Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը միտումնավոր չի համաձայնվում մարդասիրական հրադադարի, որովհետեւ ունի բազմաթիվ զոհեր եւ չի ցանկանում այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին». Արտակ Բեգլարյան

Հոկտեմբեր 24,2020 12:53

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այսօր ներկայացրեց պատերազմի առաջին օրերից կատարած վերլուծության արդյունքները: Նրա խոսքով, սեպտեմբերի 27-ից ի վեր 37 քաղաքացիական զոհ եւ առնվազն 118 քաղաքացիական վիրավոր ունենք: Վիրավորներից մեկն այս գիշերն է հայտնաբերվել՝ Ավետարանոց գյուղում՝ ադրբեջանական հրթիռակոծության հետեւանքով:
Նախնական վերլուծությամբ 10500-ին մոտ մասնավոր սեփականություն՝ բնակարան, տուն, խանութ վնասվել է կամ ամբողջությամբ ոչնչացվել է:

1500-ից ավելի ենթակառուցվածքային միավոր է վնասվել կամ ոչնչացվել՝ այդ թվում հանրային ու արտադրական օբյեկտներ եւ 1100-ից ավելի շարժական գույք է վնասվել, մասնավորապես՝ ավտոմեքենա: Պարոն Բեգլարյանն ասաց, որ այս թվերը մոտավոր են եւ ճշգրտման կարիք ունեն: Կախված ռազմական գործողությունների շարունակականությունից՝ հնարավոր չէ ավելի մանրամասն  ճշգրտված տվյալներ ներկայացնել:

«Զոհեր եւ վիրավորներ կան հատկապես այն բնակավայրերում, որտեղ մուտք են գործել ադրբեջանական դիվերսիոն խմբերը: Սակայն պայմանավորված ռազմական գործողությունների շարունակմամբ անհնար է վերջնական ճշգրտված թվեր այս պահին ներկայացնել: Ռիսկը մեծ է՝ հաշվի անելով Հադրութի դեպքը՝ երկու քաղաքացիական անձանց սպանությունը, ռիսկը մեծ է, քանի որ տվյալ բնակավայրերից, մեր տեղեկություններով, անհայտ կորած քաղաքացիական անձիք կան»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով, վտանգը մեծ է, որ այդ քաղաքացիական անձիք զոհվել են, նույնիսկ ենթարկվել են խոշտանգումների կամ մի շարք այլ ռազմական հանցագործությունների:

Արտակ Բեգլարյանն անդրադարձավ նաեւ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծմանն ու հրետակոծմանը: Ասաց, որ Ադրբեջանը վերջին օրերին էլ ռմբակոծում կամ ավիացիոն ռումբերով հրթիռակոծում է մի շարք բնակավայրեր. «Հիմնականում կանոնավոր կերպով թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները եւ նրանց հարակից բնակավայրերը: Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր նույնպես հրթիռակոծության է ենթարկվել:

Որոշակի պարբերականությամբ նաեւ Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում, նրանք կիրառել են «պոլոնեզ» տիպի հրթիռներ եւ թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ՝ ներառյալ ենթակառուցվածքներ եւ արտադրական նշանակության օբյեկտներ: Վնասվել է գազատար խողովակ, բնակելի տներ: Ստեփանակերտի վրա երեկվա հարձակումը նույնպես Ժնեւյան կոնվենցիայի կոպիտ խախտում է եւ հանցագործություն, զոհեր, բարեբախտաբար, չկան, բայց մեծ նյութական վնասներ են արձանագրվել»:

Արտակ Բեգլարյանի խոսքով, վերջին օրերին սոցիալական մեդիայում տարածվում են նյութեր ու լուսանկարներ, որոնք հիմնականում հավաստի են, որտեղ ներկայացված են տարբեր տիպի պատերազմական հանցագործություներ: «Այդ տեսանյութերում դիակների ու ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր են, նաեւ ռազմագերիներին հանրային հետաքրքրության առարկա դարձնելու դեպքեր: Նրանք ռազմագերիների նկատմամբ կիրառում են ե՛ւ ֆիզիական, ե՛ւ հոգեբանական ճնշման միջոցներ, որպեսզի նրանց օգտագործեն ադրբեջանական թեզերը առաջ տանելու համար, ինչը խախտում է միջազգային նորմերն ու մարդասիրական իրավունքի դրույթները»:

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ այս կարեւոր խնդրին պետք է միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի. «Որպեսզի հետագայում կանխարգելվի եւ ապահովվի ռազմագերիների պաշտպանությունը Ադրբեջանում: Նաեւ այլ զինծառայողների դիակների մասով բացառեն հետագա իրավախախտումները եւ ոտնձգությունները»:

Արտակ Բեգլարյանի խոսքով, Ադրբեջանն արդեն երկու անգամ հրաժարվել է հրադադարը պահելուց, ինչի հետեւանքով հայ եւ ադրբեջանցի զինծառայողների դիակները հնարավոր չի լինում մարտի դաշտից տեղափոխել եւ նաեւ փոխանակել ու հասցնել իրենց ընտանիքներին, ինչը անմարդկային գործելաոճ է: «Ադրբեջանը միտումնավոր չի համաձայնում մարդասիրական հրադադարի պահպանմանը, որովհետեւ ունի բազմաթիվ զոհեր եւ չի ցանկանում այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, որը կարող է մեծ ռեզոնանս առաջացնել ադրբեջանական հասարակության մեջ»,-ասաց Արտակ Բեգլարանը:

Նրա խոսքով, Ադրբեջանը շարունակում է թիրախավորել կենսական նշանակության ճանապարհները եւ այլ ենթակառուցվածքներ, որպեսզի խորացնի հումանիտար աղետն Արցախի բնակչության շրջանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031