«Երեխաս նկարներ է նկարում, որտեղ սպանված զինվորներ են, տանկեր», «Փոքրիկ աղջիկս սկսել է թուրք զինվորներին սպանելու մասին խոսել, երևակայությունն այդ ուղղությամբ է ամբողջ օրն աշխատում», «Երկու որդի ունեմ, երկուսն էլ տանը կռիվ-կռիվ են խաղում ու իբր թուրքերի դեմ են կռվում, մեկը թուրքի դեր է խաղում, ընկնում է գետնին, եղբայրը գալիս ուրախացած գոռում է՝ թուրքին սպանել եմ, սպանել եմ»,- Aravot.am-ի հետ զրույցում մի շարք ծնողներ իրենց մտահոգությունը հայտնեցին, թե պատերազմի այս օրերին իրենց երեխաներն ինչ տրամադրվածություն ունեն, ինչի մասին են մտածում:




Հոգեբանին փոխանցեցինք՝ որոշ ծնողներ մտահոգված են, որ իրենց երեխաները սպանված զինվորներ են նկարում, սպանության մասին խոսում և խնդրեցինք նրանց խորհուրդ տալ՝ ինչպե՞ս վարվել երեխաների հետ, նա պատասխանեց. «Եթե երեխաները ցանկանում են խոսել, պարտադիր ծնողները թույլ պիտի տան, որ նրանք արտահայտվեն, ոչ թե ասեն՝ սուս, չի կարելի խոսել, ձայն չհանես, մի արտահայտվիր: Եթե երեխան խոսում է, ուրեմն դրա կարիքն ունի: Ցանկացալի է թողնել, որ երեխան հանգիստ արտահայտվի, եթե նկարում է, ուրեմն ինքն այդ թեմայի վերաբերյալ շատ է մտածում, շատ է տանջվում»:
Կարդացեք նաև
Հոգեբանը դրական է համարում այն, որ ծնողները երեխաներին զինվորական համազգեստով նկարում են և այդ տեսաուղերձները տեղադրում սոցցանցերում: Ըստ նրա՝ այդ ուղերձները ուժ են տալիս զինվորներին, ոգևորում:
Հարցին՝ իսկ ի՞նչ անել, երբ երեխաների բառապաշարում սպանության կոչեր են հայտնվում, երբ նա երևակայում է, որ թուրքերին սպանում է և այլն, հոգեբանը պատասխանեց. «Բնականաբար, երեխաներին չենք կարող զերծ պահել նման տեղեկություններից, որ սպանում են, բայց, բնականաբար, երեխաները տեղեկացված են, որ պատերազմի դաշտում իրար սպանում են: Ծնողները նրանց պետք է բացատրեն այդ ամենը, սակայն երեխաներին իրականությունից կտրել պետք չէ»:
Լիլիթ Սայադյանը խորհուրդ է տալիս ծնողներին այս օրերին, երբ երեխաներն ավելի հուզական են դարձել, հաճախ գրկախառնվել նրանց հետ, քանի որ զգալով ծնողի ջերմությունը, երեխան կսկսի իրեն ավելի ապահով զգալ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մանկական նկարները՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից


















































