Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետ. «Սահմանամերձ գյուղերը նախորդ 30 տարիներին ենթարկվել են մասսայական հրետակոծության: Եվ որեւէ անգամ այս ծավալի օպերատիվ աշխատանք չի կատարվել»

Սեպտեմբեր 18,2020 17:03

ՀՀ կառավարության որոշմամբ եւ ՀՀ Տավուշի մարզպետարանի պատվիրատվությամբ՝ Բերդ համայնքի Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր եւ Չինարի գյուղերում 2020 թվականի հուլիսյան հրետակոծությունների հետեւանքով վնասված տների վերականգնման աշխատանքներ են իրականացվում:

Այսօրվա դրությամբ աշխատանքներն ընթանում են 21 բնակելի տներում, որոնցից 16-ը՝ Այգեպարում, 3-ը՝ Ներքին Կարմիրաղբյուրում, 2-ը՝ Չինարիում: Ընդ որում, Չինարիում մեկ առանձնատուն հիմնովին վերակառուցվում է:

Տավուշի մարզպետարանի տրամադրած տեղեկության համաձայն, այս ընթացքում վերոնշյալ երեք գյուղերում կառուցվել են 48 տան եւ ավելի քան 70 կից կառույցների տանիքներ, կատարվել են կոնստրուկտիվ-վերականգնողական աշխատանքներ: Զուգահեռ իրականացվում են նաեւ Այգեպար գյուղի բոլոր ներքին ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ, գույքագրվել եւ հաշվառվել են հրետակոծության արդյունքում վնասված ջերմոցները, ավտոմեքենաները եւ ընտանի կենդանիները: Վնասները փոխհատուցվելու են:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ասաց. «Մենք իրականացնում ենք, ընդհանուր առմամբ, երեք բնույթի աշխատանքներ: Առաջինը՝ տանիքների նորոգումն է, որը կավարտենք առաջիկա մեկ-երկու շաբաթների ընթացքում: Երկրորդ ծավալը տների վերանորոգումն է, որը նաեւ կարելի է վերակառուցում անվանել, որովհետեւ հասկացանք, որ արմատական փոփոխությունների բավականին մեծ կարիք կա: Ընթացքի մեջ են 20-ից ավելի տների վերակառուցման աշխատանքներ, որոնց մի մասն արդեն ավարտական փուլում է: Եվս երկու շաբաթ, եւ այդ աշխատանքներն էլ կավարտենք: Եվ երրորդ փուլը, որ ավարտվելու է մոտավորապես մեկ ամսից, վերաբերում է փողոցներին, ցանկապատերին, դարպասներին: Մենք այստեղ, այսպես ասած, նաեւ ոճաբանությունն ենք փոխում:

Աշխատանքների ընդհանուր ծավալը մոտ 10 հազար քմ. տանիք է, 500 քմ դուռ-պատուհաններ եւ մոտավորապես 150 գծամետր պարիսպներ: Ընդ որում, պարիսպների շինարարության ժամանակ հաշվի է առնվում ոչ միայն տեղական ոճաբանությունը, այլեւ մարդկանց անվտանգությունը: Այսինքն, այն հատվածները, որտեղ անվտանգային լուրջ խնդիրներ կան, պարիսպները կառուցվում են մինչեւ երկու մետր բարձրությամբ»:

Հարցին, թե գյուղերում շրջելիս հանդիպեցինք բնակիչների, որոնք այնուամենայնիվ տարբեր հարցերի շուրջ դժգոհություններ արտահայտեցին, թե մարզպետարանի, թե գյուղապետարանների գործունեությունից, Հայկ Չոբանյանը պատասխանեց. «Այն տները, որոնք իսկապես տուժել են եւ դա արձանագրված է, ներառված են համապատասխան ցուցակներում, որոնք հասանելի են, հրապարակային: Այս երեք գյուղերի ցանկացած բնակիչ կարող է մոտենալ գյուղապետարան եւ տեղեկանալ: Եթե ներգրավված չէ, նշանակում է ժամանակին համապատասխան ծանուցում չի եղել: Թեեւ տներ կան, որ այցելել ենք եւ հետո են դրանք ներգրավվել գործընթացի մեջ: Մի քանի տներ կան, որոնց մասին սպասում ենք քննչական ծառայության պաշտոնական պատասխանին, ում հարցով մենք գրավոր դիմել էինք: Մենք ծախսում ենք պետական գումարներ եւ պետք է համոզված լինենք, որ որոշումն արդարացի է:

Ինչ վերաբերում է նշված այն տներին կամ տանը, որտեղ աշխատանքները դեռ չեն սկսվել, այո, ունենք այդպիսիք, որտեղ աշխատանքները նոր պետք է սկսվեն: Աշխատանքը մեծ ծավալի է եւ հեշտ չէ: Դրանցում ներգրավված է շուրջ 70 վարպետ եւ բանվոր: Բոլորն էլ այս տարածաշրջանից են: Մի բան ուզում եմ անպայման ընդգծել: Տավուշի մարզի սահմանամերձ եւ ոչ միայն սահմանամերձ գյուղերը նախորդ 30 տարիների ընթացքում ենթարկվել են մասսայական հրետակոծության: Եվ որեւէ անգամ այս ծավալի աշխատանք, այն էլ՝ օպերատիվ, երբեւէ չի կատարվել: Ըստ էության առաջին անգամ մենք արձանագրել ենք հրետակոծության բոլոր հետեւանքները եւ շատ ավելի ենք վերականգնում մարդկանց հասցված վնասները: Մեկ օրինակ բերեմ. առաջին փուլում մեր հաշվարկած վնասի չափը եղել է մոտավորապես 133 միլիոն դրամ: Բայց մենք իրականացնում ենք շուրջ 450 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ: Վարչապետի հանձնարարությամբ մենք իրականացնում ենք ոչ միայն այդ վնասի վերականգնումը, այլ, ըստ էության, իրականացնում ենք այդ տների, բնակարանների տանիքների, որոշ դեպքերում՝ նաեւ փողոցների, թաղամասերի վերակառուցում: Այնպես որ, այս իրավիճակում որեւէ բողոք տեղին չէ այն առումով, որ ամեն ինչը չափազանց թափանցիկ է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930