Ուսանողները ներկայացնում են իրենց մտածումները
Պատերազմը միայն սահմանին չէ, այն միայն զինվորականինը չէ։ Պատերազմն ավելի ցավոտ է մեր ներսում, երբ մտքերդ տակնուվրա է անում, բառերի ու հույզերի փոթորիկ բարձրացնում։ Այս օրերին բոլորս սովորում ենք։ Զգալով հոգեկան ճնշում ու ծանրություն՝ դժվար է դասեր չառնել։ Զրուցակիցներս երիտասարդներ են, ճիշտ այն նույն տարիքի, որ մեր զինվորներն են։ Նրանք էլ հաստատեցին, որ տարբեր մտքեր են ունեցել, կյանքը վերարժեւորել ու շատ բան են հասկացել։ Խնդրեցի՝ պատմեն այն մասին, թե ինչպես է պատերազմը փոխել իրենց, ինչ է սովորեցրել։
Թերեզա Հովհաննիսյան, ԵՊՀ ուսանող.- Այս օրերին հասկացա, թե որքա՜ն թանկ է հայրենիքն ինձ համար, որքա՜ն շատ եմ սիրում Հայաստանը։ Ինձ մեղավոր եմ զգում, որ անգամ մի պահ մտածել եմ այն լքելու մասին։ Հասկացա, որ անդադար բողոքելը, թե կյանքն անհետաքրքիր է ու տխուր, հիմարություն է, որովհետեւ այս պահի հետ համեմատ մեր կյանքի մեծ մասն իրականում այդքան էլ վատը կամ տխուր չի եղել։
Պատերազմը ստիպեց ինձ ավելի գնահատել ժամանակը, շուրջս կատարվող երեւույթները, հասկացա, որ ավելի շատ ժամանակ պետք է հատկացնեմ հարազատներիս, ընկերներիս, հատկապես ընտանիքիս անդամներին, հասկացա, որ ավելի շատ պետք է ճանապարհորդեմ Հայաստանով ու Արցախով։ Գիտեմ, որ պատերազմից հետո ո՛չ ես, ո՛չ էլ որեւէ այլ հայ էլ առաջվանը չենք լինելու։
Կարդացեք նաև
Անի Ավագյան, ԵՊՀ ուսանող– Միայն այն, որ մենք այստեղ հանգիստ քնում ենք, աշխարհի ամենալավ բանն է։ Այն, որ դու քո հարազատին կարող ես զանգել, այն, որ ողջ է նա, արդեն հերիք է։ Ես չգիտեմ՝ ինչ է պատերազմը, ես ուղղակի լսում եմ պատերազմի մասին, բայց գիտեմ, որ հիմա իմ առօրյա կյանքից մի փոքր էլ բողոքելու իրավունք չունեմ։
Ես շատ մարդ եմ կորցրել, ես եղբայր ու հարազատներ ունեմ սահմանին ու չգիտեմ՝ իրենցից քանիսն են հետ գալու կամ քանիսն են ամբողջությամբ գալու։ Շատերն էլ ընդհանրապես չեն գա, որովհետեւ էլ չկան։ Ես չեմ ուզում սա տեսնել նորից, ես չեմ ուզում, որ իմ երեխեքը տեսնեն սա։
Նանե Գեւորգյան, ՀՊՏՀ ուսանող- Սրանից առաջ 18-20 տարեկան տղաներին նայում էի որպես երեխայի թե արտաքինից, թե շատերը մտածելակերպով ինձ փոքր են թվացել։ Իրականում իրենք երեխաներ չէին, հերոսներ էին բոլորը անխտիր։ Այսուհետ համոզված եմ, որ նրանց ես այլեւս երեխաների աչքով չեմ նայելու։ Շատ բան սովորեցինք պատերազմի օրերին, սովորեցինք ապրել մի զանգով, հանգիստ շունչ քաշել նրա ձայնը լսելով, սովորեցինք լացել անծանոթի համար, սովորեցինք, ցուցակում ծանոթ անուն չգտնելով, թեթեւանալ…
Պիտի միշտ հիշենք, որ վերեւից մեզ նայող լիքը տղաներ կան, ովքեր պետք է մեզանով հպարտանան, ուրախանան մեր այստեղ ճիշտ ապրելու համար։ Մենք բոլորս պարտավոր ենք մերի փոխարեն նաեւ իրենց կյանքը ապրել։
Մուշեղ Կուրեխյան, ԵՊՀ ուսանող- Ես միշտ ասել եմ, որ պիտի ապրել այնպես, ինչպես դու ես ուզում։ Պետք չի ապրել ուրիշների քմահաճույքներով, ուրիշների համար։ (Լսվում է շտապօգնության մեքենայի ձայնը)։ Ես հասկացա, որ այն մարդիկ, որոնց չեմ ճանաչում, ինձ ավելի հարազատ են դարձել, իսկ այն մարդիկ, որ ճանաչում եմ ու ներկա պահին մեր կողքին չեն, ուղղակի թանկ են եղել։
Երբ դու տեսնում ես այն տղայի նկարը կամ այն անուն-ազգանունը մահացածների ցուցակների մեջ, ում հետ մի ամբողջ ամառ քրտնաջան աշխատել ես ճամբարում ու գործ ես արել… Մենք իրար հետ շատ երեխաների ենք կրթել, երկուսս էլ ջոկատավար ենք եղել, իսկ այսօր ինքը չկա, միացավ այն հերոս տղերքին, որ մահացել են հանուն հայրենիքի։ Կյանքը պիտի վերարժեւորել հայրենիքով։
Այն ժամանակ, երբ պատերազմ չկար ու ապրում էինք խաղաղ, լսում էինք՝ օրինակ, Շիրակի մարզում ավտովթար է եղել, մի 40 անց տղամարդ մահացել է, մենք ծանր էինք տանում. «վայ, 40 տարեկան տղամարդ, ով ունի երկու երեխա, մահացել է»։ Բայց հիմա արդեն անունները տեսնելիս, չեմ ուզում այս բառն օգտագործեմ, բայց … Պատերազմը ինձ դարձրեց ավելի սառնասիրտ, ավելի սթափ դատող ու ինչու չէ՝ նաեւ հենց տվյալ պահին այդ գործը անող. եթե այդ գործողությունը ճիշտ համարեմ, կանեմ առանց հետեւանքների մասին մտածելու։
Երբ փոքր երեխան այրում է ձեռքը տաք բաժակին դիպչելիս, հաջորդ անգամ հիշում է, որ պիտի զգուշանա։ Պատերազմն՝ իր ողջ դաժանությամբ տեսնելուց հետո, վաղը մենք ավելի ուժեղ ենք լինելու։
Պատրաստեց
Միլենա ՄՈՎՍԵՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
04.11.2020