Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան «Փոլերի» ընտրությունը

Սեպտեմբեր 09,2020 10:00

ԱՄՆ-ում նախընտրական պայքար է. նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենն ասում է, որ մինչեւ 2016 թվականը, իր (այն ժամանակվա փոխնախագահի) եւ Օբամայի օրոք տնտեսությունը ծաղկում էր, բայց եկավ Թրամփն ու ամեն ինչ փչացրեց: Իր հերթին հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը պնդում է, որ երբ նա եկավ իշխանության, ամերիկյան տնտեսությունը կատարյալ ավերակ էր, եւ միայն իր՝ Թրամփի հերոսական ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ն սկսեց ծաղկել: Թե որն է ճիշտը, ես, բնականաբար, չգիտեմ: Ոմանք կասեն. բայց չէ՞ որ կան օբյեկտիվ չափանիշներ, տնտեսական ցուցանիշներ եւ այլն: Թույլ տվեք կասկած հայտնել, որ դրանք որեւէ ազդեցություն են թողնում. թե Թրամփի, եւ թե Բայդենի թիմերը կբերեն, այսպես ասած, «100 փաստ Ամերիկայի մասին», որոնք իմ՝ ոչ մասնագետի եւ միլիոնավոր ոչ մասնագետ ամերիկացի ընտրողների համար հավասարապես համոզիչ կթվան:

Այդ դեպքում ինչո՞վ են առաջնորդվելու ընտրողները: Պատասխանեմ նաեւ այդ հարցին. ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում նրանք առաջնորդվելու են պատմություններով, առասպելներով, անեկդոտներով. ինչպես ուզում եք անվանեք՝ իմաստը, կարծում եմ, պարզ է: Եվ այդ առումով Թրամփն, անշուշտ, առավելություններ ունի, որովհետեւ նրա թեզերը պարզ են եւ հասկանալի հասարակ մարդկանց (ամերիկյան «Փոլերի» համար), այդ թեզերը տաքացնում են նրանց սրտերը. կորոնավիրուսը չինական խաղ է՝ կորչեն չինացիները, միգրանտները սպառնում են մեր ժողովրդագրությանը՝ չենք թողնի նրանք գան մեր երկիրը, մեքսիկացիներն էլ մեզ հարավից են սպառնում՝ պատ կկառուցենք, նրանց էլ չենք թողնի: Նաեւ, ինչպես բոլոր պոպուլիստները, Թրամփը չի հետեւում իր լեզվին, եւ, օրինակ, վերջերս ԱՄՆ փոխնախագահի դեմոկրատական թեկնածու, սենատոր Քամալա Հարիսին անվանել է «զզվելի» (nasty): Դա էլ է ժողովրդին դուր գալիս. «ջախջախիչ» բառապաշարը նրա սրտով է: Այնպես որ ամերիկացի ընտրողներն առաջնորդվելու են ոչ թե Թրամփի կամ Բայդենի «100 փաստերով», այլ չինացիների, մեքսիկացիների եւ միգրանտների մասին անեկդոտներով, իսկ այդ առումով Թրամփի դիրքերը գերադասելի են:

Հայկական կազմակերպությունները կողմնորոշվելու համար սովորաբար նախագահի թեկնածուներին հարցաշարեր են ուղարկում՝ Հայկական հարցի հետ կապված: Քանի որ այդ հարցը ոչ Թրամփի, ոչ Բայդենի, մեղմ ասած. քաղաքական առաջնահերթությունների թվում չէ, նրանց թիմից որեւէ մեկն ինչ-որ պատասխաններ կգրի, որոնք բացարձակապես պարտադիր չեն լինի իրենց «շեֆի» կողմից ի կատար ածվելու համար. ԱՄՆ հայ քաղաքացիների ձայները դաշնային մասշտաբով որոշիչ նշանակություն չունեն:

ԱՄՆ ընտրությունների առումով ինձ, ճիշտն ասած, այլ հարց է հետաքրքրում. կորոնավիրուսի պատճառով, ենթադրում եմ, ուժեղանալու են մեկուսացման, ազգայնականության, պետական պրոտեկցիոնիզմի միտումները: Դա լա՞վ է աշխարհի եւ Հայաստանի համար, թե՞ վատ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930