Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Ավետիսյանը՝ հոր «տաբել ստորագրելու» «առեղծվածի», Հայաստանում կանանց թիրախավորելու եւ շնորհակալության մասին

Սեպտեմբեր 17,2020 14:58

Aravot.am-ը «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել է PR մասնագետ, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանի հետ:

Մանկության մասին խոսելիս, մեր զրուցակիցը նշում է, որ ծնվել է լրագրող Շամս Ավետիսյանի և բանասեր Թամարա Թովմասյանի ընտանիքում: Ասում է՝ հայրը բացառիկ հումորի տեր անձնավորությունն էր՝ բարի, ավանդապահ, հանրային կարծիքը գերագնահատող մարդ: Ու իր կարծիքն անվախ հնչեցնելը փոխանցվել է նաև իր երեխաներին:

«Մի դեպք հիշեմ մանկությունից, որը մասնագիտությանս էլ մոտ է: Առաջին դասարանում էի սովորում, դասերից հետո այցելում էի Մարտունու երաժշտական դպրոց, հետո հայրս ինձ տանում էր «Թռիչք» թերթի խմբագրություն, որը գտնվում էր դպրոցին մոտիկ, մի փոքր զբաղվում էի, դասերս էի պատրաստում` մինչև հայրս ավարտեր աշխատանքն ու միասին տուն վերադառնայինք: Ամեն անգամ՝ օրվա վերջում, ասում էր՝ «իջնեմ տաբել ստորագրեմ և հետ վերադառնամ»:

Թերթի խմբագրությունն ու տպարանը նույն շենքի տարբեր հարկերում էին գտնվում: Մի օր հետաքրքրությունս այնքան շարժվեց, որ որոշեցի հետևել հորս, հասկանալ թե «տաբելն» ինչպես են ստորագրում: Իջնում եմ տպարան իր հետևից, որտեղ հիմնական գործը սկսվում էի ժամը վեցից հետո, որովհետև գիշերն էին տպագրում թերթը: Հազիվ կարդալով՝ գտնում եմ տնօրենի սենյակը, դուռը բացում եմ այն պահին, որ բոլոր տղամարդկանց ձեռքին օղու բաժակներն էին, շխկշխկացնելով իրար «բարլուս» էին մաղթում: Դուռը բացեցի, բոլորը զարմացած շրջվեցին, ու խորամանկորեն ասացի՝ փաստորեն, տաբել եք ստորագրում: Զրնգուն ծիծաղից հետո բոլորը հայտարարեցին, որ ես լավ լրագրող կդառնամ և կգնամ հորս հետքերով: Մինչև այսօր ինձ ուղեկցում է տպարանի, նոր տպագրված թերթի, գրքի հոտը: Դա ինձ մոտ միշտ դրական հույզեր է առաջացնում»,-հիշում է Աստղիկ Ավետիսյանը:

Գրականության մասին խոսելիս նա ասաց, որ այս պահին կարդում է մասնագիտական գրականություն՝ Սանդրա Ստալի «PR-ն արվեստ և արհեստ» գիրքը: Ապա հավելում է.« Վերջին տարիներին գեղարվեստական գրականություն շատ քիչ եմ կարդում, բայց հիմա ձեռքիս տակ է Ազնավուրի կյանքի մասին գիրքը, որը «Նյումեգը» հրատարակեց»:

Նա իրեն հաջողակ մարդ է համարում. «Միանշանակ հաջողակ եմ, որ նման ընտանիքում եմ ծնվել, հաջողակ եմ, որ ընդունվել եմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը, հաջողակ եմ, որ արդեն 20 տարի զբաղվում եմ գիտությամբ և դասախոսական աշխատանքով: Հաջողակ եմ, որ իմ կյանքում հանդիպել եմ խելացի, հավասարակշռված, զարգացած կողակցի: Ես հաջողակ եմ, որ ունեմ հրաշալի ընտանիք ու երեխաներ, որոնք շատ տարբեր են, բայց երկուսն էլ խելացի, կազմակերպված և միշտ ինձ հպարտանալու առիթներ են տալիս: Վերջապես, հաջողակ եմ, որովհետև սիրած գործով եմ զբաղվում և միշտ հետաքրքիր մարդկանց հանդիպում: Սիրում եմ կյանքն իր բոլոր գույներով»:

