Լրահոս
Օրվա լրահոսը

Չես խեղդի, չես սպանի

Օգոստոս 08,2021 22:00

Անալոգիաներ, զուգահեռներ տեսնելուն սովոր մարդուն չեն զարմացնի իշխող կուսակցության՝ խոսքի վրա վերահսկողություն սահմանելու անճոռնի փորձերը: Պետք է շեշտել՝ ոչ միայն մամուլի ազատության (որը հաճախ սխալմամբ անվանում են խոսքի ազատություն), ոչ միայն հայհոյանքների եւ ոչ միայն քննադատության վրա: Ժողովրդավարության եւ ազատության ջատագովները, տարօրինակ զուգադիպությամբ՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները, մեթոդաբար եւ նպատակասլացորեն պայքարում են հանուն ցանկացած մենաշնորհի՝ մեդիայի, հասարակական, հանրային:

Եվ եթե քեզ, իմ հավերժ կասկածամիտ ընթերցող, թվում է, թե այդ ամենը «պողպատե» մանդատի իրականացման մանր թերություններն են, ապա շտապեմ հիասթափեցնել՝ ոչ: Դա միտումնավոր կերպով ստեղծվող համակարգ է: Ամեն ինչ սկսվեց այն լրագրողների եւ խմբագիրների հանդեպ թունոտ արշավից, որոնք իրենց թույլ էին տալիս հրապարակել կուսակցության գլխավոր գծից եւ 2018-ին հաղթած ժողովրդի կամքից ինչ-որ կերպ շեղված նորություններ: Շարունակվեց համավարակի սկզբնական շրջանում գրաքննության մուտքով, գովազդների ծավալի օրենսդրորեն կարգավորմամբ (իրականում՝ կրճատմամբ), զրպարտության համար տուգանքների բարձրացմամբ, հայհոյանքների համար արագացված կարգով ընդունված օրենքներով, ԱԺ-ում լրագրողների աշխատանքի կանոնակարգմամբ (ըստ էության՝ աշխատանքի սահմանափակմամբ):

Այդ ամենն ուղեկցվում էր առաջին հայացքից անհեթեթ, բայց նույնքան համակարգված անպատժելիության դրսեւորումներով՝ սկզբում կազմում էին ոչ այնքան հեղափոխական ԶԼՄ-ների ցուցակները, ապա ձերբակալում VPN ծառայություններից օգտվողներին, նախարարը լրագրող էր ծեծում, պատգամավորը լրագրողի ձեռքից հեռախոս էր խլում, եւ ամենաթարմը՝ արգելվեց ֆոտոլրագրողի մուտքը ԱԺ, քանի որ նա համարձակվել էր լուսանկարել խորհրդարանում զինվորական հագուստով մարդկանց:

Երբ մենք դիտարկում ենք այս հրաշքներից յուրաքանչյուրն առանձին վերցրած, ապա թվում է, թե այն տրամաբանական է: Դե, օրինակ, ո՞ր մի խելամիտ մարդը կաջակցի հայհոյախոսությանը կամ կցանկանա, որ խաղատները ԶԼՄ-ներում գովազդվեն: Բայց խոսքի ազատության սահմանափակման հետ կապված ողջ դժբախտությունը դրա համակարգված բնույթի մեջ է: Վերը նշված բոլոր օրինակների մասին շատ է խոսվել, որոշ դեպքերում մասնագիտական կազմակերպությունները, որոնք զբաղվում են մամուլի ազատությամբ, հրապարակել են հերթապահ դատապարտող հայտարարություններ, խմբագիրները գրել են բաց նամակներ, լրագրողները վրդովվել են իրենց իրավունքների ոտնահարումից: Խնդիրը խոսքի դեմ պայքարի համակարգվածությունն է: Եվ նպատակներն են:

Խոսքի մենաշնորհ ունենալը ցանկացած ավտորիտար իշխանության երազանքն է: Հենց հանրայնությունն է, թափանցիկությունն է իշխանությանը դարձնում վերահսկվող եւ հաշվետու: Հենց դժգոհության արտահայտման հնարավորությունն է քաղաքացիներին ուժ դարձնում: Եվ հենց այդ պատճառով ենք մենք տեսնում ներկա արշավանքն ընդդեմ խոսքի:

Բարեբախտաբար կամ ցավոք, «պողպատյա մանդատի» տիրակալների կողմից իրենց առջեւ դրված նպատակն անիրագործելի է: Նրանք, իհարկե, կարող են ընդունել բազմաթիվ հիմար օրենքներ, տանջել չենթարկվող ԶԼՄ-ներին, արգելել ֆոտոխցիկ ունեցող սմարթֆոնները: Բայց այն, ինչ չեն կարող անել, դա այլախոհների բերանները փակելն է:

Բանն այն է, որ ժամանակակից տեխնոլոգիաները բացառում են գրաքննության հնարավորությունը: Արցախում, որտեղ արգելվել էին ցանցային խաղատները, բոլորը գիտեին, թե ինչպես օգտվել անանուն եւ վերահսկողությունից դուրս գտնվող TOR ցանցից: 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ներդրված էր ռազմական գրաքննություն, անկախ տելեգրամ ալիքների օգտատերերի քանակը 10 անգամ մեծացավ:

Ֆեյսբուքյան ֆեյքերն այնքան հանրահայտ դարձան, որ նրանց սկսեցին մամուլում մեջբերել: Անանուն (եւ ոչ այնքան) Youtube ալիքները չտեսնված հայտնիություն ձեռք բերեցին:
Հայաստանի օգտատերերի համար ադրբեջանական կայքերի անհասանելիությունը բերեց VPN ծառայություններից օգտվողների հսկայական աճի:

Խոսքի դեմ պայքարելով՝ իշխանությունը ազատ խոսքն ուղղում է դեպի իր վերահսկողությունից դուրս մնացած տարածքներ: Տարածքներ, որտեղ կարելի է հայհոյել, տարածել ցանկացած, այդ թվում՝ չստուգված եւ ակնհայտ կեղծ, տեղեկություններ, տարածքներ, ուր քաղաքացիները կմտնեն առանց վերահսկողության եւ մեծագույն հաճույքով: Իսկ այդ գործընթացը անվերադարձ է:
Եվ ահա այստեղ նորից վերադառնանք զուգահեռներին: Ներկայիս Ռուսաստանում եւ Իրանում բոլորը լուրերն իմանում են Տելեգրամից, իսկ Չինաստանում բոլորն օգտագործում են VPN, իսկ վաղուց քանդված ԽՍՀՄ-ում զարգանում էր ինքնահրատ գիրն ու գրականությունը:
Խոսքը միշտ կգտնի սողանցք:

Ինքնահրատի, տելեգրամի, VPN-ի, էլի ինչ-որ այլ տեխնոլոգիաների միջոցով: Եվ նրանք, ովքեր վախենում են խոսքից, անխուսափելիորեն կստանան գործ: Համենայնդեպս, պատմությունը դա է հուշում:

Ս. Յ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031