Արցախի Մարտունիում մարտական գործողությունները լուսաբանող եւ գրադի հրետակոծության տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաեւ 24News.am-ի նկարահանող խումբը։ 24News.am-ից տեղեկացնում են, որ իրենց լրագրող Սեւակ Վարդումյանն ու օպերատոր Արթուր Հարությունյանն էին տեղում աշխատել։ Սեւակ Վարդումյանը թիկունքից բեկորային վիրավորում է ստացել, նրան տեղափոխում են հիվանդանոց, օպերատորը չի տուժել, սակայն նրա ավտոմեքենան ամբողջությամբ վնասվել է։ Սեւակ Վարդումյանի վիճակը, ըստ 24News.am-ի, ծանր չէ, նա գիտակցության է։
Արդեն տեղեկացրել ենք, որ լրագրողների խմբում են եղել ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողներ Ալան Կավալը և Յաղոբզադե Ռաֆայել Շարլզըը ու «Արմենիա» ՀԸ-ի օպերատորը, որոնք եւս վիրավորում են ստացել։ Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին Մարտունի քաղաքում կրակահերթի տակ է ընկել։
Լրագրողներին Արցախում ուղեկցող, անկախ լրագրող Հերմինե Վիրաբյանը «Հետք»-ի հետ զրույցում ասել է, որ լրագրողների խմբին ուղեկցող Մարտունի քաղաքի բնակիչը հրետակոծության ժամանակ զոհվել է
Կարդացեք նաև

«Բարեբախտաբար, հարեւանությամբ ապաստարան կար եւ մենք բոլորս վազեցինք այնտեղ պատսպարվելու։ Լա Մոնդի լրագրողները մեկ այլ ավտոմեքենայում էին»,-պատմել է Ելովսկին։
Նա նաեւ նշել է, որ Մարտունիի կենտրոնում, որտեղ գտնվում էին լրագրողները, կային նաեւ խաղաղ բնակիչներ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































