Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշերը ոստիկանները Եղեգնուտի գյուղապետարանի տարածքից հեռացրել են բարիկադները. գյուղացիները վրդովված` թույլ չեն տալիս, որեւէ մեկը մտնի համայնքապետարան

Հուլիս 15,2020 14:45

Այսօր գիշերը ոստիկանությունը Եղեգնուտի համայնքապետարանի առջեւից հեռացրել է բնակիչների կողմից ավտոմեքենաներով կառուցած բարիկադները, որպեսզի Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները կարողանան իրագործել գույքն ընդունել հանձնելու մարզպետի որոշումը:

Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին եղեգնուտցիները ստացել էին մարզպետի որոշումը, որով 2018 թվականին բնակիչների ճնշումների ներքո հրաժարական տված համայնքապետ Ռազմիկ Մարգարյանը պետք է վերականգնվեր պաշտոնին: Արմավիրի մարզպետի որոշման համար հիմք էր հանդիսացել հօգուտ Ռազմիկ Մարգարյանի դատարանի վճիռը, ինչը հարուցել էր եղեգնուտցիների դժգոհությունը: Նրանք փակել էին փողոցը՝ պահանջելով դադարեցնել նախկին գյուղապետի լիազորությունները: Այդ օրվանից եղեգնուտցիները թույլ չեն տալիս ընդունման-հանձնման աշխատանքներն ի կատար ածել եւ բարիկադներով փակել էին համայնքապետարանի ճանապարհը, գյուղապետարանի դուռն էլ՝ կողպել:

https://www.youtube.com/watch?v=vuh2Dzv6JaM

https://www.youtube.com/watch?v=dTmJ5P4BolY

Aravot.am-ի հետ զրույցում այսօր առավոտյան Եղեգնուտ մեկնած «Հանուն ժողովրդի բարեկեցություն» ՀԿ նախագահ Այսեր Իսայանն ասաց, որ բարիկադները հեռացնելու պահին, բարեբախտաբար, ժողովրդի եւ ոստիկանների միջեւ բախում տեղի չի ունեցել: Առավոտյան, երբ ավագանին ու գյուղացիները հայտնաբերել են, որ բարիկադները տարհանված են, անմիջապես հավաքվել են, սակայն, քանի որ նրանց թվում կանայք եւ երեխաներ էլ են եղել, ոստիկանությունը կոշտ միջոցների չի դիմել:

Այս պահին էլ սակայն գյուղապետարանի դուռը փակ է եւ Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները չեն կարողանում այնտեղ աշխատանքներ կատարել: Մեր զրուցակցի խոսքով, եղեգնուտցիների խնդրանքով իրենց կազմակերպությունը իրավաբանների խումբ է ձեւավորել, որոնք պաշտպանելու են գյուղացիների իրավունքները:

Այս պահին Եղեգնուտում իրավիճակը հանդարտ է, բերման ենթարկվածներ չկան: Այսեր Իսայանի խոսքով, բոլորը սպասում են Վարչական դատարանի՝ հայցը վարույթ ընդունելու մասին տեղեկանքին: Այս անգամ մարզպետի որոշումը բողոքարկել է Եղեգնուտի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը, որը նախկին գյուղապետի հրաժարականից հետո ստանձնել է համայնքապետի պարտականությունները: Ըստ Այսեր Իսայանի, Վարչական դատարանն արդեն հայցն ընդունել է վարույթ:

Aravot.am-ը հեռախոսազրույց ունեցավ նաեւ Արմավիրի մարզպետարանի Տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետի պաշտոնակատար Գոռ Հովհաննիսյանի հետ, որն աշխատանքային խմբով գտնվում էր Եղեգնուտում, սակայն չէր կարողանում մտնել համայնքապետարան: «Կա մարզպետի որոշումը՝ ընդունում հանձնում անելու վերաբերյալ, եւ եկել ենք մեր աշխատանքները շարունակելու, բայց համայնքապետարանի դուռը փակ է, չենք կարողանում ներս մտնել. Եղեգնուտի բնակիչները փակել են եւ թույլ չեն տալիս»,-ասաց պարոն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մինչեւ դուռը չբացվի իրենք չեն կարողանա իրականացնել օրենքով նախատեսված գործողությունները:

Պարոն Իսայանը մեր զրույցում նշեց, որ գյուղի բնակչության 70 տոկոսը միացել է ընդդեմ նախկին գյուղապետի ստորագրահավաքին.
«Նրանց թիվն ավելանում է, ամեն օր ինձ զանգում եւ գրում են Ռուսաստանի Դաշնությունում գտնվող արտագնա աշխատանքի մեկնած Եղեգնուտի բնակիչներից, որոնք միանում են համայնքապետին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին»: Պարոն Իսայանի խոսքով, իրավաբանների խումբը բավականին ակնառու թերություններ է արձանագրել նախկին գյուղապետի դատական գործի ու մարզպետի որոշման վերաբերյալ եւ պատրաստվում է այդ ամենը բողոքարկել, ինչի առիթով էլ համայնքի պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը հայց է ներկայացրել վարչական դատարան: Հայցն արդեն ընդունվել է վարույթ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031