Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր Արցախն է, վաղը՝ Սյունիքն է, հաջորդ օրը Երեւանն է». Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիայի ակտի մասին

Նոյեմբեր 11,2020 22:50

«Առաջարկվող տեսակետերը քննարկելի են, բայց իրավական կամ այլ ուղիներ, շատ արագ իրավիճակը շտկելու, ինձ համար, ցավոք, տեսանելի չեն: Շատ ռուբիկոններ են անցել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնությանը:

Հիշեցնենք, որ այսօր 17 ընդդիմադիր կուսակցությունները հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Հանրահավաքը շարունակվում է Բաղրամյան փողոցում: Ցույցի մասնակիցները պահանջում են, որ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայանան խորհրդարան եւ արտահերթ նիստ անցկացնեն:

Ստորագրված համաձայնությունը թուրքագետը համարում է խայտառակություն՝ բոլոր առումներով. «Իհարկե, կոպիտ գնահատականները կարող են լինել մի քիչ էմոցիոնալ, բայց սա տարբեր առումներով դավաճանություն է. դավաճանություն է ոճի առումով, դավաճանություն է բնույթի առումով: Բացի այդ, կան նաեւ հեռահար գնացող վտանգներ: Մասնավորաբար, Մեղրիով Նախիջեւանը կապելու ճանապարհ տալը»:

Հիշեցնենք, այդ համաձայնության 9-րդ կետի համաձայն, ՀՀ-ն Ադրբեջանին հնարավորություն է ընձեռում Մեղրիի տարածքով Նախիջեւանի հետ կապ հաստատելու համար. «Հայաստանի հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը»:

«Ցանկացած թուրքագետ, անգամ ուսանող, գիտի, որ դա թուրքական դարավոր երազանքն է՝ Նախիջեւանի եւ Ադրբեջանի ցամաքային կապը: Եթե համաձայնվում ենք նման տարբերակների, ապա դա մեկնաբանել, որպես հայանպաստ, հայաստանանպաստ, որեւէ մեկը չի կարող»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ այս հայտարարությունը եւ այս իրավիճակը գնահատելով Հայաստանի հանրապետության պատմության «ամենախայտառակ, ամենամտահոգիչ եւ ամենաստորացուցիչ դրվագներից մեկը». «Անկախ քաղաքական կողմնորոշումներից: Այստեղ չկա քաղաքական կողմնորոշում, այստեղ կա պատմական հիշողություն, այստեղ կա ներդրում՝այս երկրի կայացման համար եւ այս մեթոդը, այս մոտեցումն անընդունելի է: Չգիտեմ, իրավական ի՞նչ մեթոդներ կլինեն, բայց այն, որ ժողովուրդը պետք է իր իրավացի ցասումի ձայնը բարձրացնի եւ դա իր բնական իրավունքն է: Դա ներկայացնել, որպես քաղաքական խնդիր, դա նույնպես բարոյական սահմանների հատում է»:

Հարցին՝ արդյոք այս համաձայնությամբ նաեւ իրավական հիմքեր են ստեղծվում Ալիեւի՝ Երեւանում թեյ խմելու կամ Սեւանում ոտքերը լվանալու նկրտումների համար, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց. «Որպես թուրքագետ կարող եմ ասել՝ թուրքական նկրտումները չունեն սահմանափակումներ, թուրքական նկրտումներն ունեն միայն աճելու, ավելանալու միտումներ ունեն: Եվ եթե թվում է, որ այս ամենով կսահմանափակվի, չարաչար սխալվում են այդ մարդիկ: Հաջորդ թիրախներն արդեն ակնհայտ են. նույն Մեղրիի ճանապարհով Սյունիքը կտրելը հաջորդ նպատակն է: Եվ եթե մի երկրի նախագահ բազմիցս հայտարարում է, որ Երեւանը անգամ ադրբեջանական քաղաք է, Հայաստանը կեղծ պետություն է, ապա հույս ունենալ, որ կդադարի ինչ-որ մի կետի վրա, դա սխալմունք է: Այսօր Արցախն է, վաղը՝ Սյունիքն է, հաջորդ օրը Երեւանն է: Այստեղ Հայաստանի պետականության գոյության հարցն է: Թուրքին ճանաչողի, Թուրքիան ճանաչողի համար սա աքսիոմատիկ ճշմարտություն է: Սա ոչ թե այս պահի վտանգ է, այլ սա գոյութենաբանական վտանգ է Հայաստանի, հայության համար»:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30