Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակում զրուցել ենք Աննա Մաթեւոսյանի հետ, որը երկար տարիներ եղել է ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի միջազգային իրավունքի ամբիոնի դասախոս, դասավանդել է Հայաստանում ֆրանսիական համալսարանում, այժմ արդեն Մոնպելյե համալսարանի (Ֆրանսիա) իրավագիտության դոկտոր է, դասավանդում է Պոլ Վալերի համալսարանում, նաեւ աշխատում է միջազգային համագործակցության բաժնում՝ որպես ծրագրերի համակարգող:
Մանկության մասին հիշելիս, Աննան ասում է՝ վառ հուշերով երջանիկ մանկություն է ունեցել, թեեւ այն սերնդին է պատկանում, որը հիշում է երկրաշարժը, դժվարին տարիները, պատերազմական իրավիճակը: Աննա Մաթեւոսյանը նշում է, որ հոր աշխատանքի բնույթով պայմանավորված՝ իրենց տանը հաճախ է հանդիպել հայաստանցի եւ սփյուռքահայ ճանաչված դեմքերի:
«Հիշողությանս մեջ դաջված են կոնկրետ մարդիկ ու դեպքեր, որոնք դերակատարություն են ունեցել իմ ընտրության, մասնագիտության ընտրության, անձնային որակների ձեւավորման եւ այլնի առումով: Նրանց թվում է Ալիսիա Կիրակոսյանը, որ երկար ժամանակ հյուրընկալվել էր մեր տանը: Նա ինձ համար կանացիության եւ գեղեցկության մարմնացում էր: Ես հրաշալի հիշում եմ այն խոսակցությունները եւ զրույցները, որոնք չէին կարող ազդեցություն չունենալ ինձ վրա…

Կարդացեք նաև
Անդրադարձավ նաեւ հոր ընկերոջը՝ անվանի գիտնական Ժերար Դեդեյանին, որի տանն է մի շրջան բնակվել՝ Ֆրանսիա տեղափոխվելուց հետո. «Մեծ երջանկություն էր նրա նման զարգացած, կրթված անձնավորության հետ նույն հարկի ներքո բնակվելը: Պարոն Դեդեյանի ընտանիքն իմ ֆրանսիական ընտանիքն եմ համարում:
Երբ խոսում ենք ճակատագրական մարդկանց մասին, բնականաբար չեմ կարող չհիշատակել իմ դստրիկի՝ Նոյեմիի մասին, որի ծնունդը իմ կյանքը բաժանեց մինչեւի եւ հետոյի, ես ամեն ինչ ադապտացրի նրա ցանկություններին, հարմարավետությանը, կարիքներին՝ պայմանավորված նրա առողջական վիճակով: Նրա ծնունդը ինձ ամբողջապես վերափոխեց, այն մաքսիմալիստական երազանքները, որ ունեի առաջ, երջանկության այն տեսականին, որ դրել էի իմ առաջ, ամբողջությամբ տրանսֆորմացվեց, ես սովորեցի սիրել նաեւ մանրուքները»:

Փոխզիջումների մասին խոսելիս Աննա Մաթեւոսյանն ընդգծում է. «Ես հեշտ մարդ եմ, բայց երբեւիցե կոմպրոմիսի չեմ գնա, եթե իմ որոշումից, իմ քայլից կվտանգվի հարազատների, բարեկամների, սիրելի մարդկանց կյանքը, բացասական բաներ տեղի կունենան…Ինձ համար շատ կարեւոր է ներքին անդորրը, որովհետեւ լինելով շատ անհանգիստ մարդ՝ անընդհատ վերլուծում եմ իմ գործողությունները, ուստի կարեւոր է, որ ունենամ ներքին հանգստություն, դրա համար նախընտրում եմ այնպիսի քայլեր անել, որոնք ինձ թույլ կտան լինել հանգիստ իմ խղճի առաջ»:

«Այս տարին բացառիկ էր բոլորիս կյանքում: Կորոնովիրուսային այս խառնաշփոթի պայմաններում նաեւ հնարավորություն ընձեռվեց թե ինձ, թե շատերին՝ ճիշտ վերագնահատել մեր շրջապատը, գնահատել այն մարդկանց, որոնք մեզ համար թանկ են, որոնց կարոտում ենք, որոնք արժանի են ուշադրության, բայց առօրեական վազքի մեջ նախկինում ժամանակ չէինք գտնում ասելու, որ թանկ են մեզ համար, նաեւ մի փոքր մաքրելու այն ամենը, ինչը մեզ բացասական լիցքեր էր պատճառում»,- նշեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերվում է դասախոսական աշխատանքին, Աննա Մաթեւոսյան ասում է, որ տարբերություն կա Հայաստանում եւ Ֆրանսիայում դասավանդելու միջեւ. «Ես շատ սիրում եմ իմ մասնագիտությունը եւ դասավանդման պրոցեսը, ինձ համար դա գերագույն հաճույք է: Պատահական չէ, որ ներկայումս իմ նախկին ուսանողներից շատերը դարձել են իմ ընկերներն ու գործընկերները՝ պահպանելով ջերմ շփումները:
Ի տարբերություն Հայաստանի՝ Ֆրանսիայում դասախոս եւ ուսանող հարաբերություններն ավելի շատ մնացին պաշտոնական մակարդակում, որն, ինչ-որ տեղ ինձ մոտ մի փոքր անհարմարավետության զգացում է առաջացնում: Լինելով զգացմունքային մարդ՝ ես միշտ պետք է փորձեմ իմ հույզերը վերահսկել, որպեսզի մնամ թեմատիկայի շրջանակներում»:

Իր հետ պատահած զվարճալի իրավիճակներից էլ խոսեցինք: Աննա Մաթեւոսյանը նշեց, որ բարեբախտաբար դրանք լավ ավարտ են ունենում ու մի դրվագ պատմեց. «Մեկնել էի Գերմանիա՝ բարեկամներիս մոտ եւ վերադառնալուց պետք է Հաննովերից հասնեի Ամստերդամ, Ամստերդամում նստեի ինքնաթիռ եւ գայի Մոնպելյե: Կարծես թե ոչ մի բան չէր հուշում, որ այդ ճանապարհորդությունը կարող էր նախատեսվածից ավելի երկար լիներ, բայց գնացքը, որ Հաննովերից Ամստերդամ էր գնում, չգիտես ինչու ճանապարհին փչացավ, Փարիզ գնալու փոխարեն նորից հայտնվեցի Գերմանիայում, Գերմանիայից հակառակ ուղղությամբ նստեցի գնացք եւ վերադարձա Բրյուսել, Բրյուսելից Փարիզ, ապա Մոնպելյե, այսինքն՝ այն ճանապարհորդությունը, որ պետք է տեւեր մի վեց-յոթ ժամ, տեւեց քսան ժամ եւ ես այդ ընթացքում հնարավորություն ունեցա չորս երկրի սահման հատել մեկ օրվա ընթացքում»:
Պարզեցինք, որ վերջին 2-3 տարիների ընթացքում պարոն Դեդեյանի հետ աշխատում են մի գրքի վրա, որը վերաբերվում է Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի փրկության գործում իրենց ավանդն ունեցած օտարերկրացիներին. «Դրանք թե միսիոներներ են, թե դիվանագետներ, որոնք ճակատագրի բերումով ականատես են եղել այդ իրադարձություններին եւ փորձել են մասնակցություն ունենալ հայերի փրկությանը, բավականին հետաքրքիր աշխատանք է ստացվել, եւ շուտով լույս է տեսնելու: Իմ ընթերցած վերջին գրքերն էլ հիմնականում վերաբերվում են Հայոց ցեղասպանությանը եւ այդ համատեքստում պատմական իրադարձություններին, անհատների վկայություններին:
Իսկ ընդհանրապես Ֆրանսիայում կա այսպիսի սովորություն՝ հաճախ շենքերի բնակիչները ստեղծում են փոքր գրադարաններ ու իրենց տրամադրության տակ եղած գրքերը դնում են այնտեղ, որ դրանք բոլորի համար հասանելի լինեն: Ես էլ առիթից օգտվեցի մեկուսացման պայմաններում եւ սկսեցի ֆրանսերենով ընթերցել որոշ ստեղծագործություններ, որոնք ժամանակին կարդացել էի: Դրանց թվում են Էմիլ Զոլայի գրքերը»:
Արդյոք իրեն համարո՞ւմ է հաջողակ: Այս հարցին է պատասխան էլ Աննա Մաթեւոսյանն ասում է. «Անկախ այն դժվարություններից, որ կան ու կլինեն իմ կյանքում, ես այնուամենայնիվ, հաջողակ եմ, որովհետեւ ունեմ ազատություն՝ ընտրելու ինձ շրջապատող մարդկանց, անելու այն աշխատանքը, որ ինձ դուր է գալիս, անել այն, ինչը չի հակասում իմ սկզբունքներին…Հաջողության գրավականներից մեկն այն է, որ կախյալ չես, կարողանում ես տնօրինել կյանքդ՝ ըստ քո ցանկության եւ դիմադրել բոլոր դժվարություններին՝ չկորցնելով սեփական եսդ: Հաջողակ եմ նաեւ, որովհետեւ ունեմ շատ ծրագրեր եւ հնարավորություններ դրանք իրականացնելու»:
Աննա Մաթեւոսյանն իրեն երջանիկ մարդ է համարում, ասում է երջանկությունը սուբյեկտիվ երեւույթ է, ոչ մնայուն իրավիճակ, օրինակ, երջանկությունն այն է, երբ դու ներդաշնակության մեջ ես քո իրական կյանքի եւ մտքերի հետ՝ անկախ դժվարություններից. « Ինձ համար երջանկությունն ակնթարթներ են, պահեր ժամեր, որ անցկացնում ես քո սիրելի մարդկանց հետ, երջանկություն է նրանց երջանկացնելը… Երջանկություն է սիրել կյանքը, վայելել այն եւ ընդունել որպես պարգեւ, եւ գիտակցել, որ եթե այսօր ինչ-որ դժվարություններ կան, վաղվա օրը լի է լինելու անակնկալներով եւ հաճելի պահերով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Աննա Մաթեւոսյանի ֆեյսբուքյան էջից:


















































