամ՝ զրկել գոյատեւման միջոցներից՝ ստիպելով, ինչպես Ցվետաեւայի դեպքում, որ նա խնդրի իրեն աման լվացողի պաշտոն տալ (այդ դիմումից 5 օր անց բանաստեղծուհին ինքնասպանություն էր գործել՝ կախվել էր): Կամ, ինչպես որ Զոշչենկոյի պարագայում էր, հալածանքներից հետո ստիպել, որ իր ապրուստն ապահովի հազվադեպ տրվող թարգմանչական սեւագործ աշխատանքով, իսկ հիմնականում՝ կոշկակարի արհեստով: Երրորդ, եւ դա ամենակարեւորն է՝ այդ մարդիկ բռնապետի մեծահոգության ապացույցն են: Կենդանի, բայց մերժված Ախմատովան, Պաստեռնակը եւ Զոշչենկոն խորհրդային գթասրտության ցուցափեղկն էին, ամբողջատիրական սոցիալիզմի ազատամտության գովազդային բրոշյուրը:

Եվ ահա երբ տոտալիտար իշխանությունը հնարավորություն է ստանում դուրս մղել մտածող մարդկանց ներքին տարագրության ուղղությամբ, ստեղծվում է կայուն հավասարակշռություն մտածող, բայց իշխանությունը լուռ արհամարհող մարդկանց եւ նրանց միջեւ, ովքեր սատարում են իշխանությանն իրենց թոքերի ողջ հզորությամբ:

Այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել վերջին մեկ տարվա ընթացքում, ներքին էմիգրացիա, հեռանալը թվում է առավել հարմարավետ եւ տրամաբանական լուծում: Միակ հարցը, որն ինձ անհանգստացնում է՝ գուցե դա հենց այն է, ինչ որ մեզնից ուզո՞ւմ են:

Ս. Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Հոդվածը 20 տարի առաջ գրվել ու չի տպագրվե՞լ:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031