Աստղիկի խոսքով, երջանկությունը բոլոր իրավիճակներում ներդաշնակ հարաբերությունների ստեղծումն է. «Երջանկությունը նաեւ բարի, կամեցող, անշահախնդիր մարդկանց շրջապատում հայտնվելն է, սիրված և գնահատված լինելը: Իմ կարգախոսներից մեկն այն է, որ երբեք ուրիշից ոչինչ մի պահանջիր, և մի սպասիր, այլ ինքդ ստեղծիր: Յուրաքանչյուր ստեղծվող նոր բան ինձ երջանկացնում է»:

Դիտարկմանը, որ հանրային դեմք է՝ PR մասնագետ, ԵՊՀ դասախոս, հանրային գործիչ, ինչպես է հաջողվում շփվել տարբեր հայացքներ ու նախասիրություններ ունեցող մարդկանց հետ եւ պահպանել ճիշտ հարաբերվելու բալանսը, մեր զրուցակիցը պատասխանում է. «Տարիների փորձառությունը շատ բան է սովորեցրել, 10-ը տարի առաջ ավելի զգացմունքային էի, ինչը շատ էր խանգարում աշխատանքիս: Եթե աշխատանքային, ընկերական միջավայրում նկատում էի որևէ վատ բան, անպայման հրապարակային բարձրաձայնում էի՝ մտածելով, որ կուժ ասում եմ քեզ, կուլա հասկացիր:

Տարիներ հետո հասկացա, որ բոլորը չեն, որ ինձ անկեղծ ընդունում են, հետևաբար իմ ասածն ավելի բացասական էր ընդունվում, և հաղորդակցական խոչընդոտներ կարող էին առաջանալ: Մասնագիտական փորձառությունն ինձ բերել է մի կետի, որ մարդուն պետք է ճանաչել և ընդունել այնպես, ինչպես կա: Հարաբերությունները ձևավորել անկեղծ հաղորդակցման շնորհիվ, լսել դիմացինին, հասկանալ նրա կարծիքն այդ թեմայի շուրջ և ներկայացնել քո կարծիքն այնպես, որ դա դիմացինի համար բեռ չդառնա: Բոլոր հակամարտությունները, վեճերը առաջանում են հաղորդակցության բացակայության պատճառով: Այսօր մեր իրականությունում ականատես ենք լինում շատերի անհանդուրժող վերաբերմունքին: Գրագետ հաղորդակցությունը և ամեն ինչում չափավորության և հավասարակշռության դրսևորումները բերում են ներդաշնակ հարաբերությունների ձևավորմանը»:

Երեխաներին դաստիարակելիս մեր զրուցակիցը կարեւորում է ազատ մտածելու, կարծիք հայտնելու, դիմացինին հարգելու, գիտելիքով զինվելու կարողությունը. «Երեխաներիս միշտ ասում եմ, որ գիտելիքը միակ բանն է, որը որևէ մեկը չի կարող խլել ձեզանից: Մարդիկ կորցնում են հարստությունը, հարազատներին, ունեցվածքը, աշխատանքը, բայց գիտելիքը մնայուն է: Եթե զինված ես գիտելիքներով, ապա ապահովագրված ես, յուրաքանչյուր իրավիճակում ելք կգտնես: Ես ամեն ինչ անում եմ, որ ինքնուրույն լինեն, ինչ գործողություն կատարեն՝ գիտակցված կատարեն: Եվ ամենակարևորը՝ յուրաքանչյուր բան անելուց սիրով կատարեն, եթե սեր չդնեն իրենց գործողություններում, ապա իրենք իրենց կտտանքների կենթարկեն»:

Թե PR մասնագետի հայացքով նայելիս՝ իր տպավորությամբ ի՞նչ է պակասում պաշտոնյաներին եւ նրանց կանանց, այս մասին էլ նշում է. «Այսօր պետական կառավարման համակարգում, քաղաքականության մեջ ներգրաված շատ անհատներ կարիք ունեն գրագետ ներկայանալու, հաղորդակցվելու, հանրույթի հետ հետադարձ կապ հաստատելու: Յուրաքանչյուր իրավիճակում ռազմավարական հաղորդակցություն մշակելու, գործողությունները պլանավորելու և թիրախային լսարանի հետ աշխատելու մեթոդներն ու գործիքները առաջնային պետք է լինեն: Որտե՞ղ են գտնվում, ովքե՞ր են մասնակիցները, ի՞նչ են խոսելու, ինչպե՞ս են հարցադրումներին պատասխանելու, հետադարձ կապն ինչպե՞ս են ապահովելու: Այս հարցերի պատասխանները պետք է նախապես իմանալ և ոլորտային համապատասխան խորհրդատուների հետ պլանավորել հաղորդակցությունը:

