Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի վերջո կա՞ն ցուցանիշներ՝ կորոնավիրուսի հետեւանքով ինչքա՞ն մահացություն է եղել Հայաստանում»․ Անահիտ Ավանեսյանը թվեր չհնչեցրեց

Ապրիլ 11,2024 11:18

ԱԺ նիստում կառավարության 2023 թվականի ծրագրի կատարողականի ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին․ «Արդեն 4 տարուց ավելի է, երբ կորոնավիրուսը որպես համաշխարհային ճգնաժամ սկսեց ունենալ իր ազդեցությունը։ Հիշում եք երեւի, որ Հայաստանում որոշվել էր սկզբում շան տեղ չդնել, հետո որոշվեց տնական օղիով ու պինցետով բուժման մեթոդներ կիրառել, բայց հետո տեսանք, թե ինչ հետեւանքներ ունեցանք։ Արդյոք ունե՞ք ցուցանիշներ, թե ի վերջո կորոնավիրուսի հետեւանքով ինչքան մահացություն է եղել, եւ ինչքա՞ն անուղղակի հետեւանքներ են եղել նոր հիվանդությունների սրացման ուղղությամբ»։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ վերլուծել են կովիդի ընդհանուր հետեւանքները մեր բնակչության առողջության վրա։ «Մահացության ցուցանիշներն առաջին իսկ օրվանից հրապարակային կերպով անընդհատ ներկայացրել ենք, եւ այդ թվերը հրապարակվել են։ Հայաստանի արձագանքը կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման, բուժման առումով եղել է տեղին, ժամանակին եւ տվյալ պահին առկա ինֆորմացիային, գիտական մոտեցումներին համարժեք, սա նաեւ միջազգային գործընկերների գնահատականն է։ Պետությունը ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի կանխարգելի եւ ապահովի բուժօգնությունը, որպեսզի մեր բժիշկներն ապահովված լինեն դիմակներով եւ մնացած բոլոր պարագաներով։ Մյուս կողմից, առողջապահական համակարգը համալրվել է նոր սարքավորումներով, իրականացվել են արագ վերանորոգման, հզորությունների մեծացման աշխատանքներ։ Բայց սրա հետ մեկտեղ` կառավարությունը կարողացել է կառավարել թե հիվանդացության տարածումը, թե դրա հետեւանքների վերացումը, բայց նաեւ երեխաները չեն զրկվել դպրոց հաճախելուց։ Այսօր գնահատվում են հետեւանքները, եւ կան երկրներ, որտեղ երկու տարի երեխաները դպրոց չն հաճախել, եւ այսօր են երեւում նրանց կրթական բացթողումների հետեւանքները»,- ասաց Ավանեսյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի տարբեր գնահատականներ կան, եւ ինքը չի կիսում Անահիտ Ավանեսյանի լավատեսությունը։

Նա հորդորեց, որ նախարարը ներկայացնի կորոնավիրուսից մահացության թվերը։ Անահիտ Ավանեսյանն այդպես էլ թվեր չհնչեցրեց։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930