Լրահոս
Օրվա լրահոսը

Կանոնավոր աղոթքը բարելավում է գլխուղեղի աշխատանքը, դրական մտքերը՝ կյանքը

Նոյեմբեր 11,2020 23:30

Aravot.am-ի «Ֆեմինի» նախագծի շրջանակներում անդրադարձել ենք մտքի առողջությանը․ մեր օրերում, երբ մեր հայրենակիցները փորձում են հաղթահարել կորստի, անելանելիության, հուսալքության, տագնապի և այլ զգացողություններ, կարևոր է հիշել մտքի զորության մասին, որը անտեսանելի ու անշոշափելի, բայց ամենանյութական երևույթն է, որը ոչ միայն կարող է ազդել տրամադրության կամ առողջության փոփոխության վրա, այլև ողջ կյանքի։

Մեր օրգանիզմում նեյրոհաղորդիչները (նեյրոտրանսմիտերներ -կենսաբանորեն ակտիվ քիմիական նյութեր, որոնք սինապսային խոռոչով մի նյարդաբջջից մյուսը ազդանշաններ են տեղափոխում՝ խմբ․) վերահսկում են գրեթե ամեն ինչ՝ հորմոնների ու ֆերմենտների աշխատանքը, զգացմունքներն ու զգացողությունները, մտքերը։ Հետազոտությունների համաձայն՝ մտքերի շնորհիվ մարդիկ ավելի ուժեղ ու դիմացկուն կարող են դառնալ։ Պլացեբոյի էֆեկտը հենց դրա վկայությունն է։

Մտքի ուժը զորավոր է, արդեն կան բավականաչափ ապացույցներ, որ մտքի շնորհիվ կարելի է․

• հաղթահարել հոգնածությունն ու տագնապի զգացումը,
• ամրացնել իմունային համակարգը,
• կարգավորել հորմոնների աշխատանքը։

Իր մտքերի շնորհիվ մարդը կարող է փոխել իր կյանքն ու օրգանիզմում տեղի ունեցող գործընթացները։ Միտքը նյութական հզոր էներգիա է, որն ազդում է նաև շրջապատի վրա։

Նեյրոքիմիական գործընթացները, որոնք խթանում են մտքերը, կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ։ Օրինակ, երբ մարդն աղոթում կամ մեդիտացիա է անում, օրգանիզմում սկսում է դոֆամին կամ նորադրենալին արտադրվել։

Մտքերը փոփոխություններ են կատարում գլխուղեղում

Անցկացվել է հետազոտություն, որի շրջանակներում սիրահարված ուսանողներին ցույց են տրվել իրենց զույգի լուսանկարն ու ֆիքսել նրանց գլխուղեղում տեղի ունեցող փոփոխությունները։ Լուսանկարը տեսնելու պահին հետազոտության մասնակիցների գլխուղեղում ակտիվացել է պոչավոր կորիզի հատվածը, որը պատասխանատու է հաճույքի համար։ Իսկ երբ լուսանկարը հեռացրել են, ապա այդ գոտու ակտիվությունը նվազել է։

Ցանկացած տեղեկատվություն կարող է փոփոխություններ հարուցել գլխուղեղում։ Տեղեկատվությունը էլեկտրական ազդակների տեսքով շարժվում է նյարդային համակարգով և այդ ազդանշանների խտությունը կախված է մարդու կենտրոնացվածությունից։

Հենց սկսում ենք մտածել ինչ-որ բանի մասին՝ որոշակի նեյրոններ են ակտիվանում, իսկ երբ անընդհատ մտածում ենք ինչ-որ կոնկրետ բանի մասին, ապա փոփոխության է ենթարկվում գլխուղեղի կառուցվածքը, նեյրոնների միջև կապն ավելի է ամրապնդվում։

Դրա հաշվին տարբեր նեյրոհաղորդիչների միավորման համար ներգրավվում են ավելի շատ ընկալիչներ, այսինքն մենք նոր հմտություն ենք ձեռք բերում։ Կան ապացույցներ, որ կանոնավոր աղոթքի կամ մեդիտացիայի շնորհիվ փոխվում է գորշ նյութի ծավալն ու բարելավվում գլխուղեղի տարբեր հատվածների միջև կապը։

Մտքերն ազդում են բջիջների վրա

Բջիջների վրա մտքի ազդեցությունը գիտնականները բավականին մատչելի են բացատրում։ Բջիջն օժտված է մի քանի ընկալիչներով, որոնցից յուրաքանչյուրը հատուկ է կոնկրետ սպիտակուցի կամ պեպտիդի համար։ Երբ մենք հուզվում կամ ուրախանում ենք, որոշակի նեյրոպեպտիդներ են արտադրվում, որոնք օրգանիզմում շարժվելով՝ միավորվում են համապատասխան ընկալիչների հետ, ինչն էլ փոփոխության է ենթարկում բջիջը։

Բջիջների բաժանման գործընթացն ավելի հետաքրքիր է․ եթե մի բջիջը մյուսների համեմատ ավելի շատ է ենթարկվում որևէ պեպտիդի ազդեցությանը, ապա բաժանման ընթացքում ձևավորված նոր բջիջներն ավելի շատ ընկալիչներ են ունենում տվյալ պեպտիդի նկատմամբ։ Այսինքն եթե անընդհատ մտածում ես բացասականի մասին, արդյունքում բջիջները շատ զգայուն են լինում բացասական զգացմունքների նկատմամբ ու ավելի քիչ ընկալիչներ են ունենում դրական էմոցիաների համար։

Մոտավորապես երկու ամիսը մեկ բջիջները փոփոխվում են (բացառությամբ աղիքների ու ստամոքսի բջիջների, որոնք փոխվում են երկու շաբաթը մեկ և ոսկորների բջիջների, որոնք կես տարին մեկ են փոխվում)։ Դա լավ է այն առումով, որ «հոռետես բջիջները» կարող են դառնալ լավատես։

Մտքերը կարող են ազդել նաև գեների վրա

Շատերը ենթադրում են, որ գեները բնածին են ու դրանք փոփոխել հնարավոր չէ։ Սակայն գեների ակտիվությունը կարող է փոփոխվել՝ կախված կենսակերպից։ Այսինքն՝ գեները չեն փոխվում, սակայն դրանց ակտիվությունը փոփոխվում է։

Ենթադրվում է, որ գեների մուտացիաների միայն 5% -ն է առողջական խնդիրների պատճառ համարվում։ Իսկ 95%-ի վրա ազդում են ամենատարբեր գործոններ։

Եվ թեև մենք չենք կարող փոխել այն գեները, որոնք մեզ տրվել են ի ծնե, բայց կարող ենք մտքի միջոցով ուղղորդել մեր «գեների աշխատանքը»։

Որքան լավը լինեն մտքերը, այնքան արագ կփոխվի օրգանիզմն ու կյանքն՝ ընդհանուր առմամբ։ Ուստի եթե ցանկանում ենք ապրել այն կանքով, որի մասին երազում ենք, պետք է նախ փոխենք մեր մտքերը, որոնք էլ իրենց հերթին կազդեն մեր գլխուղեղի, բջիջների ու գեների վրա։

Հ․ գ․ Իսկ վաղվա հաղթանակների մասին պետք է մտածել այսօր։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

ԱՂԲՅՈՒՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30