Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության ֆունկցիան ոչ միայն լիցենզիա տալն է, այլ այնպես անելը, որ լիցենզիա ստացածները կարողանան նորմալ աշխատել»

Սեպտեմբեր 18,2020 13:30

TK Partners խորհրդատվական ընկերության համահիմնադիր, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նախկին խորհրդական, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախկին տնօրեն Ալեքսանդր Խաչատուրյանը՝ հանքարդյունաբերության ներկա վիճակի եւ Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրի մասին:

– Վերջերս ԱՎԾ-ն կիսամյակային տվյալներ հրապարակեց, այդ հաշվեկշռում բավականին մեծ տեղ էր զբաղեցնում հանքարդյունաբերությունը: Ո՞րն է օբյեկտիվի եւ սուբյեկտիվի գործոնը, փորձենք ավելի ռացիոնալ գնահատել, թե ի՞նչ իրավիճակ է:

– Հանքարդյունաբերության հետ, մեծ հաշվով, ոչինչ չի փոխվել, որ ծավալներ նվազեն: Եթե մի կողմ դնենք Ամուլսարի եւ Թեղուտի դեպքերը, վերջինս կարծես վերագործարկվել է, մնացած հանքարդյունաբերական նախագծերի հետ ֆունդամենտալ բան չի փոխվել. ոչ կանգնել են, ոչ խնդիրներ են առաջացել: Պարզ է, որ մեր ՀՆԱ-ի մեջ հանքարդյունաբերությունը պիտի տեղ ունենա, քանի որ տնտեսության ճյուղ է եւ ես տեղյակ չեմ, որ այդ ճյուղը վերացնելու կամ ոչնչացնելու քաղաքական որոշում լինի: Հանքարդյունաբերողները շարունակելու են աշխատել: Ես չեմ ուզում քաղաքական տեսանկյունից որեւէ դիտարկում անել, ուստի, եթե քաղաքական համատեքստից դուրս գանք, ապա պետք է ասեմ, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարեւոր ճյուղ է, որը չենք կարող մի օրում ոչնչացնել, այն շարունակելու է աշխատել: Այլ հարց են այդ ոլորտի աշխատանքի ստանդարտները, իրականացվող բարեփոխումները, ռիսկերի նվազեցումը կամ չեզոքացումը, ինչի մասին բնապահպաններն այդքան խոսում են: Արդյո՞ք այդ բնապահպանների գործողությունները համակարգային բնույթ ունեն, թե քաոտիկ, ցիկլիկ կամ թիրախավորված են: Ես հիմա դիտարկում չեմ անում, պարզապես բարձրացնում եմ հարցեր:

– Արդեն երկու տարի է, ինչ Ամուլսարի շուրջ անհասկանալի իրավիճակ է: Բոլոր հնարավոր քայլերն իշխանությունը, կարծես, արեց, որի արդյունքում վարչապետը հայտարարեց, թե հանքարդյունաբերող ընկերությանը շահագործման լիցենզիայից զրկելու որեւէ օրինական հիմք չկա: Միեւնույն է, խնդիրը շարունակում է մնալ: Այստեղ հարցը քաղաքակա՞ն հարթությունում է, թե՞ պոպուլիստական, հանքարդյունաբերության ոլորտում գլոբալ փոփոխությունների մասին:

– Ամուլսարում հանքարդյունաբերող ընկերությունը դեռ երկու տարի առաջ ուներ բոլոր փաստաթղթերը եւ պատրաստ էր սկսել իր աշխատանքները, արդեն քայլեր անում էր: Հետո տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, ինչ-որ ալիք բարձրացավ, որը քաղաքական աստառ ստացավ, հայտնվեց իշխանությունների սեղանի վրա՝ որպես օրակարգային հարց, որպեսզի այդ օրակարգային հարցը լուծվի կամ գոնե պարզաբանվի՝ ծախսվեց երկու տարի: Այդ երկու տարվա ընթացքում ընկերությունը լուրջ տրանսֆորմացիայի ենթարկվեց, ապացուցակվեց, վերակազմավորվեց եւ այլն: Մենք պիտի նայենք արդյունքները, ի՞նչ ունեինք եւ ի՞նչ ստացանք վերջում: Ունեինք, ենթադրենք, ցուցակված ընկերություն, որն ուներ անհատ ներդրողներ, որը մեզ ինչ-որ կերպ ցուցադրում էր միջազգային քարտեզում, ցույց էր տալիս, որ կան ցուցակված բիզնեսներ, որոնք Հայաստանում էլ են աշխատում, հիմա մենք այսքանը չունենք:

Պետության ֆունկցիան ոչ միայն լիցենզիա տալն է, այլ այնպես անելը, որ լիցենզիա ստացածները կարողանան նորմալ աշխատել, եթե ինչ-որ մեկը խանգարում է, ենթադրաբար անօրինական կերպով, պետք է տեր կանգնել այդ իրավիճակին: Ես չեմ ուզում մեր բնապահպան քաղաքացիներին որեւէ կերպ ինչ-որ բանում մեղադրել. նրանք իրենց կարծիքն ունեն եւ իրավունք ունեն այն արտահայտելու ու պնդելու, ինչքան որ ճիշտ են համարում: Ես ոչ ճիշտ եմ համարում, ոչ սխալ: Դա շատ լուրջ կարծիք է, որը պետք է հաշվի առնել եւ բազմաթիվ մեխանիզմներ կան կարծիք ունեցող խմբերի հետ աշխատելու, ինչ-որ հարց լուծելու: Ես պարզապես ուզում եմ հասկանալ, թե այստեղ պետության դերը ո՞րն է: Մարդուն տալիս ես վարորդական իրավունք եւ ասում ես՝ գնա, մեքենա վարիր: Հետո հայտնվում է մեկը, ով ասում է՝ ոչ, չպիտի վարես: Եվ այդ մեկը պետություն չէ: Փաստորեն ստացվում է, որ ստացած լիցենզիան ոչինչ չի նշանակում, որովհետեւ ով լիցենզիան տվել է, չի ապահովում պայմաններ, որպեսզի այդ լիցենզիայով սահմանված իրավունքներն իրացվեն: Արդյո՞ք դա նորմալ է: Օտարերկրյա ներդրողը գալիս է, մեզանից ստանում է թույլտվություն, որի օրինականությունը երկու տարի քննարկում ենք, էլ քրեական գործեր ենք հարուցում, էլ վարչական պրոցեսներ են գնում, վարկառուների, ներդրողների հետ են խնդիրներ լինում, մարդիկ հիասթափվում են, անհանգստանում են: Արդյունքում ստանում ենք այն, որ լիցենզիան մնում է ուժի մեջ, ընկերությունը կարող է շարունակել իր աշխատանքները, բայց իրենց խնդիրն է, թե իրենք ո՞նց են այդ լիցենզիայից բխող իրավունքներն իրականացնելու: Սա ինձ համար տարօրինակ է:

– Այստեղ արդյո՞ք երկակի ստանդարտներ չկան. նույն Թեղուտի հանքը, որը շատ ավելի ոչ բնապահպանական պայմաններով է շահագործվում, 2019 թվականին վերագործարկվեց եւ նույն բնապահպան ակտիվիստները, մտահոգ քաղաքացիները ոչինչ չարեցին: Երկակի ստանդարտներ ասելով նկատի ունեմ թե՛ պետության, թե՛ ակտիվիստների կողմից:

– Ինչ վերաբերում է ակտիվիստներին, ապա դա նրանց իրավունքն է, ես բացարձակապես ոչ իրավունք, ոչ էլ ցանկություն ունեմ իրենց քննադատելու կամ իրենց մոտիվները հարցականի տակ դնելու: Ենթադրենք, ես քաղաքացի եմ կամ բիզնես եմ, որը եկել եւ ինչ-որ թույլտվություն է ստացել: Հնարավո՞ր է լինեն անձինք, ովքեր այդ թույլտվությանը դեմ են: Այո, հնարավոր է: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ ես չպիտի կարողանամ այդ թույլտվության շրջանակներում գործունեություն իրականացնել՝ իհարկե ոչ: Արդյո՞ք մենք ճիշտ ազդակ ենք ուղարկում ներդրողներին, ասելով, որ մենք ձեզ լիցենզիա կտանք, բայց մեզնից ոչինչ չուզեք, մենք որեւէ իրավական խնդիր չենք տեսնում, բայց երբ ինչ-որ մարդկանց իրավունքներ խախտվեն եւ նրանք չկարողանան իրենց գործունեությամբ զբաղվել, մենք ջայլամի քաղաքականություն կվարենք: Ես կարծում եմ, որ լիցենզիա տրամադրողը՝ պետությունը պետք է պրոակտիվ լինի՝ անկախ նրանից, դա ինչ-որ մեկին դո՞ւր է գալիս, թե՞ ոչ:

– Շատ քննարկվեց նաեւ Լիդիան Արմենիայի՝ միջազգային արբիտրաժ գնալու հնարավորությունները, արբիտրաժում՝ պետության եւ Լիդիանի շահելու կամ կորցնելու հարցը:

– Եթե ունես օտարերկրյա ներդրող, որն արդեն ծախսեր է արել, պարզ է, չէ՞, որ պիտի դիտարկվի այդ մարդկանց հնարավորությունները: Եկեք մեզ պատկերացնենք այն ընկերության ղեկավարի դերում, որ ներդրողներից գումար է հավաքել, ծախսեր է արել, բայց չի կարողանում այդ ներդրողներին ոչինչ խոստանալ, որովհետեւ խնդիրներ ունի: Ներդրողն ի՞նչ պիտի անի: Եթե ես էլ լինեի այդ ընկերության տնօրենը, չլինի Լիդիանը, լինի ուրիշը, առաջին բանը, որը ես կանեի իմ բաժնետերերի առաջ ազնիվ լինելու եւ օրենքով սահմանված պարտականություններս կատարելու համար, կլիներ դատական գործընթացին անցնելը: Արդեն մեր երկրի՝ մյուս կողմի, խնդիրն է նստել եւ դիտարկել հնարավորությունները: Դատական գործընթացի գոյությունն ինքնին՝ առանց նույնիսկ արդյունքի, նեգատիվ երանգ է թողնում: Այստեղ նաեւ այլ լուրջ հարց կա: Արդյո՞ք ես՝ որպես քաղաքացի, պատրաստ եմ կրել մի դատական գործընթացի հետեւանքները, որի նախաձեռնողը ես չեմ եղել: Ես չեմ պայքարել, ես բնապահպանական ակտիվիստ չեմ եւ հիմա մեր բնապահպան քաղաքացիները կասեն, որ ես շատ անգիտակից, կապիտալիստ եւ երկրի մասին չմտածող մարդ եմ: Բայց չէ՞ որ այն միլիարդների պարտքերը, որոնք պիտի դրվեն մեր պետության առաջ, մեր հարկատուներն են փակելու: Հետեւաբար, պատասխանատվությունը շատ ավելի մեծ է, քան մենք պատկերացնում ենք: Արբիտրաժային գործընթացի Հայաստանի համար դրական արդյունքների մասով պնդումներն էլ հասկանալի չեն: Ես զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր լինելով բնապահպան, այլ ոչ թե փորձառու իրավաբան, իրենց վրա պատասխանատվություն են վերցնում հայտարարելու, որ այդ բոլոր դատական պրոցեսները սուտ են եւ դրանք չեն լինելու: Չեմ ուզում ընդհանրացնել, բայց ինձ մոտ այդպիսի մնացորդային տպավորություն կա: Ես մանրամասներին չեմ տիրապետում, գուցե եղել են կարծիքներ, որոնցից տեղյակ չեմ:

– Վերջերս Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ Հայաստանի միջազգային վարկանիշի վրա ծանր կնստի Լիդիանի հետ կապված այս խնդիրը:

– Իմ կարծիքով այն արդեն ծանր է նստել, բայց ես չեմ կարծում, որ թեման ավարտված է: Մենք հիմա խաղում ենք, թե ո՞վ ավելի շատ շունչը կպահի: Ընկերությունն այսօր իր ծրագիրն իրագործելու խնդիր ունի, եւ ես չեմ տեսնում, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում: Մենք պիտի դադար առնենք եւ վերլուծենք այս ծրագրի հետ կապված ամեն ինչ եւ հասկանանք, թե վերջնական արդյունքում օգո՞ւտ ստացանք, թե՞ վնաս: Հանքարդյունաբերության կշիռը ՀՆԱ-ի մեջ շարունակում է մնալ նույնը, դեռ մի բան էլ աճում է: Պիտի պարզենք, թե ո՞նց այսպես եղավ: Դեռ չսկսած ծրագիրը պետության համար շատ ավելի վա՞տ է, քան գործո՞ղ ծրագրերը: Ընդ որում, ես անձամբ՝ որպես քաղաքացի, հույս ունեի, որ մենք, ունենալով Ամուլսարի նման ծրագիրը, որը դեռ չի սկսել, պիտի փորձեինք այդ ընկերությանը դարձնել մեզ գործընկեր, որպեսզի Ամուլսարն այնպիսի չափանիշներով աշխատի, որ մենք մյուս բոլոր հանքարդյունաբերողներին ասեինք՝ այսպես, այս մակարդակով հնարավոր է աշխատել, գնացեք ու աշխատեք: Փոխարենը մենք մեզ զրկեցինք այդ չափանիշներն ունենալու իրավունքից:

Անահիտ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
17.09.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930