Մեր հասարակությունը անհանդուրժող է կանանց նկատմամբ, այդ պատճառով կանայք ավելի շատ են հայտնվում քննադատությունների թիրախում: Հենց սա հաշվի առնելով՝ պաշտոնյաների կանայք պետք է ավելի ուշադիր լինեն եւ իրենց հրապարակային ելույթներում, և՛ արտաքին տեսքի, հանրային միջոցառումների մասնակցության նկատմամբ: Կանայք պետք է դրականորեն լրացնեն պաշտոնյա ամուսնուն»,-հայտնեց Աստղիկ Ավետիսյանը:

Հարցրինք նաեւ, թե որն է իր ամենասիրելի անկյունը:

«Յուրաքանչյուր վայրում սիրելի անկյուն ունեմ: Տանը՝ բակում ծիրանի ծառի հովին հանգստանալը, Երևանում՝ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակում հայտնվելը, երբ հոգնած եմ լինում, թեկուզ 5 րոպե նստարանին նստելով՝ լիցքավորվում եմ: ԵՊՀ-ն շատ եմ սիրում, ամեն անգամ կենտրոնական մասնաշենքի դիմացով անցնելիս՝ ներսումս մի բան կատարվում է…Էջմիածնում՝ Ռուբեն Սևակի թանգարանը, Մարտունիում՝ Արմաղան լեռան գագաթը….. Յուրաքանչյուր գողտրիկ և հետաքրքիր վայր ինձ համար դառնում է հարազատ: Ես հայրենատեր եմ»,-ընդգծում է նա:

Ինչ վերաբերում է ճամփորդելուն եւ այն երկրին, որտեղ չի հոգնի դարձյալ այցելել, պատասխանում է. «Վերջին 20 տարիների ընթացքում բազմաթիվ երկրներում եմ եղել, բազմաթիվ հետաքրքիր ու տեսարժան վայրեր եմ այցելել, բայց հեքիաթային զգացողություն ունեցել եմ Բելգիայի Բրյուգե քաղաքում: Զգացողություններս աննկարագրելի էին»:

Խնդրեցինք որեւէ տպավորիչ դրվագ պատմել՝ իր հետ պատահած, մեր զրուցակիցը կոնկրետ դրվագներ չվերհիշեց, փոխարենը խոսեց շնորհակալություն հայտնելու հնարավորության մասին, որը մեզ դարձնում է ավելի ուժեղ. «Ես շնորհակալ եմ իմ կյանքում ստեղծված բոլոր լավ ու վատ դրվագների համար, որովհետև դժվար իրավիճակները մեզ ավելի են ուժեղացնում և հնարամիտ դարձնում: Որևէ բան ինձ հեշտ չի տրվել, ամեն ինչի համար ժամանակ է պետք եղել, որպեսզի ապացուցեմ իմ ճշմարտացիությունը, բայց սա հնարավորություն է եղել ավելի ամուր կանգնելու հողին: Ես շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք աջակցել ու խրախուսել են ինձ, որոնք որևէ ժամանակահատվածում իմ կողքին են եղել, որոնք հեռացել են անհրաժեշտաբար, ովքեր այսօր իմ կյանքում և շրջապատում կան:

Կյանքիս լուսավոր կետերից մեկը ՀՀ նախագահի աշխատակազմում աշխատելու տարիներին Դավոսում տնտեսական ֆորումի մասնակիցների ցուցակում հայտնվել էր և աշխարհում շատ հայտնի դեմքերի դեմառդեմ հանդիպելը, տարբեր երկրների ղեկավարների, աշխարհի հայտնի դեմքերի, որոնց միայն ծանոթ էի ԶԼՄ-ների շնորհիվ: Այդ օրերին մեր երկրի դիվանագիտական կյանքում շատ առաջընթացներ գրանցվեցին: Դրանք հիշարժան օրեր էին ինձ համար: Եվ սրա համար շնորհակալ եմ այն մարդկանց, որոնք ընձեռեցին ինձ այդ հնարավորությունը»:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930