Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես կռիվ եմ տվել հողի ու տղերքի համար, եթե պետք լինի` ամբողջ կյանքս կկռվեմ». Սուրեն Ղազարյան

Մայիս 05,2024 11:00 Share

Սուրենը 44-օրյա պատերազմի մասնակից է, բայց երբեք չի սիրում խոսել կռվից, քանի որ. «Չեմ սիրում, երբ խոսում եմ կռվից՝ թե ինչ եմ արել, երբ եմ կռվել ու ինչպես եմ կռվել, որովհետև տեսակով ավելի լուռ եմ, և սիրում եմ տեսածս ու լսածս ինձ մեջ պահել, շատ է եղել, որ հրավիրել են հարցարույցի, բայց մերժել եմ, դե ես էլ հիմա էս տեսակն եմ, ի՞նչ անենք»։

Սուրենը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, սովորում է Երևանի պետական համալսարանի միջազգային  հարաբերությունների ֆակուլտետում, երրորդ կուրսում է, քանի որ ընդունվելուց 3 ամիս հետո մեկնել է ծառայության, ծառայել է ԼՂՀ-ի Իվանյանի զորամասում։

«Կռվի առաջին օրից դաշտում չեմ եղել, մի փոքր ուշ եմ մեկնել ռազմաճակատ, կռվել եմ Մարտունիում և Շուշիի  տարածքում, կռվել ենք մինչև վերջ»,-պատմում է Սուրենը։

Սուրենը համեստորեն ժպտում է, շարունակում է լռել, տևական լռությունից հետո խոսում է․

«Պահ է եկել՝ տղերքը թևաթափ են եղել, ուղղակի չեն ուզել շարունակել, կամ իսկապես հոգնել են պայքարելուց, որովհետև էներգիա անգամ չի եղել, բայց թիկունք ենք նայել, ստացել ենք նամակներ ու առաջ գնացել»,-պատմում է Սուրենը։

Գրպանից հանում է դրամապանակը, հանում 2 թուղթ, մեկը իր արձակման թերթիկն էր, մյուսը՝ կռվի ժամանակ ստացած նամակը։

«Լսի, 6 սիրուն աղջիկներով ստեղ նստած Ձեր համար կոնֆետներ ենք դասավորում։ Դուք էլ կարաք Ձեր նկարներից ուղարկեք մեզ»,- գրված էր նամակում։

Սուրենը չի կարողանում թղթերը նետել, ասում է՝ միշտ նայում եմ, միշտ իրենք ինձ հետ են։

«Հրաման եկավ, որ պետք է հետ գնանք, բայց ես չէի ուզում, քանի որ տարածք ունեի, որ ազատ էր, և կարող էի առաջ տանել մարտը, եղել եմ տանկի հրամանատար, այդ իսկ պատճառով նահանջի փոխարեն առաջ եմ գնացել՝ հասկանալով, որ կարող եմ հանգիստ շրջափակման մեջ ընկնել»,- պատմում է Սուրենը:

Ու կրկին լռում ենք, անհանգիստ կերպով գրպանից հանում է կրակայրիչը, սկսում անհանգիստ շարժել։ Ընկեր է կորցրել, կարևոր մարդ էր իր կյանքում:

Ընկերոջ մայրը շատ է զանգում Սուրենին, հրավիրում իրենց տուն, բայց Սուրենը չի կարողանում գնալ իրենց տուն, չի կարողանում գնալ, նայել ընկերոջ մոր աչքերի մեջ, մտածում է, որ գնա՝ ի՞նչ պետք է ասի։

«Կյանքում չեմ կարողացել ստել, բայց այդ օրերին մորս կարողանում էի խաբել, և, ի զարմանս ինձ, շատ լավ ստացվում էր, ասում էի, որ ապահով տարածքում եմ, ոչ մի վտանգ չկա, բայց հեռախոսը անջատելուց հետո նստում էի տանկս և գնում Շուշիի մատույցների մոտ, Շուշիի համար պայքարելու»,-հիշում է։

Կռվի ժամանակ մի քանի անգամ մահից է փրկվել, բայց մինչև հիմա չի հասկանում, թե ինչպես ստացվեց, որ իրավիճակներից կարողացավ ողջ ու առողջ դուրս գալ։

«Եղել է՝ կրակը  հենց իմ տանկի ուղղությամբ, անգամ վնասվել է շարժման ընթացքում։ 3 տանկ եմ կորցրել, դեպքեր են եղել՝ թշնամին ոտքով փորձել է բարձրանալ տանկի վրա, զգում էի ամեն կրակոց: Հրամանատարը հրաման էր տվել, որ նստենք տանկ, բայց ես տղաներին ասացի՝ սպասեք՝ կրակը դադարի, նոր կնստենք ու զգացի ԱԹՍ, որը տարածքում էր։ Ցրվեցինք ու մինչև խոսքս ավարտելը՝ պայթյուն լսվեց, տեսանք, որ էն տանկը, որը պետք է նստեինք ու մարտ վարեինք, արդեն էլ չկա»։

Սուրենի հայրիկը այդ ժամանակ ոտքը կոտրել էր և չէր կարողացել գնալ և կանգնել տղայի կողքին, մարտնչել հայրենիքի համար, բայց Սուրենը ժպտալով ասում է․

«Պապային տեսնեի՝ կարող է մեքենա գտնեի ու հետ Հայաստան ուղարկեի։ Հայրս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ մասնակցել է, և լավ պատկերացնում էր, թե ինչ է կատարվում, բայց երևի բարին դա էր, թե չէ կողքս կանգնած էր լինելու»։

Սուրենը շարունակում է լռել, ես նույնպես, քանի որ չգիտեմ, թե էլ ինչ կարող եմ հարցնել, որ չցավեցնեմ… ախր Սուրենը չի սիրում իրեն գովել։

Սուրենը ստացել է Արիության մեդալ, բայց էլի համեստորեն խոսում է․

«Մեդալ է, էլի։ Բոլորս էլ արի ենք, բոլորս էլ կռվել ենք։ Բոլորս էլ հայ ծնվելով արդեն իսկ արի ենք»։

Երջանիկ էր նոյեմբերի 9-ին, որովհետև վերջապես ավարտվեց կռիվը, ու էլ ընկեր ու հարազատ չի կորցնի, ում էլ կորցրել է, միշտ հիշում է և խոնարհվում նրանց առաջ։ Շուտով 4 տարին կլրանա, բայց մեկ անգամ է գնացել Եռաբլուր։

«Չեմ կարողանում գնալ, կոկորդս խեղդում է, բաց տարածքում օդ անգամ չի մնում, ինձ թվում է՝ անկանոն շարժում անեմ, կամ բարձր հոգոց հանեմ կարթնանան տղերքը»։

Սուրենը  լռում է և այլևս չի կարողանում շարունակել, աղոթում է, որ հավերժական լինի խաղաղությունը, իսկ եթե Աստված մի արասծե, նորից զենքերը սկսեն խոսել, առանց երկար-բարակ մտածելու կգնա և կկռվի։

«Ես կռիվ եմ տվել հողի ու տղերքի համար, եթե պետք լինի ամբողջ կյանքս կկռվեմ»։

Նինա ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031