Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցը փակվել է 1991 թվականին

Օգոստոս 21,2020 10:00

Հասարակական քննարկումների շրջանակներում ժամանակ առ ժամանակ շոշափվում է «թուրքին ներող ապազգային տարրերի» հարցը: Քաղաքական դիսկուրսի այսօրվա ուղղությունը հետեւյալն է. կան «վատ սորոսականներ», որոնք պատրաստ են ամեն ինչ մոռանալ ու թուրքերի հետ ջերմ հարաբերություններ հաստատել, եւ կան «առողջ ազգային ուժեր», որոնք մերկացնում են, դիմակ են պատռում եւ այլն:

Նախ ասեմ, որ այս պարագայում ազգը չի կարող որեւէ մեկին՝ թեկուզ պետության ղեկավարին, կամ որեւէ խմբին՝ անգամ շատ ազդեցիկ, պատվիրակել «ներելու» լիազորությունը, եւ այս առումով քննարկումն, ինչպես ասում են, «առ ոչինչ է»: Բայց կա ավելի սկզբունքային հարց. ինձ թվում է, որ ինչպես «վրեժ լուծելու», այնպես էլ «ներելու» հարց դնելը, եւ այդ հարթության մեջ հարցի քննարկումը պետք էր փակված համարել 1991 թվականի սեպտեմբերի 21-ից սկսած: Ճիշտ նույն ձեւով, ի դեպ, ժամանակավրեպ է «հակառակ կողմի»՝ այսինքն` թուրքական որոշ շրջանակների «հայերից ներողություն խնդրելու» հարցը, որը երբեմն բարձրացվում է թուրք մտավորականների կողմից:

Պատմաբաններին եւ քաղաքագետներին թերեւս շարունակի հետաքրքրել, թե ինչ է հայերի կողմից այս առումով ասվել եւ ինչ է արվել պետականության բացակայության պայմաններում, ինչպես են «վրեժի ծարավով» դաստիարակվել սերունդները, «վրիժառության» որ ակցիաներն էին ճիշտ, իսկ որոնք՝ սխալ եւ այլն: Գործնական առումով այդ ամենը, երբ կա հայկական պետություն եւ հայկական բանակ, այլեւս նշանակություն չունի: Թուրքական պետությունը կատարել է հանցագործություններ, եւ որեւէ հայի կամ թեկուզ 10 միլիոն հայերի «ներել-չներելը» չի կարող ազդել իրավիճակի վրա: Հայկական պետությունը պետք է հետամուտ լինի հիշյալ հանցագործությունները վկայակոչելու, պատժելու եւ հետեւանքները վերացնելու գործին, քանի որ դա անմիջականորեն առնչվում է մեր երկրի անվտանգության հետ:

Ճիշտ նույն ձեւով Հայաստանի Հանրապետության բանակի զինծառայողը (անկախ ազգությունից) պետք է ոչնչացնի Ադրբեջանի Հանրապետության կամ որեւէ այլ երկրի զինծառայողներին (դարձյալ անկախ նրանց ազգությունից), եթե վերջիններս ոտնձգություն են կատարում մեր երկրի սահմանների նկատմամբ:

Նույնը, բնականաբար, վերաբերվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողներին. ոչ մի նշանակություն չունի թե՛ այս զինծառայողների եւ թե՛ սահմանախախտների ազգությունը: Այստեղ հարկավոր է դուրս գալ հուզական դաշտից եւ չխրախուսել որեւէ ազգի նկատմամբ ատելությունը:

Երբ կա անկախ պետականություն, հարցը էթնիկ մակարդակի վրա իջեցնելը պարզապես անիմաստ է: Դուք կարող եք ներել կամ չներել ձեզ դանակահարած մարդուն, բայց անկախ ձեր զգացմունքներից, նա պետք է պատժվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Խմբագրականը լրիւ ճիշդ է, բացի մէկ կէտից՝ չէ, հարցը չէ լուծուած 1991-ին: Եւ չէ լուծուած նաեւ երբեւիցէ, անկէ ի վեր: Եւ այդ է՝ հա՛րցը:

    Երեսուն տարիներէ ի վեր, աշխարհի տարածքին մեծաթիւ հայերի համար, միայն սփոփանք կը լինի, գոհունակութեան եւ երախտագիտութեան խոր հառաչանք մը կը քաշենք միայն, եթէ Հայաստանի Պետութիւնը դառնայ՝ Հայոց Պետութիւն, բարեհաճելով ստանձնել Հայկական Հարցը:

    Սակայն մեր այս ներազգային խնդիրը, բնաւ չլուծուեցաւ: Լաւագոյն պարագային իսկ, երբ որ եղան պահեր, երբ տպաւորութիւն մը գոյացաւ որ վերջապէս Հայաստանի պետական ղեկավարները պետական օրակարգ պիտի դարձնեն համահայկական/համազգային այս էական նիւթը – թէկուզ ոչ որպէս անմիջական առաջնահերթութիւն -, այդ ալ, ոչ միայն մնաց դատարկ խօսքերի մակարդակի վրայ, այլ դէպքերի հոլովոյթով, յանկարծ նորէն յեղաշրջուեցաւ, եւ դարձեալ գնացինք, գլորուեցանք դէպի ետեւ:

    Հետեւաբար, Դասական Սփիւռքի կարգ մը հայերի համար, այժմու Հայաստան նկատմամբ՝ «հայրենադարձութիւն» բառը իսկ, ոչ միայն անիմաստ է, այլ այլեւս վիրաւորական է: Ցաւ կը պատճառէ:

  2. Ruben says:

    Եթե հանրաքվեի հարցը տրվեր ուղղակի՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ԽՍՀՄ-ի կազմում», հնարավոր է մեծամասնությունը պատասխաներ «Այո»:
    Եթե երեկ կամ այսօր հանրաքվե արվի ու հարց տրվի՝ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի անկախ ժողովրդավարական պետություն ֆլան-ֆստանի կազմում», մեծամասնությունը կպատասխանի «Այո»:
    30 տարվա ընթացքում հանրապետությունում բնակվողների (հանրապետության քաղաքացիություն ունեցողների) թիվը նվազել է երկու անգամ: Մնացածը Նիկոլի գունավոր «բոլշևիկներն» են, «բազմագույն» ու բազմակողմ դաշնակները (ոչ միայն ՀՅԴ կոսմոպոլիտները) և մոտ հինգ հարյուր խելքը գլխին մարդ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31