Լրահոս
Օրվա լրահոսը

Գերչակի յուղը՝ փորկապության դեմ պայքարող միջոց

Մայիս 10,2024 09:30

Գերչակի յուղը կարող է օգտակար լինել փորկապության դեմ պայքարում, քանի որ ունի աղիները խթանող, լուծողական ազդեցություն, սակայն այս միջոցը խորհուրդ չի տրվում օգտագործել որոշ հիվանդություններ ունեցող մարդկանց, որոշակի դեղամիջոցների ու գերչակի յուղի համադրությունը նույնպես ցանկալի չէ։

Գերչակի յուղը ստանում են տզկանեփ բույսից։ Որպես լուծողական միջոց գերչակի յուղը մարդիկ օգտագործել են դեռևս հազարամյակներ առաջ, սակայն գիտնականները վերջերս են սկսել հետազոտել այդ յուղի ազդեցությունն օրգանիզմի վրա։

Արդյունքում հայտնաբերվել է, որ գերչակի յուղի հիմնական բաղադրամաս համարվող ռիցինոլաթթուն կապվում է աղիների պատերի հարթ մկանային բջիջների ընկալիչների հետ։

Երբ ռիցինոլաթթուն ներծծվում է այդ ընկալիչների մեջ, ստիպում է մկաններին կծկվել ու դուրս մղել կղանքը, նմանատիպ ազդեցություն են գործում նաև լուծողական այլ դեղամիջոցները։

Նշվում է, որ գերչակի յուղը նմանատիպ ազդեցություն է գործում նաև արգանդի վրա և կարող է ծննդաբերական գործընթացը խթանող ազդեցություն ունենալ։

Գերչակի յուղի օգտագործումը

Մեծահասակներն ու 12 տարեկանից բարձր երեխաները փորկապությունը թեթևացնելու համար օրական կարող են ընդունել 1-4 ճ․ գդ․ գերչակի յուղ։

Այս միջոցը բավականին արագ է ազդում՝ ընդունելուց հետո 6-12 ժամվա ընթացքում, սակայն ինչպես և այլ լուծողականները, այնպես էլ գերչակի յուղը խորհուրդ չի տրվում ընդունել երկար ժամանակ, քանի որ գնալով այն կարող է նվազեցնել աղիների մկանային տոնուսն ու հանգեցնել քրոնիկ փորկապության։ Եթե փորկապությունը երկար ժամանակ չի անցնում, ապա պետք է դիմել բժշկին՝ խնդրին արդյունավետ լուծում գտնելու համար։

Ինչպես նշվեց վերևում, որոշ մարդկանց և որոշ դեպքերում խորհուրդ չի տրվում գերչակի յուղի օգտագործումը, այդ թվում՝

  • հղի կանանց, քանի որ այն արգանդի կրճատումներ կարող է առաջացնել,
  • մինչև 12 տարեկան երեխաներին,
  • հետևյալ հիվանդություններն ունեցող մարդկանց՝ աղիների բորբոքային հիվանդություններ, որդանման ելունի բորբոքում,
  • 60 տ․-ից բարձր անձանց, քանի որ գերչակի յուղը կարող է բարդացնել աղիների խնդիրները։

Գերչակի յուղի օգտագործումը նաև նպատակահարմար չէ, եթե մարդն ընդունում է հետևյալ դեղամիջոցները՝

  • միզամուղներ,
  • հակաբիոտիկներ, այդ թվում՝ տետրացիկլին,
  • արյունը նոսրացնող միջոցներ։

Տհաճ համից բացի գերչակի յուղը, ինչպես և մյուս լուծողականները, ունի մի շարք կողմնակի ազդեցություններ․ կարող է առաջացնել կծկանքներ ու փորլուծություն, իսկ չափից ավելի երկար օգտագործվելու դեպքում՝ նվազեցնել աղիներից սննդանյութերի ներծծումը։

Փորկապության հիմնական պատճառները

Շատ հաճախ փորկապության պատճառը կապվում է սննդակարգի հետ, սակայն որոշ հիվանդություններ նույնպես կարող են փորկապությամբ ուղեկցվել, օրինակ՝

  • ցրված սկլերոզը,
  • Պարկինսոնի հիվանդությունը,
  • կաթվածը,
  • դիաբետը,
  • հիպոթիրեոզը,
  • երիկամները քրոնիկ հիվանդությունը,
  • աղիների խնդիրները,
  • աղիների քաղցկեղը և այլն։

Որոշ դեղամիջոցներ ևս կարող են փորկապություն առաջացնել, դրանց թվում են՝

  • անտացիդները,
  • հակացնցումային դեղամիջոցները,
  • զարկերակային ճնշումն իջեցնող դեղորայքը,
  • երկաթ պարունակող հավելումները,
  • թմրամիջոց պարունակող ցավազրկողները,
  • որոշ հակադեպրեսանտներ։

Հղիության ընթացքում առաջացող հորմոնալ փոփոխությունները ևս կարող են փորկապության պատճառ դառնալ։ Տարիքի հետ նույնպես կարող է նկատվել քրոնիկ փորկապության զարգացում։

Փորկապության կանխարգելումը

Փորկապությունը կանխարգելող արդյունավետ միջոցներ են բջջանյութով հարուստ սննդակարգը, ֆիզիկական վարժությունները, պետքարանից ամեն օր նույն ժամին օգտվելը և, իհարկե, բավականաչափ ջուր խմելը։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Healthline

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031