Լրահոս
Օրվա լրահոսը

«Անիրական թվացող բարեփոխումներից մեկը՝ Ռուբինյանց եւ Պարույր Սեւակ խաչմերուկում՝ «Երեւան սիթի»-ի մոտ գտնվող ավտոկայանատեղին կրկին ճեմուղու վերածելն է»

Օգոստոս 31,2020 13:30

Ինչ դժգոհություններ ունեն Քանաքեռ-Զեյթունի բնակիչները

«Ուզում ենք, որ թաղապետարանն ավելի լավ աշխատի: Այո, փոփոխություններ կան՝ աղբահանությունն է լավ իրականացվում, որից չենք կարող բողոքել, բայց ընդհանուր մաքրությունից դժգոհ ենք,  տարածքը շատ են աղտոտում ու դրա դեմ միջոցներ չեն ձեռնարկվում: Մի կողմից էլ՝ թափառող շներն են աղբը դես ու դեն անում  ու ամբողջ տարածքով մեկ տարածում»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ:

«Առավոտը» շրջայց կատարեց այս վարչական շրջանում եւ փոքրիկ սոցհարցում իրականացրեց տարբեր թաղամասերի բնակիչների շրջանում: Մեզ հետ զրուցած բնակիչը նշեց, որ Դրոյի փողոցն անմխիթար վիճակում է։ Նրա խոսքով, ժամանակին այդ փողոցի այգում, որը կրում է «Դավիթ Անհաղթ» անունը, տեղի էին ունենում մշակութային միջոցառումներ, հիմա սակայն, նման միջոցառումները հազվադեպ երեւույթ են դարձել: Բնակչի կարծիքով, պատճառն այն է, որ այգին անմխիթար է ու ոչ բարվոք վիճակում:

Բնակիչներից ոմանք էլ վարչական շրջանի պատասխանատուներին հորդորում էին հիմնել ճեմուղիներ, որտեղ մարդիկ ավելի անվտանգ կզբոսնեն: Նրանց խոսքով, ամենուր շինաշխատանքներ են իրականացվում եւ հետիոտների համար վտանգավոր է դարձել փողոցներով քայլելը: Մեր զրուցակիցներից ոմանք էլ գտնում էին, որ կանաչ գոտին պետք է ավելացնել  թաղամասերում, ինչը ոչ միայն օդը կմաքրի, այլեւ վարչական շրջանն ավելի բարեկեցիկ կդարձնի:

Բնակիչների դժգոհությունները փոխանցեցինք վարչական շրջանի պատասխանատուներին: «Առավոտի» հետ զրույցում, վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ալբինա Ահարոնյանն ասաց. «Ամենասպասված եւ անիրական թվացող բարեփոխումներից մեկը՝ Ռուբինյանց եւ Պարույր Սեւակ խաչմերուկում՝ «Երեւան սիթի»-ի մոտ գտնվող ավտոկայանատեղին կրկին ճեմուղու վերածելն է։ Փորձում ենք ապամոնտաժել տարածքի այն կրպակները, որոնք խոչընդոտում են հետիոտնի անցուդարձին, աշխատում ենք հետ բերել ապօրինի զավթված տարածքները, որպեսզի կանաչապետենք այն։ Իսկ կանաչ տարածքների խնդիր Քանաքեռ-Զեյթունն իրոք ունի, մեզ մոտ պակասում են այգիները։ Փորձում ենք կանաչապատել, սակայն ոռոգման ցանցի հետ խնդիր կա, բայց քանի որ կանաչապատման ՀՈԱԿ-ը նորաստեղծ  է, կարծում եմ մոտ ժամանակներս դրան էլ լուծում կտրվի։ Օրինակ՝ Սարալանջում ոռոգման ցանց է ստեղծվել, իսկ Հաղթանակ զբոսայգունն էլ՝ նորացվել է»: Տիկին Ահարոնյանն ասաց, որ առաջիկայում սպասվում են բակերի նորոգման աշխատանքներ։ Թաղապետարանն ուներ 3 բարեկարգման ծրագիր բակերի համար, սակայն շինարարական խնդիրների պատճառով դա չի ստորագրվել։ Ալբինա Ահարոնյանը հույս ունի, որ այս բարեկարգումները բարեհաջող ընթացք կունենան։

Մեր այն դիտարկմանը, թե բնակիչները նաեւ դժգոհում էին, որ վարչական շրջանի սոցիալական բաժնի աշխատակիցները այցեր չեն կատարում բնակիչներին, հետեւաբար շատ սոցիալական խնդիրների մասին թաղապետարանը չի էլ տեղեկանում արագ կարգով, տիկին Ահարոնյանն ասաց, որ գուցե նման պասիվությունը պայմանավորված է կորոնավիրուսային իրավիճակով. «Չնայած նրան, որ այս շրջանում կատարվել է հսկայական աշխատանք։ Մենք ունենք  2 գործող բարեգործական ճաշարան, որտեղ մեկանգամյա սնունդ ստանում է յուրաքանչյուր անապահով ընտանիք, նրանց թիվը կազմում է 285 հոգի, իսկ դա բավականին մեծ թիվ է։ Կատարել ենք  8 հուղարկավորություն անապահով ընտանիքի, նաեւ 220 կտրոն ենք տրամադրել կրկին անապահով խավին՝ սոցիալական տանը լողանալու համար»:

Տիկին Ահարոնյանի տվյալներով, 2400 ընտանիքի սննդի փաթեթ է տրամադրվել, որի մեջ եղել են նաեւ հիգիենայի պարագաներ։ Որոշ քաղաքացիների էլ տրամադրվել է նաեւ դեղորայք՝ չնայած որ դա իրենց գործառույթի մեջ չի մտնում։

Անդրադառնալով կոյուղիների խնդիրներին, որոնց վերաբերյալ նույնպես բնակիչները բողոքներ էին ներկայացրել, մեր զրուցակիցն ասաց. «Կոյուղիների հարցն իրականում շատ տխուր է, բայց համատիրությունները փորձում են լուծել այս խնդիրը, սակայն քաղաքացիներն էլ պետք է օգնեն, քանի որ նրանց գումարը գոյանում է քաղաքացիների վճարած վարձավճարներից, իսկ մեր քաղաքացիներից ոչ բոլորն են բարեխղճորեն կատարում այդ վճարումները, բայց համատիրությունները, միեւնույնն է, կապիտալ վերանորոգել են որոշ կոյուղագծեր եւ փորձում ենք էլ ավելի աշխատել այդ ուղղությամբ»:

Վարչական շրջանում կատարված այլ բարեփոխումներից խոսելիս էլ՝ տիկին Ահարոնյանն ասաց, որ 20 տարուց ավելի չասֆալտապատված փողոցներն ասֆալտապատվել են:

Նշեց նաեւ, որ առաջիկայում հիմնովին վերափոխվելու է 25 վերելակ։

Հարցին՝ արդյոք բյուջեն բավարարո՞ւմ է աշխատանքների համար, մեր զրուցակիցն ասաց, որ այն կազմվում է կատարվելիք աշխատանքների հիման վրա, սակայն, եթե չի բավականացնում, քաղաքապետարանն անհրաժեշտության դեպքում դոտացիա է տալիս:

Նատալի ՄԿՐՏՉՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.08.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31