«Ցեղասպանությունը սա է, որ ես իմ ընտանիքին չեմ կարողանում պահել: Սա էլ սպիտակ ցեղասպանություն է: Եթե ես իմ երեխային չկարողանամ պահել, պիտի գնամ մոստից ինձ գցեմ, որ ոչ մի բան չտեսնեմ»,-այսօր վրդովված ասում էին Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչները, որոնք փակել էին Երեւան-Երասխ մայրուղին:

«Վարչապետը ճակատին գրում է՝ «Դուխով», բայց հիմա այդ «դուխը» չենք տեսնում: Տանջվել եմ, իմ փողն եմ ուզում: Ինքնարժեքը 100 դրամ է, մթերման գինը՝ 135: Այդպես գոյատեւել հնարավոր չէ: Բա վարկերն ինչպե՞ս մարենք, ընտանիքը ո՞նց պահենք»,-նշում էին ցույցի մասնակիցները:
Նրանց խոսքով, այնպես չէ, որ կառավարությունը չի աջակցում, բայց այդքան ցածր գինը ինքնասպանություն է խաղողագործների համար:
Կարդացեք նաև
«72 տարեկան մարդ եմ, չոքեչոք խոտ եմ քաղում, մշակում, որ այսօրով իմ ընտանիքը պահեմ, սրանք ասում են՝ չէ, 120, 100 դրամ: Ուզում ենք՝ վարչապետը գա, որ իր խոսքերին տեր կանգնի: Ասել է՝ առանց տոկոս 3 միլիարդ դրամ եմ տալիս, 2 տարով, գինու գործարանները գյուղացու խաղողն են ուզում: Եթե չգա, կպառկենք ասֆալտին, թող գան, տրորեն, անցնեն»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը:
Մեկ այլ խաղողագործի խոսքով էլ՝ «Ասում են՝ կառավարությունն է որոշել խաղողի գինը, կառավարությունն ինչի պետք է որոշի ժողովրդի տեղը: Թող գան, մեր հարցերին պատասխանեն, մենք ճանապարհը փակում ենք»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































