Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ էր հրավիրել՝ հուլիսի 27-ին ստացված՝ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ավագանու անդամներ Վազգեն Աբրահամյանի, Հովհաննես Հակոբյանի, Մարտուն Մկրտչյանի եւ Անտոն Խուրշուդյանի դիմումը քննարկելու համար: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովականներին տեղեկացրեց, որ ավագանիները նույնաբովանդակ դիմում ներկայացրել են նաեւ թիվ 15 տարածքային ընտրական հանձնաժողովին, որտեղ քննարկում եղել է: «ԿԸՀ-ն դիմումի համաձայն իրականացրել է փաստական հանգամանքների ուսումնասիրություն»,-նշեց Մուկուչյանը: Ավագանիները գրել են, որ առկա են Եղեգնուտում տեղական հանրաքվե անցկացնելու հիմքեր: Գրության հեղինակները մասնավորապես նշել են.
«Համայնքի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը սեփական կամքով, գիտակցելով իր գործողությունների իրավական հետեւանքները, 2018թ.-ի հուլիսին դիմում է ներկայացրել՝ իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Դիմումը ներկայացնելու պահին ավագանու գործող անդամները նույն թվականի հուլիսին արտահերթ նիստում որոշել են չբավարարել Մարգարյանի հրաժարականի դիմումը: Եղեգնուտում 2019թ.-ին տեղի ունեցան ավագանու ընտրություններ, եւ ընտրվեցին ավագանիներ: Այս տարի ավագանին նորից քննարկել է Ռազմիկ Մարգարյանի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումը եւ որոշել այն բավարարել, կազմվել է համապատասխան արձանագրություն, որը հունիսին ներկայացվել է Արմավիրի մարզպետին, որպեսզի նա իրականացնի դրանից բխող գործողություններ: Ի պատասխան մարզպետը գրավոր դիրքորոշում է ուղարկել՝ նշելով, որ համայնքի աշխատակազմի քարտուղարն ավագանու նիստ վարելու իրավունք չունի, նաեւ մատնանշելով նույն անձանց միջեւ նույն առարկայի վեճի ավելի վաղ առկայության հիմքով վարչական վարույթը կարճելու մասին (եթե առկա է օրինական ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ): Հունիսին ավագանիները հրավիրել են արտահերթ նիստ՝ համայնքի նախկին ղեկավարի լիազորությունների դադարեցման դիմումի հետ կապված ՏԻՄ մասին օրենքով սահմանված գրավոր ակտ կազմելու համար: Հունիսի 30-ին ավագանու արտահերթ նիստում կազմվել եւ ստորագրվել է արձանագրություն, որով որոշվել է Ռազմիկ Մարգարյանի հրաժարականի մասին դիմումը ներկայացնել մարզպետին: Նա ի պատասխան ասել է, որ չի իրագործելու արձանագրությամբ ընդունված՝ համայնքի նախկին ղեկավարի հրաժարականից բխող հետեւանքները: Մարզպետը ցանկանում է, որպեսզի համայնքի ղեկավարի պաշտոնում վերանշանակվի նախկին ղեկավար Ռազմիկ Մարգարյանը: Մարզպետը հղում է կատարել վերաքննիչ դատարանի որոշմանը: Համայնքի՝ ընտրական իրավունք ունեցող բնակչության մեծ մասը դեմ է, որպեսզի Մարգարյանը վերականգնի ղեկավարի պաշտոնում: Բնակիչներն արգելափակել են համայնքի աշխատակազմի գրասենյակի մուտքը, համայնքի կառավարման հարցը լուծված չէ: Մեր դիմումը հիմնավոր է եւ պետք է բավարարվի»:
Դիմումի հեղինակները մատնանշել են՝ կան օրենսդրական հիմքեր, որպեսզի համայնքի ղեկավարի հարցը հանրաքվեի դրվի, մարդիկ էլ կամքն արտահայտեն: «Ռազմիկ Մարգարյանն ընտրվել է մինչեւ 2018թ.-ը, երբ ընտրակեղծիքները տարածված են եղել, եւ պաշտոնից հրաժարվել է սեփական դիմումով: Բնակիչները դեմ են, որպեսզի նա վերականգնվի պաշտոնում, իսկ մարզպետի ցանկությունը հակադրվում է ժողովրդի կամքին: Միակ լուծումը հանրաքվեն է, հետեւյալ հարցով՝ համաձա՞յն են բնակիչները, որպեսզի նախկին ղեկավարը վերականգնվի պաշտոնում: Խնդրում ենք օժանդակել, որպեսզի Եղեգնուտում անցկացվի հանրաքվե»,-նշել են Եղեգնուտի ավագանիները:

Կարդացեք նաև
Որոշման նախագծին ԿԸՀ անդամները միաձայն «կողմ» քվեարկեցին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































