Գյումրու Սլաբոդկա թաղամասում գտնվող «Պատվո Բլուր» հուշահամալիրում այսօր հարգեցին ռուս-թուրքական պատերազմների (1828, 1855 և 1877-1878թթ․ ) ընթացքում զոհված ու այստեղ հուղարկավորված ռուսական բանակի 240 սպաների հիշատակը։ Նշենք, որ «Պատվո Բլուր»-ը վերականգնվել էր տաս տարի առաջ, հուշահամալիրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել էր նաև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը, որը Հայաստանում էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով։


«Ինչպես գիտեք, 2010 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի մասնակցությամբ բացվեց այս հուշահամալիրը, որը խորհրդանշում է հայ-ռուսական հարաբերությունները, դրանց անհրաժեշտությունն ու բարձր մակարդակը։ Եթե պատմական ակնարկ կատարենք, 1853-1856 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, կամ ինչպես պատմության մեջ հայտնի է՝ Ղրիմի պատերազմի ժամանակ 150-ից ավելի ռուս զինվորներ են հուղարկավորվել։ Հետագայում՝ 2010 թվականին նորից ոգեկոչելով ռուս զինվորի հերոսությունը՝ կառուցվեց «Պատվո Բլուր»-ը։ Միևնույն ժամանակ, եթե հիշում եք ՀՀ և ՌԴ նախագահների միջև կնքվեց դաշնագիր, ըստ որի՝ երկարացվեց Հայաստանում 102-րդ ռազմական բազայի գործունեությունը, որն, ըստ իս, շատ կարևոր նշանակություն ունի թե՛ Հայաստանի անվտանգության, և թե՛ նաև Գյումրիի տնտեսական վիճակի առումով»,-ասաց Կարապետ Պողոսյանը։
Կարդացեք նաև

«Թե՛ քաղաքական ժեստերում, և թե՛ տարբեր միջոցառումներում, նաև իշխանություններին կից արբանյակներով մենք անընդհատ լսում ենք, որ ռազմաբազան պետք չէ Հայաստանին։ Մենք շատ լավ գիտենք, որ տարբեր քաղաքական ու հասարակական շրջանակներ անընդհատ աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի հնարավորինս փորձեն այդ հարաբերությունները թուլացնեն, բայց, իմ կարծիքով, դա կլինի ՀՀ ներկայիս իշխանությունների մեծագույն սխալը, եթե իրենք փորձեն ինչ-որ ձևով կպնել այս դաշնագրին և առհասարակ այս հարաբերություններին։ Այս հարաբերությունները ձևավորվել են շատ ավելի վաղուց, տեսեք հենց նույն «Պատվո բլուր»-ը խորհրդանշում է այդ հարաբերություններն ու դրանց կարևորությունը, անհրաժեշտությունը»։

«Ինձ համար կարևոր է հենց անվտանգության խնդիրը, ոչ միայն սոցիալականը, պատերազմող երկիր Հայաստանը չի կարողանալու և իրավունք չունի որևէ չմտածված քայլ անելու, որը կբերի անվտանգության թեկուզև շատ փոքր խախտման»,-ասում է մեր զրուցակիցը։

«Ինչքան էլ դրանք շատ ցավալի, ողբերգական լինեն, 2-3 դեպքով չեն կարող ստվերել հայ-ռուսական հարաբերությունները»,-կարծիք հայտնեց Կարապետ Պողոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































